ՏՏՀ/Ֆուքսիա
ՖՈՒՔՍԻԱ, ապուզանազգիների ընտանիքի թուփ կամ ծառ։ Տերևները մանր են, հակադիր։ Ծաղիկները նրբագեղ են՝ խոնարհվող բարակ ծաղկակրի վրա։ Տարածված են Ֆ-ի բազմաթիվ մշակովի ձևեր բազմերանգ ծաղիկներով (պսակը պարզ է կամ բազմաթերթ, սպիտակ, երկնագույն կամ մանուշակագույն, իսկ բաժակը՝ հիմնականում կարմիր)։ Ֆ. լավ է աճում կիսաստվերոտ պատուհանի գոգին։ Ամռանը բույսը պետք է առատ ջրել, ջրցողել և պարարտացնել յուրաքանչյուր 10 օրը մեկ։ Ձմռանը, երբ սկսում են տաքացնել բնակարանները, պետք է բույսը տեղադրել զով պատուհանի մոտ՝ միաժամանակ պաշտպանելով այն մարտկոցից փչող տաք օդից։ Ծաղկման շրջանում խորհուրդ չի տրվում բույսը տեղափոխել, որպեսզի կոկոնները չթափվեն։ Ֆ. վերատնկում են գարնանը՝ կավաճմային և հումուսի (կես-կես) հողախառնուրդում ավելացնելով ավազ։ Միաժամանակ էտում են, կտրում ընձյուղները իրենց երկարության 1/3-ի չափով։ Ֆ. բազմացվում է սերմերով և կտրոններով։ Ճիշտ էտելով կարելի է ձևավորել գնդաձև պսակով գեղեցիկ ծառ։