Փետուրից մի հավք պոկվեց ու թռավ,-
Եվ լույսը իրեն պարզեց ցավի մեջ,
Եվ ձենն Օհանի քառսուն լեռ անցավ,
Սուրբ հրեշտակաց կամքը քեզ տարավ,
Ամպը չոքեչոք ուխտ գնաց սարին։
Մարութա կողմեն ձեն իջավ Քիրսին,-
Եվ դու տաճարը դարձար Աստծո,
Եվ վերադարձավ դուռը հույսի մոտ,
Եվ երակն ի վեր կրակը հոսեց,
Գմբեթը քո մեջ տնվորեց իրեն։
ՈՒղին մեկնել է երգը փնտրելու,-
Եվ դեպի արեւ գնաց կամարը,
Եվ մանուկն ելավ եղեգան փողից,
Եվ պատը ցավի զարկից ճեղք տվեց,
Արցախը օրվա վրա լուսացավ։