Jump to content

Քեռի Խեչանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեռի Խեչանը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 91
ծ. ― էջ 753
1910
ՄԵՐՈՆՔ
I
ՔԵՌԻ ԽԵՉԱՆԸ

― Բարի լիս ձեզ:

― Ա՜՜, բա՛րով, բա՛րով, քեռի Խեչան։ Աղջի, չայ բերեք, հաց բերեք, արաղ բերեք քեռի Խեչանի համար։ Է՜, խեր ըլի, քեռի Խեչան, ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, որ դու քաղաք ես եկել։

― Ինչ պետք է պատահի. ձեր կարոտն էինք քաշում։ Ասի՝ մեռնիլ կա, ապրիլ կա, մի գնանք տեսնենք։

― Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, քեռի Խեչան։

Քեռի Խեչանը դեսից-դենից խոսելով թեյ խմեց, հաց կերավ, վերջը լռեց և սկսեց չիբուխ քաշել։

Մին էլ չիբուխը բերանից հանեց, թե՝

― Բա էս ո՞նց պետք է ըլի։

― Ի՞նչը, քեռի Խեչան։

― Էս, որ էրեխին սալդաթ են տանում։

― Չգիտեմ․․․ ես ի՞նչ կարող եմ անել․․․

― Էլ ինչը ո՞րն ա, հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում։

― Դե ասա, ինչ որ կարող եմ անել՝ պատրաստ եմ։

― Ասում եմ՝ գնանք մի մետրիկեն հանենք, տեսնենք ինչ ենք անում։

― Լա՛վ, համեցեք գնանք։

Գնացինք կոնսիստոր։  Դիվանապահին խնդրեցի՝ քեռի Խեչանի ցույց տված թվականի մետրիկական մատյանները հանեց, ման եկանք, քրքրեցինք, քեռի Խեչանի տղեն չկա։

― Էդ ոնց ա, ախպեր։

― Դե չկա, էլի, քեռի Խեչան։

― Հլա մի քանի տարի էլ ցած մտիկ արեք, կարելի՛ ա սխալվել ենք։

Նոր մատյաններ բերինք, ման եկանք, նրանց մեջ էլ չկա։

― Մենք սխալվել ենք․․․ անպատճառ սխալվել ենք, էլի,― կրկին խոսեց քեռի Խեչանը։― Երեխեն իմ հաշվով մեծ պետք է ըլի։ Մթամ պետք է ասեի բարձր մտիկ արեք, ցած եմ ասել։

― Լավ, քեռի Խեչան, բարձր էլ մտիկ կանենք։

Նոր մատյաններ բերինք, նորից ման եկանք։ Դարձյալ չկա։

― Չկա, քահանեն գրել չի։

― Բա էս ո՞նց պետք է ըլի։

― Դե որ չկա՝ ի՞նչ անենք․․․ Գնանք, քեռի Խեչան։

― Գնալով ո՞նց կըլի․․․ հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում։

― Դե ինչ անենք, որ չկա։

Դուրս եկանք։ Մի հիսուն քայլ գնացինք, քեռի Խեչանը կանգնեց։

― Կա՛ց հլա։

― Ի՞նչ կա, քեռի Խեչան։

― Մըթամ էս ո՞ւր եկանք, ո՞ւր ենք գնում։

― Մեր տունն ենք գնում, էլի։

― Ետո էդ էլավ որ․․․

― Բա ի՞նչ անենք։

― Ախր էնտեղից էստեղ քու անունը տվել եմ եկել, հիմի որ գնամ՝ ի՞նչ խաբար տանեմ։

― Դե ի՛նչ անեմ քեռի Խեչան, մատյաններն էն էին, էնքան տարի տեսանք, տակնուվրա արինք․ չկա։

― Ո՞նց թե չկա․ էն ոնց ա ամենի տեղն էլ կա, հենց իմը չկա․․․

― Դե որ էդպես է, ինչ անենք։ Քեռի Խեչանը մինչև տուն բան չխոսեց։

― Հը՞, ինչ արիք,― հարցրեց կինս։

― Դեռ հալա տեսնենք,― պատասխանեց քեռի Խեչանը։

― Էլ ի՞նչ տեսնենք, մատյանումը գրած չի, վերջացավ գնաց,― մեջ մտա ես։

Քեռի Խեչանը տնքաց։

― Վերջացավ, վերջացավ, ես էլ ինչ ճամփով եկել եմ, էն ճամփովն էլ ետ կերթամ մեր տունը,― վճռեց ու վշտացած նստեց, սկսեց չիբխին զոռ տալ։

Ճաշի ժամանակն եկավ։ Լուռ նստած ճաշում էինք. հանկարծ քեռի Խեչանը ճաշն ընդհատեց ու ինձ դիմեց.

― Բա էս որ հիմի գնամ՝ քեռեկնկանդ ի՞նչ ասեմ։

― Ընչի՞ համար։

― Էս մետրիկականի։

― Վա՛հ, չկա, չկա, քեռի Խեչան. տերտերը գրել չի, չկա։

― Է՜, դե ասում ես, է՜լի։

― Ինչպե՞ս թե ասում ես, էլի․ քեզ ասում են՝ չկա։

Քեռի Խեչանը դարձյալ տնքաց ու չիբուխը սարքեց։ Ճաշից հետո մտա իմ առանձնասենյակը, որ հանգստանամ։ Մտածում էի, թե էս ինչ տեսակ մարդիկ են մեր գյուղացիք․․․

Մին էլ տեսնեմ՝ ներս մտավ քեռի Խեչանը։

― Քնո՞ւմ ես։

― Հա՛։

― Բա էս քնելու ժամանակ ա՞։

― Բա՛ ինչ անեմ, քեռի Խեչան։

― Ախր ես եկա էստեղ մնացի, բա ի՞նչ ես ասում։

― Ի՞նչ անեմ, քեռի Խեչան։

― Էս մետրիկի համար բա ի՞նչ ես անում։

― Վա՛հ, զարմանալի մարդ էս, այ մարդ, քեզ հայերեն ասում են՝ չկա՜, չկա՜, քեռի Խեչան։

― Դե լավ, լավ, էլ ինչ ես նեղանում, չկա, ես էլ կգնամ մեր տունը։ Մնաս բարով,― ու քրթմնջալով դուրս գնաց։

― Գնաս բարով. դե ինչ անեմ, որ չկա։

Վեր կացա՝ տեսնեմ՝ քեռի Խեչանը պատշգամբում նստած չիբուխ է քաշում։ Գլխարկս վերցրի, որ տանիցը դուրս գամ։ — Էդ ո՞ւր ես գնում,— ետևիցս կանչեց քեռի Խեչանը,— բա ի՞նչ ես ասում․․․

— Բան չեմ ասում։

— Գնո՞ւմ ես․․․

— Հա՛։

— Էլ մետրիկեն չես տեսնի՞լ․․․

— Չէ՛, չեմ կարող։

Էս պատմությունից հետո քեռի Խեչանը գնացել էր գյուղումը պատմել, թե իր տեղը նեղ էր, եկել էր քաղաք՝ ինձ խնդրել, որ օգնեմ, իսկ ես ասել էի՝ չեմ կարող, ու ոչ նրա խոսքին էի ականջ դրել, ոչ երեսին էի մտիկ արել։