...նաև Սպիտակ Եղեռն/Հայերն Աբխազիայում
ՀԱՅԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ
14 սեպտեմբերի, 1999
Աբխազիայում հայերը հաստատվել են դեռևս վաղ միջնադարից։ Հետագա դարերում նրանց թիվը համալրվել է հայերի նոր շերտերով։ Աբխազիայում բնակվող հայերի հիմնական մասը համշենցիներն են, որ, Շապուհ և Համամ Ամատունիների հիմնած և 7 դար գոյությունը պահպանած իշխանության անկումից հետո (1489թ.), փոքր խմբերով սկսեցին գաղթել դեպի Սև ծովի հյուսիսարևելյան ափերը։
Համշենահայերի գաղթը Սև ծովի հարավարևելյան ափերից Տրապիզոնի, Օրդուի եւ Սամսուճի շրջաններից նշված վայրեր առանձնապես սաստկացավ 1895-1896թթ. և 1915թ. կոտորածների ժամանակ, որը հոծ խմբերով սկսվել էր դեռևս 1879թ.-ին։
Քրիստոնյա համշենահայերը Սև ծովի հյուսիսարևելյան ափերին Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում, հիմնեցին մոտ 300 բնակավայր, մեծաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։ Այս տարածքներում համշենահայերի թիվն այժմ անցնում է 300 հազարից, չհաշված տասնյակ հազարավորների, ովքեր վերաբնակվել են Ռուսաստանի ուրիշ բնակավայրերում և այլուր...
Ի դեպ, համշենահայերն իրենց նախահայրենիքում՝ Բաթումից մինչև Տրապիզոն ընկած ծովափնյա տարածքներում և հարակից շրջաններում, այժմ էլ մեծ թիվ են կազմում։ Ոմանց հաշվումներով նրանց թիվը հասնում է մոտ կես միլիոնի, իսկ ոմանց կարծիքով 1 միլիոն է։
Բնօրրանում ապրող հայերը, չնայած մահվան սպառնալիքներով ստիպված ընդունել են մահմեդականություն, սակայն իրենց հայ են զգում և խոսում են հայերեն բարբառով...
Համշենահայերը, որ ունեն յուրահատուկ բարբառ, պատմական Հայաստանի տվյալ շրջաններում Փոքր Հայքի ծովափնյա տարածքներում, աբորիգեններ են։ Նրանք դարեր շարունակ համալրվել են պատմական Հայաստանի տարբեր նահանգներից ներգաղթած հայերով։ Հայերի նման մի մեծ շերտ (12 հազար մարդ) արաբների տիրապետության շրջանում 789-790թթ., Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի Արտազ գավառներից, հայր եւ որդի Շապուհ և Համամ Ամատունի և այլ իշխանների գլխավորությամբ, վերաբնակվեց Պարխարյան լեռնաշղթայի արեւմտյան լանջերին, ծովափնյա տարածքներում հնագույն Խաշդեայում կամ Խաղրիքում։ Համամ Ամատունին վերաշինեց ավերված Տամբուր քաղաքան ու իր անունով այն անվանեց Համամաշեն, որը կրճատ արտասանվում է Համշեն։ Համշեն է նաեւ անվանվում գավառը, որտեղ հիմնադրվեց Ամատունիների իշխանությունը։
Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին Աբխազիայի հայկական դպրոցների թիվն աճել-հասել էր 128-ի։ Այս թիվը պատերազմից հետո խիստ կրճատվեց, իսկ Ստալինից ու բերիայից հետո նորից վերելք ապրեց։ Հայկական դպրոցների թիվն արդեն 1965թ․ 105 էր, իսկ հայ բնակչությունը պաշտոնական տփալներով կազմում էր 100 հագար մարդ, կամ Աբխազիայի բնակչության 20 տոկոսը։
80-ական թվականներին հայկական դպրոցների թիվը վերստին կրճատվելու հետևանքով, արդեն 1989թ․ տվյալներով մնացել էր 53 դպրոց,այն դեպքում, երբ այդ տարիներին Աբխազիայի հայ բնակչության թիվը կազմում էր ինքնավար հանրապետության բնակչության 30 տոկոսը։
Ի դեպ, Կրասնոդարի երկրամասի նախապատերազմյան շրջանի երբեմն 140 հայկական դպրոցներից մնացել էր միայն 4-ը։
Այս երեւույթը հավանաբար պետք է բացատրել հիմնականում խորհրդային պետության մեջ հայերի նկատմամբ եղած անբարյացակամությամբ, ինչու չէ, նաեւ մեր հանրապետության ղեկավարների անտարբերությամբ ու անճարակությամբ։
Աբխազիայի, ինչպես եւ Կրասնողարի երկրամասի համշենահայերը միշտ աչքի են ընկել հային հատուկ ջանասիրությամբ եւ աշխատասիրությամբ, արարելու և ստեղծագործելու օժտվածությամբ, այլեւայլ դրական հատկանիշներով, ինչպես եւ իրենց ապաստան տված երկրների նկատմամբ դրսեւորած նվիրվածությամբ։ Ինչպես, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 12 համշենահայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից 4-ը Աբխազիայից էին, 8-ը՝ Կրասնոդարի երկրամասից:
Չպետք է մոռանալ նաեւ աբխազահայերի վրաց-աբխազական առճակատմանը մասնակցելու հանգամանքը։ Սկզբում հայերը, բնականաբար, փորձում էին պահպանել չեզոքություն, ինչպես դա արվեց հայերի կողմից լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ։Սակայն մի շարք վրացի ազգայնամոլների տգիտության, քաղաքական կարճատեսության հետեւանքով (նրանք, գրավելով հայկական գյուղերը, իսկական կոտորած էին սարքում բռնաբարում եւ սպանում էին կանանց, սպանում էին նաեւ ծերերին, երեխաներին, հրդեհում տները՝ թալանի ենթարկելուց հետո), հայերին այլեւս ոչինչ չէր մնում անել, քան պաշտպանել իրենց ընտանիքների պատիվը։ Իսկ հայի զայրույթից Աստված հեռու պահի։ Այդ կհաստատեն նաեւ ադրբեջանցի մեր երբեմնի «եղբայրները», ովքեր, ինչպես շատերը, մեր խաղաղասիրությունը վերագրելով մեր թուլությանն ու անճարակությանը, վախկոտությանը նետվեցին Արցախի վրա, մեկ շնչով այն ոչնչացնելու հիմար պատրանքով համակված։ Սակայն նրանց, մեր ոչ այնքան էլ ուժեղ հարվածներից, փրկել չկարողացան ո՛չ իրենց բազմաքանակությունը, ոչ իրենց զենքի բազմապատիկ գերակշռությունը, ո՛չ օգնության հասած չեչեններն ու աֆղանները, ո՛չ թուրքերը։
Պատերազմական գործողությունների հետեւանքով հազարավոր հայեր հեռացան Աբխազիայից։ Տեղում մնացածների վիճակն էլ մխիթարական չէ ե՛ւ նյութական, ե՛ւ հոգեւոր առումով։ Առանց այն էլ այնքան շատ նվազած հայկական դպրոցների վիճակը չափազանց ծանր է։ Ավխազահայերն օգնության կարիք ունեն։ Մեր պետությունը պարտավոր է դպրոցները դասագրքերով ապահովել եւ ուսուցիչներով համալրել (սրանք ի զորու ենք իրագործել)։
Մեր կարծիքով, ընդհանրապես ճիշտ կլինի Աբխազիայում, ինչպես եւ ԱՊՀ-ի երկրների խոշոր գաղութներում ստեղծել ՀՀ կառավարության ներկայացուցչություններ տեղերում հայերի հայեցի կրթության եւ հայ մշակույթի հարցերով զբաղվելու համար։
Հրատապ է դարձել նաեւ ռադիո-դպրոցների անհրաժեշտությունը աշխարհի բոլոր հայկական գաղութներին հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն եւ կրոն ուսուցանելու նպատակով։ Ի դեպ, կարելի է ռադիոդասեր հաղորդել նաեւ այն հայերի համար, ովքեր վաղուց մոռացել են հայոց լեզուն եւ խոսում են այն երկրի լեզվով, որտեղ ապրում են (ռումինախոս, հունգարախոս, ռուսախոս, վրացախոս, լեհախոս, քրդախոս, թրքախոս եւ այլն)։ Հնարավոր է եւ նույնիսկ անհրաժեշտ, ռադիոհաղորդումներ կազմակերպել Համշենի 1 միլիոն մահմեդական հայերի համար ինչպես համշենի բարբառով, այնպես էլ արեւմտահայերենով։
Այս բանը կարելի է կատարել նաեւ հեռուստատեսությամբ։