Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՅՐՈՆԻ ՀԱՏԻԿՆԵՐ (<հուն. άλευρον– ալյուր), պրոտեինային հատիկներ, որոշ բույսերի սերմերում մեծ խտության սպիտակուցային նյութերի կարծրացած նստվածքներ՝ հատիկների տեսքով։ Ա. հ. պահեստային սննդանյութ են սաղմի համար։ Լինում են տարբեր մեծության. խոշորները (յուղակիր սերմերում) պարունակում են բյուրեղացած սպիտակուց, գլոբոիդներ և թրթնջկաթթվային կալցիումի բյուրեղներ (խաղողի պտուղներում), մանրերը (օսլայակիր սերմերում) կազմված են սպիտակուցային ամորֆ զանգվածից։


ԱԼԵՇ (Aleš) Միկոլաշ (1852-1913), չեխ նկարիչ։ Ծնվել է նոյեմբերի 18-ին, Միրոտիցե գյուղում։ Պատմական թեմաներով նկարել է «Հուսյանների բանակատեղին» (1877), «Յիրժի Պոդեբրադցու հանդիպումը Մատիաշ Կորվինի հետ» (1878) ևն։ Ա–ի հայրենասիրական արվեստը բնորոշող ստեղծագործություններից են Պրագայի (Պրահա) թատրոնի ճեմասրահի որմնանկարները (1880–81)։ Մահացել է հուլիսի 10-ին, Պրագայում։


ԱԼԵՊԻՍ Քուլիս (ծն. 1903), հույն բանաստեղծ, թարգմանիչ։ Ավարտել է Աթենքի համալսարանը: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մենավոր պտույտներ», լույս է տեսել 1931-ին։ 1933-ին հրատարակել է Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգության թարգմանությունը հին հունարենից։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն («Ի խորոց», 1937) ինքնատիպ է՝ հագեցված մելամաղձիկ տրամադրություններով» Ա. կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, գերմաներենից և իտալերենից։ Թարգմանել է հայ բանաստեղծների (Պ. Դուրյան, Մ. Զարիֆյան, Ռ. Պատկանյան, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան և ուր.) ընտիր գործերը, 1938-ին կազմել և հրատարակել է «Հայկական մուսա» ժողովածուն:

Գրկ. «Արևագալ», 1938, № 8, 1939, № 9-10։


ԱԼԵՎՐԻՏՆԵՐ (<հուն. άλευρον – ալյուր), բեկորային մանրահատիկ (0,01–0,1 մմ) փխրուն ապարներ, որոնք միջանկյալ դիրք են գրավում ավազային և կավային ապարների միջև։ Ա–ի շարքին են դասվում լյոսը և լյոսանման ապարները։ Պնդացած և ցեմենտացած Ա. կոչվում են ալևրոլիտներ։


ԱԼԵՐԳԻԱ (ալո… + հուն. έργον- գործողություն), կենդանի օրգանիզմի այլափոխված զգայությունը և ռեակտիվությունը զանազան նյութերի, այսպես կոչված՝ ալերգենների նկատմամբ։ Ալերգեններ կարող են լինել սպիտակուցային և ոչ սպիտակուցային զանազան հակածինային բնույթի նյութերը, որոշ դեղանյութեր (պիրամիդոն, քլորալ հիդրատ, քինին; սուլֆանիլամիդներ, անտիբիոտիկներ ևն), ինչպես և օրգանիզմի հյուսվածքները (աուտոալերգեններ). սրտի (ռևմատիզմի և սրտամկանի ինֆարկտի դեպքում), լյարդի (լյարդաբորբի դեպքում), երիկամի (երիկամաբորբի դեպքում) և երբեմն այրվածքից, ցրտահարությունից ախտահարված հյուսվածքները։ Արտաքին միջավայրից օրգանիզմ թափանցող ալերգենները (էկզոալերգեններ) լինում են վարակիչ (մանրէներ, վիրուսներ) և ոչ վարակիչ (փոշի, դեղանյութեր, քիմիական նյութեր, սննդամթերք ևն)։ Ալերգենների ազդեցության հետևանքով, որպես օրգանիզմի պատասխան ռեակցիա, ավշային հյուսվածքներում առաջանում են հակամարմիններ, որոնք «չեզոքացնում» են ալերգենները։ Ա–ի երևույթը կարող է առաջանալ ալերգենի ազդեցությունից անմիջապես (բորբոքում, բրոնխոսպազմ) կամ մի քանի օր հետո (տուբերկուլինային ռեակցիա, էկզեմա, եղնջատենդ)։ Ա. ընթանում է տարբեր ձևերով, արագ և բուռն ալերգիական ռեակցիան (օրինակ՝ անաֆիլաքտիկ շոկը, տես Անաֆիլաքսիա) կոչվում է հիպերերգիա, թույլ ռեակցիան՝ հիպերգիա, իսկ օրգանիզմի ոեակտիվության լրիվ բացակայությունը՝ աներգիա (դրական կամ բացասական)։ Երբ օրգանիզմի ռեակտիվությունը հիվանդածին հարուցիչի հանդեպ խիստ ընկած է շնորհիվ ձեռքբերովի կամ բնածին իմունիտետի, ապա աներգիան դրական է։ Ծանր հիվանդություններից (տուբերկուլոզ, թոքաբորբ) հյուծվելու հետևանքով օրգանիզմի զգայությունն ալերգենի հանդեպ իջնում է. տվյալ դեպքում աներգիան բացասական է։ Որևէ ալերգենի հանդեպ գերզգայուն օրգանիզմը կարող է ուժեղ ռեակցիա տալ մի այլ բնույթի ալերգենի նկատմամբ։ Այս երևույթը կոչվում է պարալերգիա։ Օրգանիզմի գերզգայուն դրությունը վարակի կամ նրա թույների նկատմամբ կոչվում է վարակային Ա.։

Ա–ի երևույթով են բացատրվում խոտատենդը, եղնջատենդը, իդիոսինկրազիան, բրոնխիալ ասթման, ռևմատիզմը, սիստեմային կարմիր գայլախտը և այլ կոլագենային հիվանդություններ։ Ա–ի երևույթները նպաստում են վարակիչ հիվանդությունների ախտորոշմանը։ Ա. Սարգսյան


ԱԼԵՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Aleutian Islands), արշիպելագ Խաղաղ օվկիանոսում, Ալյասկայից հարավ–արևմուտք, ԱՄՆ–ի Ալյասկա նահանգում։ Տարածությունը 37,8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 6011 մարդ (1960), այդ թվում՝ մի քանի հարյուր տեղաբնիկներ (ալեութներ)։ Ռելիեֆը լեռնային է, բարձրությունը՝ մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխ)։ Հաճախակի են երկրաշարժները և հրաբխային արտավիժումները (25 գործող հրաբուխ)։ Կլիման խոնավ է (տարեկան 1500 մմ տեղումներ), ձմեռը տաք է, ամառը՝ զով, մառախլապատ։ Բուսականությունը՝ գլխավորապես մարգագետնային։ Հայտնագործել են ռուսները (1741)։ Մինչև 1867 պատկանում էին Ռուսաստանին, ապա Ալյասկայի հետ վաճառվել են ԱՄՆ–ին։ Գլխավոր բնակավայրը և ռազմա–ծովային խոշոր բազան է Դատչ Հարբորը։


ԱԼԵՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՄՈՒՄ, Ալեության դեպրեսիա, մթնոլորտային ցածր ճնշման մարզ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում՝ Ալեության կղզիների շրջանում, մթնոլորտի գործողության կենտրոններից։ Հունվարին մարզի կենտրոնում ճնշումը 1000 մբ–ից պակաս է։ Ամռանը Ա. մ. գրեթե անհետանում է։


ԱԼԵՔՅԱՆ Գեղամ Բագրատի (ծն. 1912), հայ սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է մարտի 23-ին, Էջմիածնում։ 1937–1940-ին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, 1942–48-ին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։ Աշխատել է որպես ՀԿԿ Էջմիածնի (1950–52), Մարտունու (1957–60) շրջկոմների և Լենինականի օկրուգային կոմիտեի (1952–53) առաջին քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ (1953)։ 1966-ից ՀՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման մինիստրն է։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1948-ից (1948–54-ին՝ բյուրոյի անդամ)։ Եղել է ՍՄԿԿ XIX և ՀԿԿ XIV–XVI, XVIII–XXIV համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ՍՍՀՄ III և ՀՍՍՀ II, V–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։


ԱԼԵՔՍԱՆԴՐ I (1777–1825), ռուսական կայսր (1801-ից)։ Պավել I որդին։ Ծնվել է դեկտեմբերի 12(23)–ին, Պետերբուրգում։ Գահ է բարձրացել պալատական հեղաշրջման հետևանքով՝ հոր սպանությունից հետո։ Հմուտ դիվանագետ էր։ Ճորտատիրության քայքայման պայմաններում ինքնակալությունը փրկելու և հեղափոխությունը կանխելու նպատակով Ա. իր թագավորության առաջին շրջանում լիբերալ էր ձևանում։ Բայց 1812-ի Հայրենական պատերազմում տարած հաղթանակից հետո նա բացահայտորեն իրեն դրսևորեց որպես ազատության մոլի թշնամի։ Կյանքի կոչեց արակչեևշչինան (տես Արակչեև Ա. Ա.), վերականգնեց ճորտերին առանց դատի Սիբիր աքսորելու կալվածատերերի իրավունքը, որ չեղյալ էր հայտարարվել 1809-ին, ստեղծեց ռազմական բնակավայրեր, հալածանք սկսեց առաջավոր գիտության ու մշակույթի դեմ։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Ա. սկզբում խուսանավում էր Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ երկուսի հետ էլ կնքելով հաշտության պայմանագրեր (1801)։ Սակայն 1805–07-ից մասնակցեց հակաֆրանսիական դաշինքներին, բայց պարտություն կրեց Աուստերլիցի (1805) ու Ֆրիդլանդի (1807) ճակատամարտերում։ Այդ պարտությունները և Անգլիայի՝ դաշինքի ռազմական ծախսերը հոգալուց հրաժարվելը հարկադրեցին նրան Ֆրանսիայի հետ կնքել հաշտություն (տես Տիլզիտի հաշտություն 1807), որը, սակայն, չկանխեց ֆրանս–ռուսական պատերազմը։