Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱ 377

մերժում պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը։ Ա-ս. ձևավորվել է Ֆրանսիայում, XIX դ. վերջերին և տարածվել այն երկրներում, ուր խոշոր արտադրության հետ մեկտեղ կային մեծ թվով տնայնագործական ձեռնարկություններ (Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Լատինական Ամերիկայի երկրներ): Մի կողմից ձեռնարկությունների քայքայումը, մյուս կողմից II Ինտերնացիոնալի կուսակցությունների օպորտունիստական քաղաքականությունից բանվոր դասակարգի դժգոհությունը XX դ. սկզբին բարենպաստ պայմաններ ստեղծեցին Ա-ս-ի տարածման համար։ Ա-ս-ի տեսաբանները (Ժ. Սորել, Գ. Լագարդել, է. Պուժե և այլք) պատմական նոր պայմաններում «պրոլետարական սոցիալիստական տեսության» անվան տակ վերածնում էին պրադոնիզմը և բակունիզմը։

Քննադատելով բուրժուական հասարակությունը՝ անարխո-սինդիկալիստները գտնում են, որ կապիտալի դեմ պայքարում պրոլետարիատի ազատագրմանը կարելի է հասնել միայն տնտեսական պայքարի միջոցով։ Նրանք բանվորական շարժման մեջ վճռական նշանակությունը տալիս են արհմիություններին (ֆրանսերեն՝ Syndicat): Քաղաքական պայքարին նրանք հակադրում են այսպես կոչված «ուղղակի գործողությունները»՝ ցույցերը, գործադուլները, բոյկոտը, սաբոտաժը։ Նրանց նպատակն է արհմիությունների գլխավորությամբ կազմակերպել սոցիալական հեղաշրջում, որը «մյուս օրը ևեթ» պետք է ջախջախի պետությունն ու քաղ. իշխանությունը և ստեղծի մի հասարակություն, որտեղ նյութական բարիքների արտադրությունն ու բաշխումը գտնվում են «սինդիկատների ֆեդերացիայի» ձեռքին։ Ա-ս-ի օպորտունիստական Էությունը բացահայտելու գործում նշանակալի դեր են խաղացել ՍՄԿԿ, մյուս երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունները։ ՀամԿ(բ)Կ X համագումարը դատապարտեց կուսակցության մեջ եղած «բանվորական օպոզիցիան», որը անարխո-սինդիկալիստական թեքում Էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոմունիստական և բանվորական կուսակցությունների հեղինակության աճը, կապիտալիստական երկրներում բանվորական հեղափոխական շարժման նոր վերելքը լրջորեն խախտեցին Ա-ս-ի դիրքերը։ Սակայն կապիտալիստական երկրներում Ա-ս-ի գաղափարները բանվոր դասակարգի որոշ խավերում, ինչպես նաև մանրբուրժուական մտավորականության շրջաններում դեռևս որոշակի ազդեցություն ունեն։ Պայքարեյով անարխո-սինդիկալիստական հայացքների դեմ՝ կոմունիստները ձգտում են ապահովել բանվորական բոլոր կազմակերպությունների գործողությունների միասնությունը։

Գրկ. Կ. Մարքսի աշխատությունները, տես Անարխիզմ հոդվածում։ Լենին Վ. Ի., Զեկուցում պարտիայի միասնության և անարխո-սինդիկալիստական թեքման մասին մարտի 16-ին, երկ., հ. 32: Նույնի, Եզրափակման խոսք պարտիայի միասնության և անարխո-սինդիկալիստական թեքման մասին զեկուցման առթիվ մարտի 16-ին, նույն տեղում։ ՍՄԿԿ համագումարների, կոնֆերանսների և ԿԿ-ի պլենումների բանաձևերում, Ե., 1954, մաս 1, էջ 675-679: Лозовский А., Анархо-синдикализм и коммунизм, 2 изд, М., 1924; Փօстер У. 3., Очерки мирового проф. Движения, пер. с англ. [М], 1956; Соllinеt М., L'оuviеr frаnсаis. Еsрrit du syndiсаtismе, P., 1952.

ԱՆԱՈՒ երկրագործական հին բնակավայրերի մնացորդներ, Աշխաբադից (Թուրքմ. ՍՍՀ) 12 կմ արևելք, Անաու կայանի շրջակայքում։ Ա-ի մշակույթն ընդգրկում է նեոլիթից մինչև միջնադար ընկած ժամանակաշրջանը։ Հայտնաբերվել է 1904-ին։ Համաշխարհային համբավ են վայելում Ա-ի հս. և հվ. բլուրները, որոնք Էնեոլիթի և բրոնզի դարի նստակյաց ցեղերի բնակատեղիներ են։ Գտնվել են գունազարդ անոթներ, պղնձե զարդեր, աղորիքներ, խեցեղեն՝ երկրաչափական նախշերով, մանգաղներ, դաշույններ, կնիքներ են։ Պեղումները հաստատեցին, որ բնակավայրերում ապրողներին ծանոթ է եղել Առաջավոր Ասիայի հողագործական մշակույթը։ Ա-ում են գտնվում 1456-ին կառուցված մզկիթի ավերակները (լրիվ ավերվել է 1948-ի երկրաշարժի ժամանակ):


ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ (Ἀναξαγόρας մ.թ.ա. մոտ 500-428), հույն փիլիսոփա։ Սկիզբ է դրել փիլիսոփայության դասավանդմանը Աթենքում։ Մեղադրվելով անաստվածության մեջ՝ փոխադրվել է Լամպսակ, որտեղ հիմնել է փիլիսոփայական դպրոց։ Ըստ Ա-ի, գոյություն ունեցող ամեն ինչի նախասկիզբը նյութի որակապես անորոշ, անվերջորեն բաժանելի «առաջնային սերմերը» (հոմեոմերիաներ) են, որոնց զուգորդումից առաջանում է իրերի բազմազանությունը։ Ա. հատուկ տեղ է գրավում գիտության պատմության մեջ։ Նա առաջին մտածողն է, որ փորձել է ձևակերպել (իհարկե ընդհանուր և անորոշ ձևով) դիտվող երևույթների հիմքում ընկած ֆիզիկական օրինաչափությունները, դրել փորձեր և համարվում է ֆիզիկա գիտության հիմնադիրը։ Ա. առաջինն է մտցրել անվերջ մեծի և անվերջ փոքրի հասկացությունները մաթեմատիկայում։ Զբաղվել է նաև աստղագիտությամբ ու օդերևութաբանությամբ։

Գրկ. Ֆենելոն, Վարք նախնի իմաստասիրաց, Վնտ., 1826: Рожанский И.Д., Проблема движения и развития в учении Анаксагора, Успехи физических наук, 1968, т. 95, в. 2.

ԱՆԱՔՍԻՄԱՆԴՐՈՍ (Άναξίμανδρος) Միլեթացի (մ.թ.ա. մոտ 610-546), հույն փիլիսոփա, միլեթյան դպրոցի ներկայացուցիչ, Թալեսի աշակերտը, տարերային դիալեկտիկայի և պարզունակ մատերիալիզմի հիմնադիրներից։ Ըստ Ա-ի, գոյություն ունեցող ամեն ինչ բնական ճանապարհով առաջանում է անորոշ, անսահման, հավերժական, որակազուրկ սկզբնանյութից՝ ապեյրոնից։ Ապեյրոնի գաղափարի առաջքաշումն Ա-ի կողմից լուրջ քայլ էր մատերիայի փիլիսոփայական կատեգորիայի մշակման ճանապարհին։ Ա. կռահումներ է արել Տիեզերքի անսահմանության, օրինաչափորեն առաջացող ու կործանվող աշխարհների անհամարության մասին։ Ըստ Ա-ի, կենդանական աշխարհն առաջացել է ջրից՝ առանց աստվածային ուժերի մասնակցության։ Ա. կազմել է աշխարհագրական առաջին քարտեզը, պատրաստել արեգակնային ժամացույց և աստղագիտական գործիքներ։


ԱՆԱՔՍԻՄԵՆԵՍ (Άναξιμένης) Միլեթացի (մ.թ.ա. մոտ 585 - մոտ 525), հույն փիլիսոփա,միլեթյան դպրոցի ներկայացուցիչ, Անաքսիմանդրոսի աշակերտը։ Ա. գոյի նախահիմքը համարում էր օդը, որի խտացումից ու նոսրացումից ստեղծվում են առարկաները։ Ա. առաջինն է արտահայտել քանակից որակի անցման գաղափարը, տարբերել մոլորակներն անշարժ աստղերից, առաջարկել Արեգակի ու Լուսնի խավարումները, ինչպես նաև Լուսնի փուլերը բացատրող վարկած։


ԱՆԱՖԱԶ (<հուն. ἀνά վեր + φάσις - փուլ), բուսական և կենդանական բջիջների միտոզային բաժանման երրորդ փուլը։ Տես Միտոզ։


ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱ (<հուն. ἀνά այստեղ հակա + φύλαξις պաշտպանություն), մարդու և կաթնասուն կենդանիների ախտաբանական վիճակ, որը զարգանում է, երբ օրգանիզմ են ներարկվում (շրջանցելով մարսողական ուղին) oտար նյութեր, մեծ մասամբ սպիտակուցային բնույթի, հակածիններ (անաֆիլաքտոգեններ): Ա. ալերգիայի ձևերից մեկն Է։ Անաֆիլաքտոգենի առաջին ներարկումն արյան մեջ առաջացնում է իրեն յուրահատուկ հակամարմին։ Նշված պրոցեսն ընթանում է կլինիկական աննկատ երևույթներով։ Անաֆիլաքտոգենի ներարկումից 6-12 oր անց մարդու մոտ զարգանում է գերզգայուն վիճակ (սենսիբիլացում), որը պահպանվում է երկար ժամանակ, երբեմն՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Գերզգայուն վիճակում նույն անաֆիլաքտոգենի վերըստին ներարկումը նպաստում է անաֆիլաքտիկ ռեակցիայի արագ (մի քանի վայրկյանից կամ րոպեից հետո) զարգացմանը։ Ա-ի տիպիկ դրսևորումներն են՝ անաֆիլաքտիկ շոկը, շիճուկային հիվանդությունը ևն։ Անաֆիլաքտիկ շոկը արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի գրգռմամբ և հետագա ընկճմամբ, ուժեղ շնչահեղձությամբ, արյան ճնշման խիստ անկումով, սրտի գործունեության խանգարումով, շնչական կենտրոնի լուծանքով, որը երբեմըն կարող է մահվան հասցնել։ Մարդկանց մոտ անաֆիլաքտիկ շոկը հազվադեպ է լինում և առաջանում է բուժիչ շիճուկների կրկին ներարկումներից (հակադիֆթերիային, հակատետանուսային), երբեմն՝ մի