ԱՄՐՈՑ 333
0,25% ածխածին) պողպատի ամրության սահմանը կարելի է մեծացնել 4–5 անգամ։ Մետաղներն ամրացնելիս նրանց պլաստիկությունը և հարվածային մածուցիկությունը սովորաբար նվազում են։
ԱՄՐԴՈԼՈՒ ՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, հայ մշակութային կենտրոն Բաղեշի Ամրդոլու (Ամլորդու) թաղամասի վանքում։ XV դ․ վանքում եղել է գրչության դպրոց։ Դարեվերջին Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը այնտեղ հիմնել է հոգևոր դպրոց, ուր դասավանդել է կրոնագիտություն, աստվածաբանություն, տրամաբանություն։ Նրա գործը շարունակեցին Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնացին։ Բարսեղ Աղբակեցին (մահ․ 1615) վերծանեց վանքի մատենադարանի իմաստասիրական գրքերը, ընդարձակեց դասատունը, բարեփոխեց ուսման ծրագիրը։ Դպրոցում սկսեցին դասավանդել փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն ևն։ Դպրոցը մեծ համբավ ձեռք բերեց Ներսես Մոկացու օրոք։ Այստեղ սովորելու էին գալիս տարբեր վայրերից։ Ա․ վ․ դ․ ծաղկում ապրեց հատկապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ (մահ․ 1704) և կոչվեց համալսարան։ Ըստ հիշատակարանի՝ Ամրդոլու վանքը Վարդան Բաղիշեցու օրոք ուներ «ԽԵ (45) միաբան, որից՝ Խ (40) կարդացող, Ե(5) տնտես և մշակ»։ Համալսարանում դասավանդվող գիտություններին Բաղիշեցին ավելացրեց նաև պատմական մատենագրությունը։ Նա վերանորոգեց դպրոցը, հարստացրեց մատենադարանը և բարձր աստիճանի հասցրեց գրչության արվեստը։ Դասավանդվում էին նաև մանրանկարչություն և որմնանկարչություն։ Վարդան Բաղիշեցին ձեռք բերեց հին ձեռագրեր, նորոգել տվեց և հանձնեց ընդօրինակման։ Այդտեղից են մեզ հասել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց գործերը: Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած՝ Ամրդոլու մատենադարանի գրացուցակը, որտեղ նշված է ձեռագիր և տպագիր 193 գիրք։ Վարդանի մահից հետո Ա․ վ․ դ․ դադարեց գործել (վանքը կանգուն էր մինչև 1915)։ Դպրոցի նշանավոր սաներից են եղել Հովհաննես Կոլոտը (Կ․ Պոլսի պատրիարք), Գրիգոր Շղթայակիրը (Երուսաղեմի պատրիարք), դասասաց վարդապետներ Ներսես Մոկացին, Մելքիսեթ Վժանեցին և ուրիշներ։
Գրկ․ Ակինյան Ն․, Բաղեշի դպրոցը, Վնն․, 1952։
ԱՄՐԻԹՍԱՐ, քաղաք Հնդկաստանի հյուսիսում։ 425,0 հզ․ բն․ (1969)։ Երկաթուղային հանգույց, Փենջաբ նահանգի արդ․ և առևտրական կենտրոնը։ Հայտնի է բրդյա, բամբակյա, մետաքսյա կտորների, գորգերի, մետաղյա, փղոսկրե, կաշվե իրերի արտադրությամբ։ Հիմնադրվել է 1577-ին, սրբազան «Անմահության լճի» (սանսկրիտ, ամրիթասարաս) շուրջը։ Սիկհերի կրոնական կենտրոնն է։ Պատմական հուշարձաններից է լճափին կառուցված «Ոսկե տաճարը» (XVI–XVII դդ․)։
ԱՄՐԻԹՍԱՐԻ ԿՈՏՈՐԱԾ, անգլիական գաղութային իշխանություների քաղաքականության դեմ ուղղված ցույցի գնդակոծումը Ամրիթսարում, 1919-ի ապրիլի 13-ին։ Հնդկաստանի ազգային–ազատագրական շարժման նշանակալի անցքերից է։ 1919-ի մարտին անգլիացիները գործողության մեջ դրին պատերազմից հետո ռազմա–ոստիկանական ապարատի արտակարգ լիազորությունները պահպանելու մասին օրենքը։ Երկրով մեկ բարձրացավ հակաիմպերիալիստական պայքարի ալիք։ Ապրիլի 13-ին Ամրիթսարում տեղի ունեցավ բողոքի բազմահազարանոց ցույց։ Նախօրյակին քաղաք բերված զինվորները, գեներալ Օ'Դաերի գլխավորությամբ, կրակ բացեցին անզեն ամբոխի վրա։ Սպանվեց և վիրավորվեց ավելի քան 1000 մարդ։
ԱՄՐԻԿՅԱՆ (Ամերիկյան) Միհրդատ (Հովհաննես) Հովհաննեսի (1843–1879), հայ դերասան, գրող։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ Ծնվել է մայիսի 1(13)–ին, Ախալցխայի Ծին–Ուպան (Ծինուբան) գյուղում։ Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853–1858-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից։ 1860-ին, Ա․ Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար պատանի Հովհաննեսը ստանում է Միհրդատ անունը։ 1863-ից աշխատել է Պ․ Պռոշյանի, 1864-ից՝ Գ․ Չմշկյանի թատերախմբերում։ Ազգային պատմական ողբերգությունների փոխարեն նախապատվությունը տվել է ժամանակակից հայ իրականությունը պատկերող պիեսներին, Ա․ Օստրովսկու, Մոլիերի, Հյուգոյի, Շեքսպիրի երկերին։ Ա․ եղել է Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից, Գ․ Չմշկյանի հետ ստեղծել է դրանց բեմական ավանդույթները, պայքարել կեղծ կլասիցիստական ուղղության դեմ, դարձել հայ ռեալիստական թատրոնի գաղափարական առաջամարտիկներից։ Նա ժողովրդի լուսավորության գործին ծառայող, դասակարգային ինքնագիտակցությունն արթնացնող, սոցիալական չարիքը դատապարտող դեմոկրատ արվեստագետ էր։ Վճռական դեր խաղալով քննադատական ռեալիզմի ուղղությունը հայ թատրոնում հաստատելու գործում, Ա․ ընդհանրացված, կենդանի գծերով, մերկացնող ուժով է անձնավորել շահագործող դասակարգի ներկայացուցիչների՝ Զամբախովի, Սարգսի, Զիմզիմովի (Սունդուկյանի «Խաթաբալա», 1866, «Էլի մեկ զոհ», 1870, «Պեպո», 1871) կերպարները։ Ա–ի լավագույն դերերից է նաև Ֆրանց Սոորը (Շիլլերի «Ավազակներ», 1873)։ Կենդանի վերաստեղծումով, առօրյա հնչեղությամբ է մարմնավորել վոդևիլային Կիվկիվ (Ն․ Փուղինյանի «Դալալ Ղաղո»), Կարապետ, Գասպար (Ս․ Տեր–Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին»,«Նինոյի նշնվիլը»), Մեծ սատանա (Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը էն կինքումը») և այլ դերեր։ Նրա կրքոտ, իմաստալից արվեստին բնորոշ էր ազգային բներանգը, երկխոսություն վարելու վարպետությունը, ինքնահնարանքը, վերամարմնավորման կարողությունը։
Ա․ նաև թատերական քննադատ էր, երգիծաբան, հրապարակախոս։ Հետևել է Վ․ Գ․ Բելինսկու գեղագիտական սկզբունքներին։ Եղել է «Մշակ»–ի առաջին աշխատակիցներից, 1872–73-ին ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք։ Գրել է ոտանավորներ, կատար թարգմանություններ։ Ա․ հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Գորիում, Քութայիսում, Գանձակում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում։ 1874–1877-ին գործել է Կ․ Պոլսում, ջատագովել ռեալիզմի սկզբունքները թատրոնում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ»–ը, Աունդուկյանի «Պեպո»–ն (երկուսն էլ՝ 1874-ին) ևն։ Նյութական ծանր կացությունը հարկադրել է Ա–ին Թիֆլիս վերադառնալ, ուր և հիվանդ, բեմ բարձրանալու անկարող, անձնասպան է եղել փետր․ 5(17)–ին։
Գրկ․ Չմշկյան Գ․, Միհրդատ Ամրիկյանց, «Փորձ», 1879, № 3, էջ 154–161, Պռոշյան Պ․, Միհրդատ Ամրիկյանց, «Թատրոն», 1895, № 3։ Զարյան Ռ․, Մի էջ հայ դեմոկրատական էսթետիկայի պատմությունից, «Սովետական գրականություն և արվեստ», 1955, № 2։ Հարությունյան Ս․, Միհրրդատ Ամերիկյան, Ե․, 1959։
ԱՄՐԽԵՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, շրջկենտրոնից 33 կմ հյուսիս–արևմուտք։ 616 բն․ (1970), ադրբեջանցիներ։ Սիավորված է Բարիաբադի կոլտնտեսության հետ։ Ա․ ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ԱՄՐՈՑ, բերդ, հաստատուն կառուցվածքներով վաղօրոք ամրացված, մշտական կայազորով ռազմական հենակետ։ Հնագույն Ա–ներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով պաշտպանական շրջապարիսպներ էին (քարից, աղյուսից ևն), որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդ։ Ստրկատիրական պետություններում շատ քաղաքներ միաժամանակ Ա–ներ էին։ ՍՍՀՄ տերիտորիայում այդպիսի քաղաքներ եղել են Միջին Ասիայում, Մերձսևծովյան ավազանում, Անդրկովկասում, Կիևյան Ռուսիայում և Մոսկովյան Ռուսիայում։ Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը։ Ա–ների կառուցվածքում էական փոփոխություններ մտցրեց հրետանու զարգացումը XV–XVI դդ․։ Բարձր պատերին փոխարինեցին քարե պատերով ամրացված ցածր հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները։ XIX դ․ հրետանու հետագա հզորացման հետևանքով սկսեցին կառուցվել նոր տեսակի Ա–ներ (ֆորտային)՝ կազմված միջուկից (սովորաբար՝ հին ամրոցը) և 2–3 կմ շառավղով առանձին ամ-