Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անվ. Մատենադարան, ձեռ. № 9102)՝ աչքացավի, մորթու խոցերի, բերանի խոցի, վիրավոր կենդանիների, հարբուխի, հազի և այլ հիվանդությունների մասին։ Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակ թարգմանվել է (ենթադրվում է ֆրանսերենից) «Ի գրաստոց բժշկարանէն փոխած» բժշկարանը (տես «Բազմավեպ», 1867, № 12)։ XIX դ. Մելքոն Պեյլերյանը բնութագրել է շների կատաղությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 8428)։

Երևանի նահանգը կազմվելուց հետո, ռուս անասնաբույժների օժանդակությամբ, ստեղծվում են անասնաբուժարաններ, անասնաբուժական սահմանային կետեր։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ստեղծվեց անասնաբուժական սպասարկման լայն ցանց։ 1928-ին կազմակերպվեց Անդրկովկասյան անասնաբուժական ինստ. (1930-ից՝ Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ.), իսկ 1930-ին՝ Անասնաբուժական ԳՀԻ։ Անասնապահության և Կերահայթայթման ԳՀԻ–ների միավորմամբ 1956-ին ստեղծվեց ՀՍՍՀ անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ։ Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերացվեցին ձիերի խլախտը, էնցեֆալոմիելիտը, տավարի ժանտախտը և վարակիչ այլ հիվանդություններ։ Մշակվեցին սիբիրախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի և այլ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ (պրոֆեսորներ՝ Ա. Ի. Իսահակյան, Վ. Ս. Ղազարյան, Գ. Ա. Շաքարյան, Հ. Բ. Բոյախչյան, Վ. Գ. Հայրապետյան և ուրիշներ)։

Համամիութենական ճանաչում են գտել ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ Է. Հ. Դավթյանի, Գ. Ա. Գրիգորյանի, Ա. Հ. Ղևոնդյանի ուսումնասիրությունները ճիճվային և մակաբուծական հիվանդությունների վերաբերյալ, նշված են դրանց դեմ պայքարի Նորագույն բուժական միջոցառումները։ Հայտնի են պրոֆեսոր Ս. Գ. Մելիքսեթյանի ստեղծած մագնիսական զոնդ և օղակ, մետաղորսիչ անասնաբուժական գործիքները, պրոֆեսոր Ա. Ա. Բայբուրտցյանի առաջարկած ամորձատման նոր մեթոդը։ Ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժամիջոցների մշակման գործում մեծ աշխատանք է կատարել պրոֆեսոր Պ. Ա. Հովհաննիսյանը։ Ծննդագիտության, արհեստական սերմնավորման բնագավառներում ակնառու ներդրումներ ունեն պրոֆեսորներ Ա. Հ. Մանասյանը, Հ. Հ. Մադոյանը, Գ. Ս. Գրիգորյանը և ուրիշներ, դեղագիտության, իմունոլոգիայի ասպարեզներում՝ պրոֆեսոր Ս. Շ. Սաքանյանը։ Պրոֆեսոր Հ. Գ. Ստեփանյանն առաջարկել է բնական ստամոքսահյութի օգտագործումը՝ որպես աճը խթանող և ստամոքս-աղիքային համակարգի մի շարք հիվանդություններ բուժող միջոց։ Հյուսվածաբան Ե. Վ. Կադիլովի ղեկավարությամբ ուսումնասիրվել են կաթնասունների օրգանների և հյուսվածքների վերականգնման, պատվաստման տեսական հարցերը, պրոֆեսոր Տ. Բ. Մովսիսյանի ղեկավարությամբ՝ մի շարք վարակիչ հիվանդությունների ախտաբանական անատոմիան։ Ախտաբան Մ. Ս. Գրիգորյանն ուսումնասիրել է ցավի ախտաբանական ֆիզիոլոգիան, միկրոտարրերի դերը օրգանիզմի համար ևն։

Գրկ. Բոյախչյան Տ. Բ., Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկան, Ե., 1955։ Նույնի, Էպիզոոտոլոգիա և միկրոբիոլոգիա, Ե., 1962։ Մանասյան Ա., Անասնաբուժական գինեկոլոգիայի հիմունքները, Ե., 1966։ Հ. Բոյախչյան

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱ ԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ, կազմակերպվել է Երևանում, 1956-ին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող գիտահետազոտական երեք ինստ–ներ (անասնապահության, անասնաբուժության և կերահայթայթման)։ Ունի ութ անասնաբուծական, երեք կերարտադրման, վեց անասնաբուժական բաժիններ։ Ինստ–ի կազմում են նաև մեղվաբուծական և Սևանի լեռնա–մարգագետնային փորձակայանները, Լոռու և Չարբախի փորձարարակաև բազաները, Կրասնոսելսկի ոչխարաբուծական հենակետը, կովկասյան գորշ տավարի ցեղի Լոռու տոհմաբուծարանը, Ալագյազի ոչխարաբածական տոհմային սովետական տնտեսությունը և բալբաս ցեղի ոչխարի Ծակքարի տոհմաբուծարանը։ Ինստ–ում մշակվել են գյուղատնտ. կենդանիների և թռչունների տեղական ցեղերի բարելավման, նոր ցեղերի ու ցեղախմբերի ստեղծման մեթոդներ (Ա. Թամամշևի, Ս. Կարապետյանի, Ա. Ռուխկյանի, Ն. Ստեփանյանի ղեկավարությամբ)։ Ինստ–ի անմիջական մասնակցությամբ ստեղծվել և հանրապետությունում տարածվել է կովկասյան գորշ տավարի ցեղը, երևանյան հավերի ցեղախումբը, արագածյան ոչխարի ցեղախումբը, ճագարի սովետական մառդեր ցեղը։ Ուսումնասիրվել է ՀՍՍՀ լեռնային արոտավայրերի և մարգագետինների բուսակազմը, մշակվել դրանց բարելավման միջոցառումները (Հ. Մաղաքյան, Շ. Աղաբաբյան), հետազոտվել են ՀՍՍՀ տարբեր գոտիների կերերի քիմիական կազմը, դրանց մարսելիությունը (Գ. Զաքարյան), ուսումնասիրվել է կերերի կոնսերվացման և մարսելիության կենսաքիմիական մեխանիզմը (Մ. Տեր–Կարապետյան), ստեղծվել է երևանյան պանիրների ստացման եղանակը (Վ. Քյուրքչյան)։ Մշակվել և արտադրության մեջ արմատավորվել են տավարի մսացու և տոհմայիև մատղաշի ինտենսիվ և նպատակային աճեցման (Վ. Ոսկանյան), խոյերի սերմի պահպանման (Հ. Մադոյան) մեթոդներ, խոշոր և մանր եղջերավորների ֆասցելիոզի (Է. Դավթյան, Գ. Գրիգորյան), խոզերի ու հավերի ժանտախտի (Վ. Հայրապետյան) և մի շարք այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ ու բուժական միջոցառումներ։ Ինստ–ը հրատարակել է «Գիտատեխնիկական ինֆորմացիոն բյուլետեն» (1957–61, № 1–6, ռուս.), հրատարակում է «Աշխատություններ…» (1956–70…, հ. 1 – 10…, ռուս.)։


ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, կենդանաբուծություն, զոոտեխնիա, գյուղատնտ. կենդանիների և թռչունների բուծման, կերակրման, խնամքի, պահվածքի և օգտագործմաև հարցերն ուսումնասիրող գիտություն։ Ա։ բաժանվում է ընդհանուր և մասնավոր բաժինների։ Ընդհանուր Ա. ուսումնասիրում է գյուղատնտ. կենդանիների և թռչունների բուծման, կերակրման, խնամքի ու պահվածքի ընդհանուր սկզբունքները և միավորում գյուղատնտ. կենդանիների բուծումը, կերակրումը, զոոհիգիենան ևն։ Մասնավոր Ա. ուսումնասիրում է անասնապահության ճյուղերը վարելու մեթոդները, մշակում գործնական միջոցառումներ՝ ելնելով տեսակների, ցեղերի առանձնահատկություններից և բուծման բնական տնտեսական պայմաններից։ Մասնավոր Ա. ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը, ձիաբուծությունը, թռչնաբուծությունը ևն։

Ա. սաղմնավորվել է դեռնս հին աշխարհում՝ Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլ երկրներում, սակայն որպես գիտություն ձևավորվել է XVIII դ. 2-րդ կեսին՝ գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման և բնագիտության նվաճումների շնորհիվ։ Արդ. կապիտալիզմի զարգացումն ընդլայնեց անասնապահական արտադրությունը (հատկապես Անգլիայում), անգլիացի Ռ. Բեքուելը, Չարլզ և Ռոբերտ Քոլինգ եղբայրները և ուրիշներ ստեղծեցին գյուղատնտ. կենդանիների մի շարք արժեքավոր ցեղեր։ Առաջին դասական աշխատությունը, ուր գիտականորեն լուսաբանված է գյուղատնտ. կենդանիների բուծման ամբողշ փորձը, Չ. Դարվինի «Ընտելացված կենդանիներ և մշակվող բույսեր» (1868) աշխատությունն է։ XIX դ. գերմանացի գիտնական Ա. Թեերը ուսումնասիրեց կերի սննդարարությունը և կազմը, իսկ XX դ.սկզբներին Օ. Կելներն առաջարկեց կերերի գնահատման օսլայական համարժեքը։ Նույն ժամանակաշրջանում Ռուսաստանում արժեքավոր աշխատանքներ են կատարել Ա.Ֆ.Միդենդորֆը, Ն.Պ. Չիրվինսկին, Պ.Ն. Կուլեշովը, Մ. Ֆ. Իվանովը, Ե. Ա. Բոգդանովը և հայ գիտնականներ Ալ. Հ. Քալանթարը, Ավ. Հ. Քալանթարը և ուրիշներ։

Հայկական բարձրավանդակում անասնաբուծական գիտելիքները սաղմնավորվել են անասնապահության սկզբնավորման հետ միասին (նեոլիթի դարաշրջան)։ Ծովինար բերդի (Սևանա լճի հարավային ափ) պեղումներից հայտնաբերվել են տավարի, ընտանի ոչխարի և խոզի ոսկորներ։ Ուրարտ. սեպագիր արձանագրություններում հիշատակված են եզը, ցուլը, արջառը, կովը, ոչխարը, գառը, հարևան երկրներից ավար առած հարյուր հազարավոր գլուխ տավարի և ոչխարի մասին։ Այս ամենը վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող ցեղերը դեռևս շատ վաղուց զբաղվել են անասնապահությամբ: Անասնապահության առաջընթացի, տեխնիկայի, մշակույթի և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հետ միասին ընդլայնվում են անասնաբուծական գիտելիքները։

Մ. թ. ա. I դ. Հայաստանում հայտնի է եղել Մետրոդորոսին վերագրվող արամեատառ «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկախոսությունը։ Հայ մատենագիրները (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և այլք) իրենց երկերում մասնակիորեն բնութագրել են Հայաստանի կենդանիներին, իսկ որոշ հեղինակներ շոշափել են բազմացման, ժառանգականու–