Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան ոտքերը։ Ա. տ. կոչում են նաև չափական ոտանավոր։ Ենթադրվում է, որ այս սկզբունքով են ստեղծվել հայոց Գողթան երգերը: Ա. տ. վերածնելու փորձ արել է Ա. Բագրատունին՝ կոչելով այն հայկական չափ։ Ա. տ. չի համապատասխանում ժամանակակից լեզուների, այդ թվում հայերենի, արտասանական առանձնահատկություններին և չի կիրառվում։

Գրկ. Աբեղյան Մ., "Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933։ Томашевский Б. В., Стилистика и стихосложение, Л., 1959.

ԱՆՏԻԿԱՅՆԵՆ (Antikainen) Տոյվո (1898–1941), Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության ղեկավար գործիչ։ 1915-ից եղել է Ֆինլանդիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ, հարել է նրա ձախ թևին։ Ծնվել է հուլիսի 8-ին, Հելսինկիում։ 1918-ի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ 1918–20-ին Ա. կարմիր բանակի շարքերում կռվել է քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում, պարգևատրվել մարտական Կարմիր դրոշի շքանշանով։ 1923-ին Ա. ընտրվել է Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության ԿԿ–ի անդամ, 1925-ին՝ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ։ 1934-ի նոյեմբերին ձերբակալվել և դատապարտվել է ցմահ տաժանակրության։ 1940-ի մայիսի 3-ին սովետական կառավարության միջնորդությամբ ազատվել է կալանքից, եկել ՍՍՀՄ և նույն թվականին ընտրվել Գերագույն սովետի դեպուտատ։ Զոհվել է Հայրենական պատերազմում, 1941-ի հոկտեմբերի 4-ին։

(նկ․) Տ. Անտիկայնեն։


ԱՆՏԻԿԼԻՆԱԼ (<անտի…+ հուն. χλινω – թեքում եմ), անտիկլինալային ծալք, ապարների շերտերի կամարաձև ծալք։ Շերտերի կորացման տեղը կոչվում է Ա–ի փական, իսկ փականներն իրար միացնող մակերևույթը՝ առանցքային մակերևույթ։ Ա–ի կողերը անվանվում են թևեր։ Նայած առանցքային մակերևույթի դիրքին և թևերի թեքության ուղղությանը՝ Ա. կարող է լինել ուղիղ, թեք, շրջված, պառկած։ Ըստ ձևի լինում են գծային Ա. (երբ նրա երկարությունը մեծ չափով գերազանցում է լայնությանը), բրախիանտիկլինալ, գմբեթ (երբ երկարությունը և լայնությունը համարյա հավասար են)։ Ըստ կամարի և թևերի ձևերի, տարբերում են՝ բրգաձև, սնդուկաձև, ծնկաձև և հովհարաձև անտիկլինալ ծալքեր։

Ա–ները, ըստ ծագման, բաժանվում են գեոսինկլինալային տիպի (մեծ մասամբ՝ գծային), որոնք հետևանք են հորիզոնական ու ուղղաձիգ տեկտոնական շարժումների, և պլատֆորմային տիպի (գմբեթներ, բրախիանտիկլինալներ), որոնք պլատֆորմի կարծր հիմքի խզումնային խախտումների մակերեսային արտացոլումներն են։ ՀՍՍՀ–ում կան Ա–ի համարյա բոլոր ձևերը։ Ա․ Գաբրիելյան

(նկ․) Անտիկլինալ ծալք։


ԱՆՏԻԿԼԻՆՈՐԻՈՒՄ (<անտի… + հուն. χλινω – թեքում եմ, όρος – բարձրություն), երկրակեղևի խոշոր ու բարդ կառուցվածք ունեցող անտիկլինալային բարձրացում, որի առանցքային մասում մերկանում են հին և սովորաբար խիստ փոխակերպված (մետամորֆացված) ապարներ։ Ա–ներին հաճախ հարում են խոշոր ինտրուզիաներ։ Ա. գոյանում է գեոսինկլինալային մարզերում՝ երկրակեղևի ինտենսիվ ծալքավոր շարժումների հետևանքով, որոնք ժամանակակից ռելիեֆում արտահայտված են որպես լեռնաշղթաներ (Մեծ և Փոքր Կովկաս, Ուրալ ևն)։ Բնութագրվում է կենտրոնական մասի ընդհանուր բարձրացումով, ունենւմ է հարյուրավոր կմ երկարություն և տասնյակ կմ լայնություն։ Շատ խոշոր Ա. կոչվում է մեգաանտիկլինորիում։ Ա. կազմող անտիկլինալային ծալքերի առանցքային մակերևույթները մեծ մասամբ հովհարաձև են դասավորված, իսկ ծալքերի թեքվածությունն ու շրջվածությունը դեպի հարակից սինկլինորիումների կողմն է։ Ա–ները սովորաբար բարդացված են վրաշարժերով, ընդ որում, խզման հարթությունները նույնպես ուղղված են դեպի հարակից սինկլինորիումները։ Ա–ները լինում են ժառանգված, երբ գոյանում են նախկին գեոանտիկլինալներից, և հակադարձ, երբ գոյանում են նախկին գեոսինկլինալներից՝ նրանց շրջման հետևանքով։ ՀՍՍՀ–ում Ա–ներ են Վայքի, Ուրծի, Ծաղկունյաց լեռնաշղթաները, Ալավերդու և Ղափանի հանքային շրջանները։ Ա․ Գաբրիելյան


ԱՆՏԻԿՅԱՆ Թադևոս (Թաթոս) Ավետիքի (1835–1899), հայ շինարար վարպետ։ Ծնվել է Ալեքսանդրապոլում (Լենինական)։ Կառուցել է տներ ծննդավայրում, Կարսում, Էջմիածնում (մասնակցել է ճեմարանի շինարարությանը)։ Ուշագրավ է Ալեքսանդրապոլում Ա–ի ձեռակերտ սեփական տան նկուղի քարե զանգվածեղ առաստաղը, որը ի տարբերություն ընդունված թաղածածկի՝ հորիզոնադիր է։ Նրա նշանավոր կառույցը Անիի Մայր տաճարի կրկնօրինակը՝ Փրկչի եկեղեցին է Ալեքսանդրապոլում (1858–76)։ Ա. եղել է «Հառիճավանքի ընկերության» անդամ, մասնակցել Հառիճի եկեղեցու (VII դ.), վանքի (XII դ.) վերանորոգմանը, դպրոցի կառուցմանը։ Մահացել է Ալեքսանդրապոլում։


ԱՆՏԻՄՈՆ, տես Ծարիր:


ԱՆՏԻՄՈՆԻՏ, ստիբնիտ (<ուշ լատ. antimonium - ծարիր), միներալ, ծարիրի սուլֆիդ՝ (պարունակում է – 71,4%, – 28,6%, աննշան քանակություններով՝ և )։ Բյուրեղանում է ռոմբային համակարգում։ Առաջացնում է ասեղնաձև և պրիզմատիկ բյուրեղներ։ Գույնը՝ մոխրավուն, փայլը՝ ուժեղ մետաղական։ Կարծրությունը՝ 2–2,5։ Խտությունը՝ 4600 կգ/մ³։ Բացի բուն ծարիրային հանքավայրերից, հանդիպում է նաև բազմաթիվ ծարիրա–սնդիկային հանքավայրերում։ ՀՍՍՀ–ում Ա. կա Ազիզբեկովի շրջանում (Ազատեկի հանքավայր)։ Ա. ծարիրի ստացման հիմնական հանքանյութն է։


ԱՆՏԻՆՅԱՆ Ավագ Վարդանի (ծն. 1917)։ Սովետական Միության հերոս (23.9.1944), ՍՍԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է հունվարի 1-ին, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովականի) Համզաչիման գյուղում (այժմ՝ Գուգարքի շրջան)։ 1939-ին զորակոչվել է սովետական բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը, Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Չերնովիցի ազատագրմանը, Բուգի և Սանի գետանցմանը։ Հերոսի կոչման արժանացել է Յարոսլավ քաղաքի (Լեհաստան) ազատագրման ժամանակ ցուցապբերած խիզախության համար։ Պարգևատրվել է նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։


ԱՆՏԻՆՈՄԻԱ (<անտի…+ հուն, νομος – օրենք), տերմին նախամարքսյան, հատկապես Կանտի փիլիսոփայության մեջ, որ նշանակում էր իրար հակասող երկու այնպիսի դատողություններ, որոնք հավասարապես կարող են ապացուցվել։ Հայտնի են Կանտի չորս Ա–ները (աշխարհը վերջավոր է և անվերջ է, գոյություն ունի և գոյություն չունի ազատություն ևն), որոնցով նա աշխատում էր ապացուցել բանականության սկզբունքային սահմանափակությունը և դրանով իսկ հիմնավորել ագնոստիցիզմը։ Ա–ների կանտյան ուսմանքում առկա են դիալեկտիկայի տարրեր՝ թեպետև ճիշտ չիմաստավորված։ «Ա․» տերմինը տրամաբանական պարադոքս իմաստով օգտագործվում է նաև ժամաևակակից գիտության մեջ։ Ա. իմաստով մոտ է Ապորիային:


ԱՆՏԻՈՔ (հուն. Άντίοκεια, քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի՝ «Ավագն Անտիոք»։ Սելևկյանների աթոռանիստ Ա. հիմնել է Սելևկոս I Նիկատորը մ. թ. ա․ 301-ին և կոչել հոր՝ Անտիոքոսի անունով։ Հելլենիստական մշակույթի խոշորագույն այդ կենտրոնը արագորեն աճեց և բարձր ծաղկմաև հասավ մ. թ. ա. III–I դդ.։ Տիգրան Բ Մեծը, Ասորիքը նվաճելուց հետո, մ. թ. ա. 83–69-ին Ա. դարձրեց Հայոց տերության հարավային թագավորանիստը, ուր նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել։ Ա. բարձր զարգացում ապրեց Հռոմի կայսրերի օրոք (I – III դդ.)։ Մեծությամբ (շուրջ կես մլն. բնակչություն) և հոյակերտությամբ համեմատվել է Հռոմի հետ։ Ունեցել է շքեղաշուք կառույցներ, ջրմուղ, գիշերը փողոցները լուսավորվել են։ Հռոմի փոխ-հյուպատոսի մշտական աթոռանիստն էր, ուր հաճախ այցելել է