Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայսրը։ Ա–ում եղել են վաղ քրիստոնեական համայնքներ, և IV դարից այնտեղ հաստատվել է կայսրության 4 պատրիարքարաններից մեկը։ Ա. V դարից անկում է ապրել։ 538-ին Սասանյան թագավոր Խասրով I Անուշիրվանը Ա. ավերեց, հրի մատնեց, բնակչության զգալի մասին կոտորեց կամ գերեվարեց։ Հուստինիանոս կայսեր շինարարական բարեկարգումները (VI դ.) և Ա–ի հզորությունը վերականգնելու ջանքերը ապարդյուն անցան։ Արաբները 647-ին բյուզանդացիներից նվաճեցին Ա. և դարձրին իրենց ռազմական հենարանը Ասորիքում։ Բյուզանդիայի Նիկեփորոս II Փոկաս կայսրը 986-ին, երեքամյա պաշարումից հետո, արաբներից ետ նվաճեց այն։ X դ. Ա. ուներ ստվար հայ բնակչության և հայկական եպիսկոպոսություն։ 978-ին Ա–ի հայերը ապստամբեցին քաղաքը գրաված արաբների դեմ։ XI դ. քաղաքի կառավարիչներ են եղել նաև հայեր։ Ըստ Մատթեոս Ուռհայեցու, 1071–78-ին Ա–ի կառավարիչ (դուկ) է եղել Վասակ Պահլավունին՝ Գրիգոր Մագիսարոս Պահլավանու որդին։ Վասակին հույները փողոցում դավադրաբար սպանեցին։ Սակայն նրա զորաջոկատները հրավիրեցին հայ զորավար Փիլարտոս Վարաժնունուն, որը կարողացավ հաստատվել Ա–ում։ Նույն պատմագիրը վկայում է, որ 1084-ին սելջուկ թուրքերը, օգտվելով Փիլարտոս Վարաժնունու և նրա հեծելազորի բացակայությունից, գրավեցին քաղաքը։ 1086-ին Ա. պաշարեցին խաչակիր ասպետները։ Ա–ի հայերը, սելջուկներից ազատվելու հույսով, օգնում էին խաչակիրներին։ Քաղաքի պարսպի երկու աշտարակի հայ հրամանատար Փիրուզը, բանակցելով խաչակիրների հրամանատար Բոհեմունդ Տարենտացու հետ, նրան ներս թափանցելու հնարավորություն ընձեռեց։ 1098-ի հունիսի 3-ին, 9-ամսյա պաշարումից հետո, խաչակիրները գրավեցին Ա. և հիմնեցին Անտիոքի դքսությունը։ Հայոց Լևոն Բ Սեծ (1198-1219) թագավորը Ա–ին տիրելու ծրագիր ուներ, սակայն նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին։ 1268-ին քաղաքը նվաճեց և հիմնովին ավերեց Եգիպտոսի սուլթան Բեյբարսը։ Պահպանվել են 360 աշտարակներով ամրացված պարիսպների մնացորդները և հնագույն դարպասները։ Ա–ի տեղում այժմ Անթաքիան է՝ Թուրքիայի Հաթայ վիլայեթին կենտրոնը։

Գրկ. Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ., 1912։ Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Ե., 1940։ Downay G., A History of Antioch in Syria, from Seleucus to the Arab Conquest, New Jersey, 1961. Գ. Սարգսյան

ԱՆՏԻՈՔ ԿՐԱԴԵԱՆ, Անտիոքիակ, գյուղաքաղաք Լեռնային Կիլիկիայում, Իսավրյան ծոցի եզերքին։ Ա–ի դղյակը գտնվել է 300 մ բարձրությամբ ժայռի ծերպին, որը ստորոտի հետ կապված էր վիմափոր սանդուղքներով։ Շատ հնուց եղել է հայաբնակ։ 1069-ին, երբ Իկոնիայի թուրքերը Կիլիկիան ավարառության ենթարկելուց հետո վերադառնում էին, հայերը Ա–ի իշխան և զորավար Խաչատուրի գլխավորությամբ դարանակալեցին թուրքերին և ավարը ետ գրավեցին։ Մինչև XIII դ. մնում էր Բյուզանդիայի ձեռքում։ XII դ. վերջին Ա–ի իշխանն էր Կիռ Սակը (Սահակ), որը Գանաք անունով ոմն հույն ելուզակի միջոցով գաղտագողի գերեց ծովափնյա առողջարանում հանգստացող՝ Կիպրոսի Լյուզինյան թագուհուն և նրա որդիներին։ Լևոն Բ Մեծ թագավորը մահվան դատապարտելու սպառնալիքով Կիռ Սակին հարկադրեց գերիներին շտապ բերել իր մոտ՝ Կոռիկոս։ Գերիներին պատվով վերադարձնելուց հետո Լևոնը գրավեց Ա., որը հայերի ձեռքում մնաց մինչև XIV դ. կեսը։ 1329-ին Ա. տակավին հայաբնակ գյուղաքաղաք էր՝ Ս. Սիմեոն եկեղեցով։ Հետագայում թուրքական ասպատակությունների հետևանքով ավերվեց և դադարեց գոյություն ունենալուց։


«ԱՆՏԻՈՔԻ ԱՍԻԶՆԵՐ», «Անտիոքի անսիզներ», Անտիոքի դքսության օրենքների ժողովածու։ Ըստ Ղևոնդ Ալիշանի, կազմվել է Բոհեմունդ IV օրոք (1201–1235)։ Ժողովածուն բաղկացած է երկու մասից, առաջին մասի (17 գլուխ) կանոնները վերաբերում էին սենիորի և նրա վասալների փոխհարաբերություններին՝ նրանց իրավունքներին ու պարտականություններին, առաջինի դատելու իրավունքին, վասալի գույքը բռնագրավելու կարգին, ֆեոդալների միջև ծագած քաղաքացիական վեճերին և քրեական գործերին, ամուսնությունից առաջացած գույքային հարաբերություններին։ Երկրորդ մասի (21 գլուխ) կանոնները կարգավորում էին քաղաքային բնակչության ամուսնա–ընտանեկսւն՝ հատկապես գույքային հարաբերությունները, սահմանում կտակ կազմելու, տոհմական և այլ գույքի օտարման, տների վարձակալության, գույքի պահատվության և դրամափոխների գործարքներ կնքելու կարգը։ Մի շարք կանոններ վերաբերում էին պարտատիրոջ ու պարտապանի փոխհարաբերություններին և քրեական իրավունքին։ Անաիոքի դքսությանը Կիլիկիայի Հայկական թագավորության հարևանն էր։ Երկու պետությունների քաղաքացիները սերտ կապ ունեին առևտրական, մշակութային և քաղաքական ասպարեզներում։ Ժողովածուն կիրառվում էր նաև Կիլիկիայում՝ հայերի ու խաչակիրների միջև ծագած վեճերը լուծելիս։ Սմբատ Սպարապետը այդ օրենքները թարգմանել է հայերենի (XIII դ.)։ Օրենքների բնագիրը (հին ֆրանս.) մոռացության է տրվել ու կորել։ Ղևոնդ Ալիշանը 1876-ին «Ա. ա.» հայերենից թարգմանել է ֆրանսերենի։ Ռուսերեն թարգմանվել է 1958-ին (թրգմ. Ա. Ա. Պապովյան)։

Գրկ. Assises ďAntioche, reproduites en francais et publiées, au sixième centenaire de la mort de Sempad le Connetable, leur ancien traducteur arménien [trad. par L. Alichan avec le texte arménien]. Venise, 1876; Ассизы Антиохийские, пер. с киликийского диалекта армянского языка А. А. Паповяна, «ԲՄ», 1958, № 4։ Ա. Սաքիասյան


ԱՆՏԻՈՔԻ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, խաչակիր ասպետների ստեղծած իշխանություն։ Սահմանները տարածվում էին հյուսիսում մինչև Ջահան գետը, հարավում՝ Լաթաքիա քաղաքի մերձակայքը։ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ Անտիոք քաղաքին տիրում էին սելջուկ թուրքերը։ Խաչակիրների զորքը երկար պաշարումից հետո 1098-ին գրավում է այն՝ հիմնելով Ա. դ., որի առաջին դուքսն էր Հարավային Իտալիայի Տարենտոս քաղաքի իշխան Բոհեմունդը։ Ա. դ. թեև կախված էր Երուսաղեմի թագավորությունից, սակայն իր գոյության մոտ 170 տարիներին պահպանում էր ինքնուրույնություն։ Ա. դ. մերթ դաշնակցում էր Կիլիկիայի Հայկական թագավորությանն ընդդեմ սելջուկների և Եգիպտոսի մամլուքների, մերթ ձգտում իրեն ենթարկել Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ փորձելով նվաճել Կիլիկիայի դաշտային մասը։ Ա. դ. 1268-ին նվաճեցին մամլուքները։ Տես նաև Անտիոք։ Ս. Բուռնազյան


ԱՆՏԻՈՔՈՍ III Մեծ (հուն. Άντίοχοςό Μέγας) (մ.թ.ա. 242–187), Սելևկյանների պետության թագավոր մ. թ. ա. 223-ից։ Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը։ Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները։ Մ. թ. ա. 219-ին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, Փյունիկիան և Պաղեստինը, բայց մ. թ. ա. 217-ին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք։ Մ. թ. ա. 212-ին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը։ Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան։ Սակայն նպատակին չհասնելով՝ նույն Անտիոքիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին։ Մ. թ. ա. 212–205-ին Ա. հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան՝ հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան։ Արևելյան այս արշավանքի համար ստացավ «Մեծ» պատվանունը։ Մինչև մ. թ. ա. 200 Ա. վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը։ Ստրաբոնի վկայությամբ, Ա. Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաքսիասին (տես Արտաշես Ա) և Զարիադրեսին (տես Զարեհ): Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Ա. պատերազմներ մղեց Պերգամի Եվմենոս II թագավորի դեմ։ Մագնեսիայի ճակատամարտում (մ. թ. ա. 190) ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով (մ. թ. ա. 188) հրաժարվեց Տավրոս լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից՝ վճարելով խոշոր ռազմատուգանք։ Սելևկյանների պետությունը անկում ապրեց։ Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ։

Գրկ. Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Ե., 1940։ Դ. Սարգսյան


ԱՆՏԻՊԻՐԻՆ, ֆենազոն, ցավը հանգստացնող, ջերմությունն իջեցնող և հակաբորբոքային դեղամիջոց։ Օգտագործվում է փոշիների և հաբերի ձևով՝ նյարդացավերի, ռևմատիզմի, խորեայի և մրսածությունից առաջացած հիվանդությունների դեպքերում։ Ա–ի 10–20%-անոց լուծույթներն օգտագործում են քթային և այլ բնույթի արյունահոսությունները դադարեցնելու համար։


ԱՆՏԻՊՈԴՆԵՐ (հուն. Αντίποδες – հակոտնյա, <անտի… + πούς – ոտք), բջիջներ,