62 ԱԳՈՒԼՆԵՐ
ԱԳՈՒԼՆԵՐ, ազգություն Դաղստանի ԻՍՍՀ հարավ-արևելյան շրջանում։ Ընդհանուր թիվը՝ 8,8 հզ. մարդ (1970)։ Ազգակից է լեզգիներին։ Լեզուն ագուլերենն է, պատկանում է իբերո-կովկասյան լեզուների լեզգիական խմբին։
ԱԳՈՒՁԵՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիպշի շրջանում, ծովափնյա հարթավայրում, շրջկենտրոնից 2 կմ հյուսիս։ 1516 բն. (1968), վրացիներ, հայեր, աբխազներ, ռուսներ։ Կոլտնտ֊ը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային ու ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Ա֊ում կա միջնակարգ դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմունք, հանգստյան տուն։ Հայերը եկել են Ցեբելդայից, 1903-ին։
ԱԴԱԲԱԶԱՐ, Ատափազար, քաղաք Թուրքիայի հյուսիս֊արևմուտքում, Բոսֆորից մոտ 120 կմ արլ., Սաքարիա գետի ձախ ափին։ Սաքարիա վիլայեթի կենտրոնը։ 90.000 բնակիչ (1970)։ Առևտրի և արդյունաբերության կենտրոն է։ Միաճյուղ գծով միացած է Ստամբուլ–Անկարա երկաթուղուն։ Կան շաքարի, մետաքսի, կտավի գործարաններ։ Ստամբուլ է արտածում ծխախոտ, ընկուզենու փայտ, բոժոժ և բանջարեղեն։ Ունի գյուղատնտեսական ինստիտուտ։
Սկզբնապես Ա. փոքրիկ գյուղ էր, որ հիմնադրել էին XIV դարում Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Սեբաստիայից գաղթած հայերը, ցամաքած լճի տեղում՝ կոչելով Տոնիկաշեն (գյուղի առաջնորդի անունով)։ Հետագայում հայեր են եկել Ակնից, Թոխաթից, Պարսկաստանից և Եվրոպայից, ավելի ուշ՝ Կեսարիայից, Պարտիզակից ևն։ Թուրքերը Ա֊ում բնակություն հաստատեցին, երբ այդ հայկական բնակավայրը շեն գյուղաքաղաք էր դարձել, այնուհետև շրջակա վայրերից եկան հույներ։ Կ. Պոլսի գրավումից հետո թուրքերը երկրի վարչական բաժանումը որոշելիս գյուղաքաղաքն անվանել են «Ադա» (կղզի), իսկ որոշ ժամանակ նաև՝ «Սամըրսագ Ադասը» («Սխտորի կղզի», շատ սխտոր արտադրելու համար)։ Ավելի ուշ, որպես բանուկ շուկա, անվանել են Ադաբազար։
Մեծ եղեռնի նախօրեին Ա. ուներ 30.000 բնակիչ, կեսից ավելին՝ հայեր, որոնք զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, պտղաբուծությամբ և շերամապահությամբ։ Ունեին հատուկ խոսվածք (տես Նիկոմեդիայի բարբառ)։ Հայերը կենտրոնացել էին եկեղեցիների անուն կրող չորս թաղամասերում՝ Ս. Հրեշտակապետի, Ս. Կարապետի, Ս. Լուսավորչի և Ս. Ստեփանոսի։ Յուրաքանչյուր եկեղեցի ուներ տղաների և աղջիկների նախակրթարաններ և մանկապարտեզներ՝ Արամյան֊Գայանյան, Ներսեսյան֊Սանդուխտյան, Ռուբինյան֊Հռիփսիմյան և Մեսրոպյան֊Նունյան։ 1909-ին բացվեց կենտրոնական երկրորդական վարժարանը՝ տղաների համար, իսկ 1912-ին՝ աղջիկների լրացուցիչ դասընթացը։ Գործում էր նաև «Մանուշակ» մանկապարտեզ֊նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը։ Յուրաքանչյուր թաղ ուներ թաղական խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա֊ում հայերն ունեին իրենց հասարակական կազմակերպությունները. Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան֊ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը։ Գործում էին նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910-ից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, որը 1911-ից տպագրվում էր Կ. Պոլսում։ Ա֊ի «Ատրուշան» տպարանում, 1912-ին տպագրվել է «Բութանիա» շաբաթաթերթը։ 1915-ին Ա֊ի հայ բնակչությունը տեղահանվեց և կոտորվեց։ 1918-ի զինադադարից հետո շուրջ 4000 հայեր վերադարձան, և հայկական կյանքն սկսեց վերակենդանանալ։ Սակայն 1921-ի ամռանը՝ հունական բանակի նահանջի ժամանակ, բոլոր հայերը հեռացան Զմյուռնիա, Հունաստան և այլ երկրներ։
«ԱԴԱԲԻ ԷՐՄԱՆԻՍՏԱՆ» («Գրական Հայաստան»), ադրբեջաներեն գրական տարեգիրք։ Հրատարակվում է Երևանում, 1957-ից։ «Ա. Է.»֊ի էջերում տպագրվում են Հայաստանում ապրող ադրբեջանցի գրողների ստեղծագործություններ, հայ-ադրբեջանական գրական֊թատերական կապերին վերաբերող ուսումնասիրություններ, թարգմանութ. հայ գրողներից։
ԱԴԱԹ (արաբ․ սովորույթ), մահմեդական ժողովուրդների մեջ նիստուկացի և հասարակական վարքագծի օրենքի ուժ ստացած նորմեր՝ հակադիր կրոնական իրավունքին՝ շարիաթին։ Ա. հիմնականում ձևավորվել է տոհմացեղային հարաբերությունների պայմաններում։ Ա֊ին յուրահատուկ է բազմազանությունը, տարբեր նորմերի են հետևում երբեմն միևնույն ժողովրդի հատվածները։ Ըստ Ա֊ի, «արյունը արյամբ են լվանում» (տես Արյան վրեժ), «եղբայրների առկայության դեպքում քույրերը ժառանգ չեն», «հարսին պետք է գնել» (տես Ղալիմ) ևն։ ՍՍՀՄ֊ում սովետական իրավունքին անհարիր Ա֊ները անօրինական են, չհակասող Ա֊ները ճանաչվում են որպես սովորույթներ։
«ԱԴԱԼԵԹ», Էդալաթ (պարսկ. արդարություն), իրանցի բանվորների սոցիալ֊դեմոկրատական կազմակերպություն։ Ստեղծվել է 1917-ի մայիսին։ «Ա.»֊ի սոցիալական հենարանը Իրանից գաղթած, նավթարդյունաբերության մեջ աշխատող բանվորությունն էր, իսկ գաղափարական֊քաղաքական ղեկավարը՝ ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեն։ «Ա.» գործել է Ադրբեջանում, Միջին Ասիայի մի քանի քաղաքներում, Աստրախանում, նաև՝ Իրանում։ 1920-ին Ռուսաստանում եղած «Ա.»֊ի կազմակերպությունները ձուլվեցին տեղական կոմունիստական կազմակերպություններին։ 1920-ի հունիսի 22–24-ը Էնզելիում տեղի ունեցած I համագումարում «Ա.»֊ի իրանական կազմակերպությունները միավորվեցին՝ կազմելով Իրանի կոմկուսը։
ԱԴԱԼՅԱՆ Նորայր Մարտիրոսի (ծն. 1936), հայ սովետական գրող, գրականագետ։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ ՍՍՀՄ գրողների միության անդամ (1966)։ Ծնվել է հուլիսի 30-ին, Սիմֆերոպոլում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի անցել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Ճանաչվել է «Ետ մի՛ նայիր» (1963), «Արագածի ձյուները» (1967) պատմվածքների ժողովածուներով։ Գրել է «Սովետահայ պատմվածքը» (1968) աշխատությունը։
ԱԴԱԼՅԱՆ Ռուբեն Մարտիրոսի (ծն. 1929), հայ սովետական նկարիչ, ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1972)։ Ծնվել է նոյեմբերի 10-ին, Սիմֆերոպոլում։ 1950-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանը, 1956-ին՝ գեղարվեստա֊թատերական ինստ֊ը։ Ա. բազմաժանր նկարիչ է։ Լավագույն գործերից են՝ «Սուսերամարտիկ», «Չթամբած ձիեր» (1962), «Դեպի Երևան» (1968), «Հիրոսիմա» (1966), «Մետամորֆոզ» (1965–70)։
ԱԴԱՄ (Adam) Ռոբերտ (1728–1792), անգլիացի ճարտարապետ։ XVIII դ. անգլիական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ Ծնվել է հուլիսի 3-ին, Քերքոլդիում։ Աշխատել է եղբոր՝ Ջեյմս Ադամի (1730–94) հետ։ Ստեղծել է անգլիական ճարտարապետության նոր դասական ոճը («Ադամի ոճ»), որը տարածվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ա-ի նախագծերով Լոնդոնում կառուցվել են փողոցներ, թաղամասեր (Ադելֆի, 1768–72), հրապարակներ, Էդինբուրգի համալսարանը (1789-1791) և առանձնատներ (Քենվուդ֊հաուզը Լոնդոնում, 1767–69)։
Հենվելով անտիկ ճարտարապետության ուսումնասիրության վրա՝ Ա. կիրառել է դասական ձևեր, մեծ ուշադրություն նվիրել ինտերիերին, ներքին հարդարմանը և կահավորմանը։ Մահացել է մարտի 3-ին, Լոնդոնում։
ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ (եբր. adam — մարդ և hawwah — կյանք), ըստ Աստվածաշնչի, մարդկային ցեղի նախահայրը և նախամայրը։ Հրեական առասպելի համաձայն, աստված Ադամին ստեղծել է կավից, իսկ Եվային՝ Ադամի կողոսկրից և բնակեցրել դրախտում։ Աստված էլ նրանց արտաքսել է դրախտից, երբ օձի գայթակղումով Եվան, իսկ ապա նրա դրդումով Ադամը ճաշակել են բարու և չարի իմացության ծառի արգելված պտուղը։
Մարդու՝ կավից առաջանալու առասպելը պատմվել է դեռևս Միջագետքում և Հին Եգիպտոսում։ Իմաստն այն է, որ հողից սերելով՝ մարդն ի վերջո հող է դառնում։