Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

1887-ին հայագետ Նորայր Բյուզանդացին Ստոկհոլմում հրատարակել է «Քննասեր» հանդեսը, որը երկրորդ պրակից (1889) հետո դադարել է։ Շվեդահայ գաղութի համայնքային կյանքի կազմավորման գործում կարևոր դեր է կատարում կապը հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ։

ՍՏՈԿՀՈԼՄԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, հիմնադրվել է 1753-ին, Ստոկհոլմում՝ Շվեդական թագավորական ԳԱ նախաձեռնությամբ։ 1931-ին տեղափոխվել է Սալտշյոբադեն (Ստոկհոլմից 15 կմ արլ․)։ 1973-ից Ստոկհոլմի համալսարանի հիմնարկ է։ Գործիքներն են 1 մ տրամագծով պարաբոլական ռեֆլեկտորը, օբյեկտիվ պրիզմաներով Շմիդի աստղադիտակը (հայելու տրամագիծը՝ 1 մ)։ Գիտական հետազոտությունները վերաբերում են ակտիվ գալակտիկաների և աստղերի առաջացման պրոբլեմներին, որոնք սերտորեն կապված են Բյուրականի աստղադիտարանում ուսումնասիրվող հարցերի հետ։

Է. Խաչիկյան

ՍՏՈԿՈՎՍԿԻ (Stokowski) Լեոպոլդ (1882, Լոնդոն –1977, Հեմփշիր, Անգլիա), ամեր․ դիրիժոր։ Ազգությամբ՝ լեհ (մայրը շոտլանդուհի էր)։ Ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական կոլեջը, կատարելագործվել Փարիզում, Բեռլինում։ Որպես դիրիժոր հանդես է եկել 1908-ից, Լոնդոնում։ Հյուրախաղերով հանդես է եկել իր գլխավորած (1912–36) Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին համաշխարհային ճանաչում է բերել։ Ղեկավարել է նաև ԱՄՆ–ի այլ խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ իր իսկ ստեղծած Համաամերիկյան երիտասարդական (1940–42), ապա Հոլիվուդի (1945–49), Նյու Յորքի ֆիլհարմոնիկ (1949–50) ևն։ Հիմնադրել է Ամեր․ սիմֆոնիկ նվագախումբը Նյու Յորքում (1962–ին)։ 1970–77-ին եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Ստոկովսկին համաշխարհային երաժշտ․ մշակույթում ամեր․ ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից է (լայն լսարան նվաճելու համար հանդես է բերել հնարամտություն, ունկնդիրներին զարմացրել ամեր․ կոմպոզիտորների նորագույն բարդ երկերի կատարմամբ, դահլիճում կիրառել լուսային էֆեկտներ ևն)։ Մեծ դեր է խաղացել որպես երաժշտ․ լուսավորիչ՝ կազմակերպել է մանուկների և պատանիների համար համերգների շարքեր։ Գրել է «Երաժշտությունը բոլորիս համար» գիրքը (1943), նկարահանվել կինոնկարներում («Հարյուր տղամարդ և մի աղջիկ», «Ֆանտազիա», «Կառնեգի–հոլլ» ևն)։ Երաժշտ․ երկերի հեղինակ է։ 1958-ին հանդես է եկել ՍՍՀՍ–ում:

Գրկ. Стоковский Леопольд, в сб․։ Современные дирижёры, сост․ Л․ Григорьев, Я․ Платек, М․, 1969․

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ (< հուն, σιόμα – բերան և ․․․ լոգիա), գիտություն բերանի խոռոչի օրգանների, ատամների, ծնոտ–դիմային հատվածի հիվանդությունների, դրանց բուժման, կանխարգելման և վերականգնման մասին։ Ստոմատոլոգիան բաղկացած է 3 հիմնական բաժիններից՝ թերապևտիկական, վիրաբուժական (դիմային վիրաբուժության հետ) և օրթոպեդիական։ Վերջին տարիներին ստոմատոլոգիայից առանձնացել է մանկական ստոմատոլոգիան, որն ուսումնասիրում է բերանի խոռոչի օրգանների կառուցվածքը և ֆունկցիան՝ երեխայի զարգացման տարբեր շրջաններում, ինչպես նաև երեխաների ծնոտ–դիմային համակարգի զարգացման տարիքային օրինաչափությունները և ստոմատոլոգիական հիվանդությունները։ Թերապևտիկական ստոմատոլոգիան ուսումնասիրում է ատամների, հարատամնային հյուսվածքների, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները, դրանց բուժումն ու կանխարգելումը։ Վիրաբուժական ստոմատոլոգիայի խնդիրն է ոչ միայն ատամների հեռացումը, այլև դեմքի և ծնոտների վիրահատումը բնածին, ձեռքբերովի արատների, չարորակ և բարորակ ուռուցքների ևն ժամանակ։ Օրթոպեդիական ստոմատոլոգիան, ուսումնասիրում և օրթոպեդիական մեթոդներով շտկում է ատամ– ծնոտային համակարգի բնածին և ձեռքբերովի արատները, վնասվածքները և ձևախախտումները։ Հիմնական դեր ունի ատամ–ծնոտային համակարգի վերականգնողական և կանխարգելիչ պրոթեզավորումը։

Ատամների բուժման, հեռացման և պրոթեզավորման վերաբերյալ տեղեկություններ կան դեռևս մ․ թ․ ա․ IV–V դդ․ Հին Արևելքի, Հունաստանի և Հռոմի բժշկագիտական աղբյուրներում։ Արաբ. բժշկագիտությունը մեծ ուշադրություն է դարձրել ատամների հիվանդություններին։ Ատամնաբուժության, որպես բժշկ․ գիտության, ձևավորմանը նպաստել է XVIII դ․ ֆրանս․ վիրաբույժ Պ․ Ֆոշարի ատամնաբուժության առաջին խոշոր ձեռնարկը (1728), որն ընդգրկում էր ատամների հիվանդությունների, դրանց հեռացման և պրոթեզավորման վերաբերյալ բաժիններ։ Ռուսաստանում 1810-ին հատուկ օրենքով սահմանվել է ատամնաբույժի կոչում, իսկ 1829-ին ատամնաբուժությամբ զբաղվելու իրավունք են ստացել նաև կանայք։ 1884-ին լույս է ընծայվել առաջին ռուս. ամսագիրը՝ «Զուբովրաչեբնի վեստնիկ> («Зубоврачебный вестник»)։ 1883-ին՝ Պետերբուրգում, իսկ 1891-ին՝ Մոսկվայում կազմակերպվել է ատամնաբույժների ընկերություն։ Ատամնաբուժության զարգացմանը և գիտական ձևավորմանը նպաստել են ռուս գիտնականներ Ն․ Սկլիֆոսովսկու, Ա․ Լիմբերգի, Ն․ Զնամենսկու, Մ․ Չեմոդանովի, Ն․ Նեսմեյանովի և այլոց աշխատանքները։ 1881-ին Պետերբուրգում հիմնվել է ատամնաբուժության Ռուսաստանում առաջին մասնավոր դպրոցը։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է ստոմատոլոգիական հիմնարկությունների լայն ցանց՝ պոլիկլինիկաներ և ստացիոնարներ, կազմակերպվել է ատամնաբուժական օգնության պետ․ համակարգ։ Ստոմատոլոգներ են պատրաստում հատուկ ստոմատոլոգիական ինստ–ներ և ֆակ–ներ։ 1923-ին հիմնվել է «Ստոմատոլոգիա» («Стоматология») ամսագիրը։ ՍՍՀՄ–ում ներկայումս գործում են ստոմատոլոգիական 2 խոշոր ԳՀԻ–ներ (Մոսկվայում և Օդեսայում)։ 1956-ին կազմակերպվել է ստոմատոլոգների համամիութենական ընկերություն, որը 1968-ին մտել է ստոմատոլոգների միջազգային կազմակերպության մեջ։ ՀՍՍՀ–ում ատամնաբուժական օգնության պետ․ համակարգի ստեղծման գործում մեծ են Ա․ Մաշուրի ծառայությունները (ղեկավարել է Հայաստանի ատամնաբույժների առաջին գիտագործնական խորհուրդը)։ Նրա նախաձեռնությամբ հիմնվել է ատամնապրոթեզավորման առաջին կենտրոնական լաբորատորիան (այժմ՝ Ստոմատոլոգիական I պոլիկլինիկա), կազմակերպվել են ատամնաբուժության դասընթացներ, ատամնաբուժական դպրոց (1936-ին)։ Այնուհետև ստոմատոլոգներ է պատրաստել Երևանի բժշկ․ ուսումնարանի ստոմատոլոգիական բաժանմունքը։ Ետպատերազմյան շրջանում շրջանային հիվանդանոցներին, բուժմիավորումներին, պոլիկլինիկաներին, արդ․ ձեռնարկություններին, ուս․ հաստատություններին կից ստեղծվել են ստոմատոլոգիական կաբինետներ և բաժանմունքներ։ 1946-ին հիմնվել է ծնոտ–դիմային վիրաբուժության կլինիկա, 1948-ին՝ ստոմատոլոգների և ատամնաբույժների հանրապետական գիտ․ ընկերություն։ 1961-ին Երևանի բժշկ․ ինստ–ում կազմակերպվել է ստոմատոլոգիական ֆակ․, իսկ 1973-ին բժիշկների կատարելագործման ինստ–ում հիմնվել է ստոմատոլոգիայի ամբիոն։ ՀՍՍՀ–ում ստոմատոլոգիայի զարգացմանը նպաստել են ստոմատոլոգներ Գ․ Եղիյանի, Է․ Գևորգյանի, Է․ Կիլիկյանի և այլոց աշխատանքները։ Ընդլայնվել է ստոմատոլոգիական հիմնարկների ցանցը, հանրապետությունում գործում են 22 մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկա, ավելի քան 300 բաժանմունք և կաբինետներ։

Է․ Գուլունյան

ՍՏՈՅԱՆՈՎ Զախարի (1850, այլ տվյալներով՝ 1851 – 1889), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Ազգային–ազատագրական շարժման մասնակից։ Ստարա Զագորայի (1875) և Ապրիլյան (1876) ապստամբությունների կազմակերպիչներից։ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878) հետո՝ հինգերորդ ժող․ ժողովի նախագահ (1888)։ Եղել է «Ռաբոտնիկ» («Работник», 1881), «Բորբա», («Борьба», 1885),«Սվոբոդա» («Свобода», 1887) թերթերի խմբագիր։ Հանդես է եկել արմատական դեմոկրատիզմի դիրքերից, կյանքի վերջին տարիներին՝ ի պաշտպանություն միապետ․, հետադիմական կարգերի։

Բուլղարիայի վավերական գրկ–յան ներկայացուցիչներից է։ Նրա գրչին են պատկանում թուրք զավթիչների դեմ ուղղված բուլղ․ ժողովրդի հայդուկային և ազգ․