Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տաջիկական ՍՍՀ–ում, Կարա–Կալպակական ԻՍՍՀ–ում, Հյուսիսային Կովկասում, արտասահմանում՝ Աֆղանստանում (մոտ 300 հզ.), Իրանում (մոտ 350 հզ.), Թուրքիայում (80 հզ.), Առաջավոր Ասիայի արաբական երկրներում (150 հզ.): Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 1,525 հզ., Թուրքմենական ՍՍՀ–ում՝ 1,417 հզ. (1970): Լեզուն թուրքմեներենն է: Հավատացյալ Թ. սուննի մահմեդականներ են: Թ. զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ: Թ–ի ձևավորման համար կարևոր դեր են ունեցել IX–XI դդ. երևան եկած սելջուկյան ցեղերը՝ օղուզները: Սովետական իշխանության տարիներին Թուրքմ. ՍՍՀ դարձել է ինդուստրիալ–ագրարային երկիր, զարգացել է Թ–ի գրականությունը և արվեստը, ձևավորվել է թուրքմենական սոցիալիստական ազգը:

ԹՈԻՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1828, հաշտության պայմանագիր Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, որով ավարտվել է 1826–28-ի ռուս–պարսկ. պատերազմը: Կնքվել է փետրվարի 10(22)-ին, Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մոտ): Ռուսաստանի կողմից ստորագրել է Ի. Ֆ. Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը մասնակցել է Ա. Ս. Գրիբոյեղովը: Թ. պ. բաղկացած էր 16 հոդվածից: Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում 20 մլն ռ. արծաթով ռազմատուգանք վճարել: Ռուս. և պարսկ. առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմ. նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուս, կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել ռուս. տիրապետության սահմանները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ, որի ընթացքում գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ (1828–29-ին Պարսկաստանից Անդրկովկաս ներգաղթեց շուրջ 45 հզ. հայ): Կնքվեց նաև առևտրական համաձայնագիր, որով ռուս. վաճառականները ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:

Թ. պ. ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում, նպաստեց ռուս. ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և խախտեց Անգլիայի դիրքերը Իրանում: Պայմանագիրը հատկապես բախտորոշ եղավ հայ ժողովրդի համար: Արևելյան Հայաստանը ազատագրվեց պարսկ. խաների դարավոր լծից և միացավ Ռուսաստանին, հայ ժողովրդի արլ. հատվածը իր բախտը կապեց ռուս մեծ ժողովրդի հետ: Այս առումով, միջազգային ոչ մի պայմանագիր թերևս այնպիսի դեր չի խաղացել հայ ժողովրդի կյանքում, ինչպես Թ. պ.:

Թ. պ–ի 3-րդ, 12-րդ և 15-րդ հոդվածները.

Հոդ. 3. Նորին Մեծություն Պարսկական Շահը իր անունից և իր թագաժառանգների և ժառանգորդների անունից Ռուսական Կայսրությանն է զիջում որպես նրա կատարյալ սեփականությունը Երևանի խանությունը՝ Արաքսի այս և այն կողմերում և Նախիջևանի խանությունը: Այս զիջման հետևանքով Նորին Մեծություն Շահը խոստանում է սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված վեց ամիս ոչ ավելի ժամանակամիջոցում ռուսական իշխանություններին հանձնել այն դիվաններն ու հրապարակված վավերագրերը, որոնք վերաբերում են վերոհիշյալ երկու Խանությունների կառավարմանը:

Հոդ. 12. Հօգուտ երկու տերությունների հպատակների, պայմանավորվող բարձր կողմերը որոշում են նրանց ընդհանուր համաձայնությամբ՝ Արաքսի երկու կողմերում անշարժ գույք ունեցողներին տալ եռամյա պայմանաժամ, որի ընթացքում նրանք կարող են ազատ վաճառել կամ փոխանակել իրենց անշարժ գույքը, բայց Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը որչափ վերաբերում է իրեն, սույն ներողամիտ կարգադրությունից հանում է Հուսեին Խանին, Երևանի նախկին սարդարին, նրա եղբորը՝ Հասան Խանին և Նախիջևանի նախկին Կառավարիչ Քերիմ Խանին:

Հոդ. 15. Նորին Մեծություն Շահը դրդված իր Տերությունում խաղաղությունը վերականգնելու և իր հպատակներից այն ամենը հեռացնելու բարերար ու փրկարար մտադրությամբ, ինչը կարող է էլ ավելի մեծացնել պատերազմի բերած աղետները, պատերազմ, որն այնքան հաջող ավարտված է սույն պայմանագրով, Ադրբեջան (Ատրպատական) կոչվող Մարզի բոլոր բնակիչներին և Աստիճանավորներին շնորհվում է բացարձակ ու կատարյալ ներում: Նրանցից ոչ ոք, ինչ աստիճանակարգի էլ պատկանելիս լինի, չի կարող պատերազմի կամ ռուսական զորքերի կողմից հիշյալ մարզի ժամանակավոր գրավման ընթացքում իր արտահայտած կարիքների, արարմունքների կամ վարքի համար ենթարկվել հետապնդման, ինչպես նաև վիրավորանքի: Բացի դրանից, այդ Աստիճանավորներին և բնակիչներին կտրվի, այսօրվանից հաշված, միամյա ժամանակամիջոց, որպեսզի նրանք իրենց ընտանիքներով հանդերձ կարողանան Պարս– կական Մարզից ազատ անցնել Ռուսական մարզերը, որպեսզի կարողանան դուրս կրել և վաճառել (իրենց) շարժական գույքը, առանց հանդիպելու Կառավարության կամ Տեղական իշխանությունների կողմից հարուցված որևէ արգելքի: Այդ անձանց կողմից վաճառվող կամ դուրս տարվող գույքն ու իրերը չպետք է ենթարկվեն որևէ մաքսի կամ հարկի: Իսկ անշարժ գույքի նկատմամբ սահմանվում է հինգամյա ժամանակամիջոց՝ այն վաճառելու կամ նրա վերաբերյալ կամայական կարգադրություն անելու համար: Այս ներումը, սակայն, չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև միամյա ժամանակամիջոցը լրանալը կգործեն դատական պարտքի ենթակա որևէ հանցանք կամ ոճիր:

Գրկ. Պարսամյան Վ. Ա., Ա. Ս. Գրիբոյեդովը և հայ–ռուսական հարաբերությունները, Ե., 1947: Юзефович Т., Договоры России с Востоком политические и торговые, СПБ 1896, c. 214–27. Վ. Պարսամյան

ԹՈՒՐՔ–ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1921, Ֆրանկլեն–Բույոնի կամ Անկարայի պայմանագիր, կնքվել է հոկտ. 20-ին, Անկարայում, Ֆրանսիայի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև: Նախատեսում էր դադարեցնել պատերազմական վիճակը պայմանավորվող կողմերի միջև և 2 ամսվա ընթացքում ֆրանս. զորքերը դուրս բերել Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի, որը մնում էր ֆրանս. կառավարման տակ՝ թուրք, բնակչության կուլտուրական ավտոնոմիայի իրավունքով: Թուրքիան կոնցեսիաներ էր տրամադրում ֆրանսիացիներին Բաղդադի երկաթուղու սահմանամերձ հատվածում: Դա քեմալականների դիվանագիտական հաջողությունն էր, քանի որ Ֆրանսիան փաստորեն Ազգային մեծ ժողովը ճանաչում էր որպես Թուրքիայի օրինական կառավարություն: Միաժամանակ, համաձայնագիրը ցույց տվեց, որ քեմալականները հակված են դեպի իմպերիալիստական պետությունների հետ գործարքը, որը հակասում էր այդ նույն օրերին կնքված սովետա–թուրք. պայմանագրին (տես Կարսի պայմանագիր 1921):

Թ–ֆ. հ. ծանր հետևանքներ ունեցավ Կիլիկիայի քրիստոնյա բնակչության, հատկապես՝ 100 հզ. հայերի համար, որոնք ֆրանս. զորքերի հեռանալուց հետո ստիպված էին մեկընդմիշտ թողնել իրենց հայրենիքը և ապաստան գտնել այլ երկրներում:

Գրկ, Սահակյան Ռ. Գ., Թուրք–ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1922 թթ., Ե., 1970: Veou Paul dս, La passion de la Cilicie, 1919–1922, P., 1954. Ջ. Թորոսյան


ԹՈՒՔ, թքագեղձերից արտազատվող թափանցիկ, մածուցիկ, անհամ, անգույն հեղուկ՝ թույլ հիմքային կամ թթվային ռեակցիայով (PH–5,6–7,6): Տեսակարար կշիռը՝ 1,002–1,017 (մարդկանց համար): Չափահաս մարդու օրգանիզմում օրական արտադրվում է մինչև 1,5 լ, խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 40-60 մինչև 120 լ Թ., որի բաղադրությունն ու քանակը պայմանավորված են բերանի խոռոչն ընկած նյութերի քիմ. կազմով ու խտությամբ, ինչպես նաև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակով: Կազմված է 98–99% ջրից և նրա մեջ լուծված օրգ. ու անօրգ. նյութերից: Օրգ. նյութերից են՝ սպիտակուցները, ամինաթթուները, մուցինը, տարբեր ֆերմենտներ, վիտամիններ: Թ. բերանի խոռոչում թրջում է սննդանյութերը և նպաստում կերակրագնդի առաջացմանն ու հեշտ անցանելիությանը կերակրափողով ստամոքս: Ազդում է նաև ստամոքս–աղիքային համակարգի հյութազատող և շարժիչ