Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հունիս –1909-ի հուլիս), որը ղեկավարում էին Քեռին և Սաթթար խանը։ 1909-ի ապրիլին ցարական զորքերը գրավեցին Թավրիզը։ 1909-ի հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները և սահմանադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Եփրեմ խանը։ Վերականգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը։ Ի. հ–յան երրորդ շրջանում (1909-ի հուլիս–1911-ի դեկտեմբեր) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար էդ–Դովլեի ուժերին և կանխեցին միապետության վերականգնումը։ Սակայն անգլո–ռուս., թուրք. ինտերվենցիան և ներքին հետադիմական ուժերը ճնշեցին հեղափոխությունը։

Ի. հ. XX դ. սկզբին առաջին հեղափոխությունն էր Արևելքում և ամենախոշոր իրադարձությունը Իրանի պատմության մեջ։ Ի. հ–յանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեշանցիներ, վրացիներ, ռուսներ, արաբներ, բուլղարներ ևն։ Ի. հ. մեծ աջակցություն գտավ Ռուսաստանի և Անդրկովկասի սոցիալ–դեմոկրատների կողմից։ 1912-ին, Պրագայի կոնֆերանսում բոլշևիկները, Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշավակեցին ցարական Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի նվաճողական քաղաքականությունն Իրանում։ Ի. հ–յան մեջ մեծ դեր կատարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավորական ջոկատները։ Ըստ պարսիկ պատմաբան Էբրահիմ Սաֆայիի, Ի. հ–յան 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին։ ի. հ–յան շնորհիվ հայերն ընտրվեցին տեղական ինքնավարական մարմիններում՝ էնջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում։

Գրկ. էլմար Հ., Եփրեմ, Թեհրան, 1964։ Арутюнян Г.С., Иранская революция 1905–11 гг. и большевики Закавказья, Е., 1956; Иванов М.С., Иранская революция 1905–1911 гг., М., 1957.

Գ. Հարությունյան


ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԺԿ), ստեղծվել է 1941-ի հոկտեմբերին։ Իրանական կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) ժառանգորդն ու գործի շարունակողն է։ ԻԺԿ առաջին համագումարը (1944-ի օգոստոս) ընդունել է ծրագիր և կանոնադրություն, ընտրել ԿԿ և ԻԺԿ ԿԿ–ի վերստուգիչ հանձնաժողով։ ԻԺԿ պայքարում է երկրի անկախության ամրապնդման, խաղաղության և դեմոկրատիայի, 8-ժամյա բանվորական օրվա, պետ. հողերը գյուղացիներին անհատույց հանձնելու, ագրարային ռեֆորմների իրականացման համար։ 1946-ին կառավարության կիրառած հալածանքները թուլացրին ԻԺԿ, շատ կազմակերպություններ ջախջախվեցին, ղեկավար գործիչները բանտարկվեցին, տպագիր օրգանները փակվեցին։ Կուսակցության երկրորդ համագումարն (1948-ի ապրիլ) ընդունեց նոր կանոնադրություն և մշակեց նոր պայմաններում աշխատելու տակտիկա։ 1949-ին, օգտագործելով շահի վրա կատարած պրովոկացիոն մահափորձը, իշխանությունները ԻԺԿ հայտարարեցին օրենքից դուրս։ Կուսակցությունն անցավ ընդհատակ։ 1951–53-ին, ազգային–ազատագրական շարժումների վերելքի տարիներին, ԻԺԿ լեգալացրեց իր գործունեությունը։ 1953-ի օգոստոսի պետ. հեղաշրջումից հետո ԻԺԿ նորից ենթարկվեց հալածանքների։

ԻԺԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությունների (1957, 1960, 1969, Մոսկվա) աշխատանքներին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ԻԺԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն օրգանը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության գործունեությունը ղեկավարում է ԿԿ, որն իր կազմից ընտրում է Գործադիր բյուրո։ ԻԺԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Ի. Իսքենդերին (1971-ից)։ Կուսակցության կենտրոնական օրգանն է «Մարդոմ» («ժողովուրդ») թերթը, տեսականը՝ «Դոնյա» («Աշխարհ») ամսագիրը։

ԻՐԱՆՑԻՆԵՐ, Իրանի բնակչության պաշտոնական անվանումը։ Իրանի կառավարող շրջանները բացի պարսիկներից, որ կազմում են երկրի բնակչության մոտ կեսը, Ի–ի թվին դասում են նաև մահմեդական մյուս ժողովուրդներին (ադրբեջանցիներ, քրդեր, լուրեր, թուրքմեններ ևն)։ Ազգային փոքրամասնություններ են համարվում այլադավան ժողովուրդները (հայեր, ասորիներ, հրեաներ ևն)։

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ, փաստաբանների կոլեգիայի ստորին օղակ, որի խնդիրը տվյալ շրջանի (քաղաքի) բնակչությանը իրավաբանական օգնություն ցույց տալն է։

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏ, հանգամանք, որի հետ իրավական նորմը կապակցում (պայմանավորում) է իրավահարաբերությունների ծագումը, փոփոխումն ու դադարումը։ Ի. փ–երը կոնկրետ կենսական հանգամանքներ են (գործողություններ, դեպքեր), որոնք առաջանում են սուբյեկտների կյանքում (ծնունդ, դժբախտ պատահար, հանցագործություն ևն)։ Ի. փ–երը ծագում են մարդկանց կամքով (գործողություններ) կամ մարդկանց կամքից անկախ (դեպքեր)։

ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հասարակական գիտակցության ձև, հայացքների, գաղափարների համակցություն, որն արտահայտում է մարդկանց, դասակարգերի, սոցիալական խավերի վերաբերմունքը իրավունքի, օրինականության, արդարադատության նկատմամբ։ Ի–յան խտացված արտահայտությունը իրավական գաղափարախոսությունն է՝ սոցիալական և գիտական տեսակետներով պայմանավորված իրավական հայացքների ամբողջությունը։ Ի–յան հոգեբանական կողմը կազմում են իրավական երևույթների նկատմամբ մարդկանց սովորություններն ու զգացմունքները։ Շահագործողական հասարակարգերում հակամարտ դասակարգերն ունեն հակադիր Ի.։ Սոցիալիստական Ի. հասարակության բոլոր անդամների իրավական հայացքների, պատկերացումների ու զգացմունքների ամբողջությունն է, պայմանավորում է սոցիալիստական իրավունքի նպատակներն ու խնդիրները՝ օրինականություն և արդարացիություն, հարգանք հասարակական սեփականության և աշխատանքի նկատմամբ, հայրենասիրություն, հետևողական դեմոկրատիզմ, ինտերնացիոնալիզմ, իսկական իրավահավասարություն։ Հասարակության առջև պատասխանատու լինելուն զուգընթաց անհատի իրավունքների և ազատությունների զարգացմամբ ՍՄԿԿ մշտապես ամրապնդում է սոցիալիստական Ի. սովետական քաղաքացիների գիտակցության մեջ։

Վ. Մուսախանյան

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է դասակարգային հասարակության իրավական վերնաշենքը։ Ի–յան առաջացումը պայմանավորված է իրավունքի առաջացմամբ։ Նրա ծագման և զարգացման պատճառնե