Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ԿԱՄԲԷՃԱՆ, Կամբիճան, Կամբեճ, Կապիճան, Կամբեխճան, Քամբեճան (հուն. Καμβυσηνη, արաբ. Qambǐrān), գավառ Անդըրկուրյան կամ Խորին Հայքում, Կուր գետի և Կապկոհ լեռնագոտու միջև, Կամբեճ (Իորի) և Աղվան (Ալազան) գետերի ստորին հովտում: Մ. թ. ա. IIդ. սկզբից հայաբնակ Կ. մտել է վերամիավորված Մեծ Հայքի պետության մեջ: I դ. հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը Կ. անվանում է Հայոց ծայր հս. և «ձնառատ» գավառ, որն արմ–ից սահմանակից էր Վիրքին, արլ–ից՝ Աղվանքին: V դ. մտել է Աղվանից մարզպանության, իսկ V դ. վերջից՝ Հայոց Արևելից կողմանքում ստեղծված Առանշահիկ թագավորության մեջ: Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք (478–510) Կ–ում հիմնավորապես հաստատվել է քրիստոնեությունը, կարգվել «եպիսկոպոս և երիցունս և հայեցողս ի Կամբեճս»: Այնուհետև Կ. մտել է Գարդմանքի Միհրանյանների իշխանության մեջ: Արաբական տիրապետության ժամանակ (VIII –IX դդ.) Կ. միացած էր Կուրի աջափնյակի հայ իշխանություններին: Խաչենի տեր Ատրներսեհի (Սահլի որդի) թոռ և Գրիգոր–Համամի որդի Ատրներսեհ Բ ժառանգական իրավունքով տիրել է նաև Կ–ին և հարակից հողերը: 910-ին նրա հիմնած թագավորությունն ընդգրկել է բուն Կ., վրաց. Հերեթ երկրամասը (որի անունով կոչվել է թագավորությունը) և բուն Աղվանքի Շաքի նահանգը (որի անունով հաճախ կոչվել է թագավորությունն արաբ, աղբյուրներում): 958-ին Անանիա Մոկացի կաթողիկոսի՝ Արցախում գումարած քաղկեդոնական ժողովին, որին ներկա էին Հայաստանի հս–արլ․ նահանգների իշխաններն ու բարձրաստիճան հոգևորականները, մասնակցում էր նաև Ատրներսեհ Բ–ի որդին և հաջորդը՝ Կ–Հերեթի թագավոր Իշխանակը: Իշխանակի մայր Դինարը Վրաց իշխանաց իշխան Գուրգենի քույրն էր, դավանանքով՝ քաղկեդոնական: Նրա ջանքերով Կ–ի բնակչության զգալի մասը դարձավ քաղկեդոնական, որի հետևանքով այնտեղ աստիճանաբար ուժեղացավ վրաց. կրոնական ու քաղաքական ազդեցությունը: Այնուհանդերձ հետագա դարերում ևս Կ–Հերեթի վարչատնտեսական ու մշակութային կյանքում որոշիչ դեր են խաղացել հայերը, հատկապես ուշ միջնադարում, երբ Ուտիքից ու Արցախից հարյուրավոր հայ ընտանիքներ թուրքական ցեղերի ճնշմամբ հաստատվեցին այնտեղ: Ենթադրվում է, որ Կ–Հերեթի թագավորանիստ կենտրոնը գտնվել է Ալազանի աջափնյակում: Վրաց Հերակլ II թագավորը XVIII դ. Կ–ում կառուցել է Սղնախ բերդաքաղաքը, որի բնակիչները հիմնականում Խաչենից գաղթած հայերն էին: Նրանք ունեին Ս. Գևորգ և Ս. Կարապետ եկեղեցիները:

Գրկ. Աշխարհացույց [հրտ՝.Ա.Սուքրիի], Վնտ., 1881: Մովսես Կաղանկատուացի, Պաամութիւն Աղուանից աշխարհի, Թ., 1912: Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912: Մելիքսեթ–Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 1, Ե., 1934: Մնացականյան Ա., Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ, Ե., 1966: Ալիշան Ղ., Աղուանք, «Բազմավեպ», 1970, № 11-12, 1972, № 2-3, 1973, № 2: Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X–XVI դդ., Ե., 1975: Страбон, География, Л., 1964.

                                                                                              Բ. Ուլուբաբյան