Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքերին տեղեկացրին ինքնապաշտպանության կազմակերպման մասին։ Քեմալական էմիսարները հաճընցիների դեմ էին տրամադրում շրջակայքի թուրք և քուրդ բնակչությանը։ Լեռներում, անտառներում վխտացող ավազակախմբերն արգելակում էին կապը արտաքին աշխարհի հետ, սպանում բանագնացներին։ Մարտի 5-ին կազմակերպվեց Հաճնի պաշտպանների զորահանդես։ Ինքնապաշտպանության 4 վաշտ գրավեցին մարտական դիրքեր։ Հարևան գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումներից հետո, մարտի 9-ին, հաճընցիները կրկին պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի վարչապետ Բրեմոնի մոտ՝ խնդրելով օգնություն և զենք։ Վերջինս պատասխանեց, որ ֆրանս. իշխանությունն ի վիճակի չէ օգնելու։ Գրավելով շրջակայքի գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճըն։ Մարտի 12-ին քեմալական զորքերի Կիլիկիայի խմբավորման հրամանատարը հայտարարեց, որ իրենց նպատակը ֆրանսիացիներին հեռացնելն է, իսկ հայերը կճնշվեն միայն այն դեպքում, եթե դիմադրեն։ Օգնության վերաբերյալ հաճընցիների հետագա դիմումները ֆրանս. իշխանություններին (անգամ՝ Բրեմոնի տիկնոջը) ապարդյուն անցան, իսկ թուրքերը հեգնանքով հայտարարեցին, որ իրենց զենք են տվել ֆրանսիացիները։ Մարտի 17-ին թուրք, զորքերի հրամանատար Կոզան Օղլու Դողան բեյը Հաճընի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան՝ իրենց փամփուշտներով, և, իբր խաղաղություն հաստատելու համար, ուղարկել 3 բանագնաց։ Հաճընցիները, կռահելով Դողան բեյի նենգ մտադրությունը, մերժեցին վերջնագիրը։ Ապրիլի 1-ին թուրքերն անցան նոր հարձակման։ Ապրիլի 3-ին քաղաքը գրեթե շրջապատվեց, սակայն թուրքերի գրոհները նպատակին չհասան։ Ապրիլի 10-ին թուրք, զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասի վրա, իսկ 12-ին՝ Կիլիկիա թաղամասի և Ս. Հակոբ վանքի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հաջողվեց նախ ռմբակոծելով ավերել, ապա գրավել վանքը, սակայն քաղաքը լիակատար շրջապատման մեջ շարունակեց հերոսաբար պաշտպանվել։ Կատաղի կռիվներ տեղի ունեցան ապրիլի 30-ին, մայիսի 20–23-ին, հունիսի 8–9-ին և 25-ին, հուլիսի 12–13-ին։ Հուլիսին թուրք, հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծուղակը գցել հաճընցիներին, բայց ապարդյուն։ Օգոստ. 5-ին մոտ 200 կամավոր Կայծակ Ար ամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրք, դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը փոխադրեցին Հաճնի հրապարակ և կրակ բացեցին թուրքերի վրա։ Վերախմբավորելով ուժերը՝ Հաճընի պաշտպանները, հակագրոհով լուրջ կորուստներ պատճառելով թըշնամուն, սեպւո. 20-ին գրավեցին Ռումլու գյուղը։ Սակայն պաշտպանների վիճակն օրեցօր հուսահատական էր դառնում։ Ստանալով համալրումներ, հրանոթներ, զինամթերքի մեծ պաշարներ՝ թուրք. զորքն աստիճանաբար սեղմեց օղակը։ Մուստաֆա Քեմալի հրամանի համաձայն՝ թուրք. զորքը հոկտ. 14-ին անցավ նոր հարձակման։ Հրետանու կրակից ավերվեցին տներն ու դիրքերը։ Հարյուրավոր հաճընցիներ ընկան մարտական դիրքերում։ Քեմալական զորքերն ու չեթենները հոկտ. 15-ին գրավեցին Հաճընը, հրկիզեցին այն և կոտորեցին 6000 հայ բնակիչների՝ չխնայելով անգամ մանուկներին, վիրավորներին, ծերերին ու կանանց։ Միայն 365 հոգու հաջողվեց ճեղքել ու դուրս գալ շրջապատումից։ Հ. հ. թուրք, ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն էջերից է։

Գրկ. Պողոսյան Հ. Պ., Հաճընի ընդհանուր պատմությունը…, Լոս Անջելես, 1942։ Թերզյան Ս. Հ., Հաճընի ութամսյա դյուցազնամարտը, Բուենոս Այրես, 1956։ Սահակյան Ռ. Գ., Թուրք–ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ., Ե., 1970։

Ա. Հարությունյան

ՀԱՃՅԱՆ Հակոբ, տես Գավառացի։

ՀԱՃՅԱՆ Մկրտիչ [ծն. 1915, գ. էզմե (Թուրքիայում)], հայ գրող, թարգմանիչ։ 1933-ին ավարտել է Պոլսի Կեդրոնական վարժարանը, 1938-ին՝ համալսարանի դեղագործական ֆակուլտետը։ Հրատարակել է «Բոցեր» (1973), «Հողեն երկինք» (1977) բանաստեղծությունների ժողովածուները, «Կնատյացը» (1949) թատերախաղը։ Թարգմանել է Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), ժան Անույի «Ռոմեո և ժանեթ» (1950), էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ» (1949) պիեսները։ Այժմ Հ. ապրում է Մեքսիկայում։

Ս. Կուրտիկյան

ՀԱՄԱ, քաղաք Սիրիայի արևմուտքում, Համա մուհաֆազի վարչական կենտրոնը։ 203 հզ. բն. (1978)։ Երկաթուղային կայարան է, գյուղատնտ. շրջանի առևտրական կենտրոն։ Կա տեքստիլ, սննդի, կաշվի-կոշիկի, մետաղաձուլական, ցեմենտի արդյունաբերություն։

ՀԱՄԱԲԱԼՈՒՑԻԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1934-ին, դեռևս XIX դ. վերջին և XX դ. սկզբին Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքից և համանուն գավառի գյուղերից (Հավավ, Պաղին, Արթխան, Օխու, Ներխի ևն) ԱՄՆ գաղթած հայերի հայրենակցական փոքրիկ խմբերի միավորումով։ Սկզբում կոչվել է Համաբալուցիական վերաշինաց միություն։ Բալու կամ Բալահովիտ անունները հայրենիքում հավերժացնելու խնդրանքով 1967-ին միությունը դիմել է Սովետական Հայաստանի կառավարությանը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի 1968-ի դեկտ. 26-ի հրամանագրով Աբովյանի շրջանի Մհուբ ավանը անվանակոչվել է Բալահովիտ։ Հ. հ. մ. մ. սերտ կապերի մեջ է Բալահովտի հետ։ Միության կենտրոնը գտնվում է Պրովիդենս (ԱՄՆ) քաղաքում։

Պ. Մարտիրոսյան


ՀԱՄԱԲԱՐԲԱՌ (հուն. δμὁφωνος, δμοφωνἱα, լատ. consomns, concondantiad), 1. ավետարանիչների միաբարբառ վկայությունները կամ մեկնությունները Մ. Գրոց մեջ։ 2. Որևէ երկում գործածված բոլոր բառերի այբբենական դասավորությունը՝ համապատասխան բնագրային օրինակներով (կամ առանց օրինակների) և գործածության տեղի (էջի) նշումով։ Գիտական Հ–ները կարելի է բաժանել երկու տեսակի՝ բառաքերականական և բնագրային (տեքստուալ)։ Առաջինում այբբենական կարգով տրվում են հեղինակի օգտագործած բառերի, իսկ երկրորդում՝ նաև ընդարձակ բնագրային վկայություններ։ Հ–ներ կազմվել են մ. թ. II դ. սկսած (Տատիանոս Ասորի)։ Հայկ. հին Հ–ներից հայտնի են Զմյուռնիայինը (1848), որն ընդգրկում է Նոր կտակարանը, և Թադեոս Աստվածատուրյանի կազմած Աստվածաշնչի Հ. (1895)։ Մեր օրերում կազմվել ու հրատարակվել են գրաբարալեզու մի շարք հեղինակների (Եզնիկ, Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Դրասխանակերտցի և այլք) երկերի Հ–ները։

Գրկ. Անասյան Հ. Ա., Հայ համաբարբաոային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը, «էջմիածին», 1971, J № 11 – 12, 1972, № 1–4։ Թոսունյան Գ. Բ., Գրաբարալեզու հեղինակների քարտարանի և համաբարբառի մասին, «ԼՀԴ», 1976, № 9։

Գ. Թոսունյան

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, որևէ խոշոր կազմակերպության ներկայացուցիչների (պատգամավորների), ազգաբնակչության խմբերի, որևէ բնագավառի գործիչների ժողով (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցության համագումար, Սովետների համագումարներ, Սովետների համառուսաստանյան համագումարներ)։ Մի շարք կազմակերպությունների բարձրագույն մարմինը։

ՀԱՄԱԴԱ (արաբ.), քարային անապատների անվանումը Սահարայում։ Առաջանում են ջերմաստիճանի խիստ տատանումների պայմաններում՝ կարծր ապարների ճաքճքման հետևանքով։ Տարածված են սարավանդներում։ Սահարայում գրավում են ավելի քան 1 մլն կմ2 տարածություն։ «Հ.» տերմինն օգտագործվում է նաև երկրագնդի այլ վայրերում քարային անապատները բնութագրելու համար։

ՀԱՄԱԴԱՆ, քաղաք Իրանի արևմուտքում։ 239,6 հզ. բն. (1978)։ Ավտոճանապարհների հանգույց է, երկրի արմ. մասի առևտրական գլխավոր կենտրոնը։ Կան տեքստիլ, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը։ Հ–ում է Աբու Ալի իբն–Սինայի (Ավիցեննա) դամբարանը։


ՀԱՄԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, քերականորեն իրար համազոր բաղադրիչների հարաբերությունը շարահյուսական կառույցներում՝ պարզ, բարդ և այլ նախադասություններում։ Հ., որպես շարահյուսական հարաբերության տեսակ, արտահայտվում է համադասական շաղկապներով ու շարահարությամբ։ Պարզ նախադասության մեջ Հ–յան արտահայտություն է, երբ բազմակի անդամները քերականական նույն կապի մեջ են գտնվում նախադասության միևնույն անդամի հետ։ Բարդ նախադասության մեջ Հ. քերականական ինքնուրույն կարգ է և ունի տարբեր դրսևորում-