472 ՄԵՍՐՈՊԱՎԱՆԻ
ՄԵՍՐՈՊԱՎԱՆԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔ, Մեսրոպ Մաշտոց վանք, ճարտարապետական հուշարձան պատմական Գողթն գավառի Մեսրոպավան (Մսրվանիս, Մասրևան) գյուղում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՄՀ Օրդուբադի շրջանի գ․ Նասըրվազ)։ Ըստ ավանդության հիմնադրել է Գողթնի Շաբիթ իշխանը 456-ին։ Ավերվել են վանական համալիրի քառանկյուն պարիսպը, գավիթը, օժանդակ շինությունները։ Պահպանված միակ հուշարձանը կիսավեր, ուղղանկյուն հատակագծով, քառամույթ գմբեթավոր եկեղեցին է, որի ութանիստ թմբուկի նիստերին լուսամուտներ են։ Հուշարձանին արմ–ից կից է եղել գավիթ–սրահը։ Ըստ վիմագիր արձանագրությունների եկեղեցին վերանորոգվել է XV և XVII դդ–ում, վերջին անգամ՝ XIX դ․ վերջին։ Եկեղեցուց հս․ գերեզմանատունն է։
Գրկ․ Լալայան Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան և կամ Գողթն, «ԱՀ», գիրք 11–12, Թ․, 1904–05։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։
ՄԵՍՐՈՊՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ, տես Հայկական գիր:
ՄԵՍՐՈՊՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ (Մեսրոպյան վարժարաններ), V դ․ Հայաստանում Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած հայկական դպրոցները։ Առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցը դպրոց հիմնել է դանիելյան գրերը Հայաստան բերվելուց հետո (մոտ 404-ին)։ Հայկ․ գրերի գյուտից (405–06) հետո նա եռանդուն աշխատանք է ծավալել՝ Արևելյան, ապա Արևմտյան Հայաստանում դպրոցներ հիմնել, դասավանդման օրինակ տվել։ Դասավանդվել են հայոց լեզու, հայոց երգ, երաժշտություն, գրչության արվեստ, կրոնական և աշխարհիկ առարկաներ ևն։ Մ․ դ–ներից մի քանիսը վերաճեցին համալսարանների, նույն սկզբունքներով հիմնվեցին նոր համալսարաններ։ XIX դ․ Հայաստանում և հայկ․ գաղթավայրերում, ինչպես և այժմ սփյուռքում մի շարք հայկ․ դպրոցների տրվել է Մեսրոպյան վարժարան անունը։
ՄԵՍՐՈՊՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տարբեր ժամանակ Կ․ Պոլսում և այլուր գործած կրթական–լուսավորական կազմակերպություններ։ Առաջինը հիմնել են (1847) Կ․ Պոլսի կաթոլիկ հայերը (կոչվել է նաև Մեսրոպյան եղբայրություն)։ Նրա խնամակալությամբ գործել է նույնանուն վարժարան։ 1888-ին ընկերությունը վերակազմվել է՝ հոգալով նաև վարժարանի չքավոր աշակերտների ուսումնական ծախքերը։ 1854-ին կազմվել է մեկ այլ Մ․ ը․, որի նպատակն էր տպագրել գրական գործեր (1855-ից հրատարակել է նաև «Աստղիկ արևելյան» ամսագիրը)։ Նույն թվականի վերջին ընկերությունը ցրվել է, դադարել է նաև ամսագրի լույսընծայումը։ 1864-ին Մ․ ը․ է հիմնվել նաև Կ․ Պոլսի Ռումելի Հիսար թաղամասում (նպատակներից մեկը եղել է աղքատ արհեստավորներին ձրի ուսում տալը)՝ գոյատևելով մինչև 1880-ական թթ․։ 1869-ին Մ․ ը․ է ստեղծվել Կ․ Պոլսի Եենի Գաբու թաղամասում։ 1881-ի փետրվարին Զմյուռնիայում ևս հիմնվել է Մ․ ը․, որը ծավալել է կրթական–լուսավորական եռանդուն գործունեություն։
Գրկ․ Պողոսյան Ե․, Պատմություն հայ մշակութային ընկերություններով հ․ 1, Վնն․, 1957։
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ, տես Գրաբար։
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Զմյուռնիայում, հիմնվել է 1799-ին՝ հայ համայնքի նվիրատվություններով։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվել են հայերեն, հուն․, թուրք․, իտալ․, թվաբանություն (հետագայում՝ երկրաչափություն, հանրահաշիվ), պատմություն, դիցաբանություն, աշխարհագրություն, գծագրություն, վայելչագրություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, ֆրանս․, անգլ․, 1886-ից՝ աշխարհաբար։ 1850-ական թթ․ սովորում էր 400, ավելի ուշ՝ 600 աշակերտ։ Դասավանդումը տարվում էր միջնակարգ դպրոցի ծրագրով։ Շրջանավարտները կարող էին ընդունվել բարձրագույն ուս․ հաստատություններ։ Մինչև 1877-ը ուսուցումը ձրի էր, այնուհետև՝ չափավոր վարձով, ուներ գիշերօթիկ բաժին։ 1840–1845-ին գործել է տպարան, հրատարակվել է 10 անուն գիրք։ Լույս են տեսել «Թութակ հայկազյան» և «Երկասեր» մանկական հանդեսները, որոնցում տպագրվել են դպրոցականների ստեղծագործությունները։ Մ․ վ․ ուներ հարուստ գրադարան, բնագիտական թանգարան։ 1891-ին ստեղծվել են կիրակնօրյա, շաբաթօրյա ու երկօրյա դասընթացներ՝ ուսուցումից դուրս մնացած երիտասարդության համար։ Վարժարանի տեսուչներ են եղել Հ․ Վանանդեցին, Ա․ Փափազյանը, Մ․ Ոսկանյանը, Մ․ Մամուրյանը, Հ․ Իֆեկճյանը, Մ․ Աղաբեկյանը, Թ․ Պոյաճյանը և ուրիշներ։ Սովորել են Ղ․ Պալդազարյանը, Խ․ Մելիքսելումյանը, Տետեյան եղբայրները, Մ․ Ոսկանյանը, Ս․ Վանանդեցին, Գ․ Չիլինկիրյանը, Մ․ Մամուրյանը, Մ․ Աղաբեկյանը, Գ․ Բաբազյանը, Գ․ Մարկոսյանը, Մ․ Նուպարյանը, Գ․ Մսերյանը, Մ․ Ապրոն և ուրիշներ։ Վարժարանը տվել է ավելի քան 1500 շրջանավարտ։ Գոյատևել է մինչև 1922-ը, երբ հույն–թուրքական պատերազմի հետևանքով գաղթավայրը վերացել է։
ՄԵՍՈՒՄԵՆՑ Ավետիս Գևորգի [ծն․ 6․1․1905, Արաբկիր (Արևմտյան Հայաստանում)], հայ կոմպոզիտոր։ 1930-ին ավարտել է Լիոնի կոնսերվատորիան։ 1946-ից հաստատվել է Փարիզում, երկար տարիներ ղեկավարել «Սայաթ–Նովա» ազգագրական անսամբլը։ Բազմաթիվ մեներգերի, զուգերգերի, խմբերգերի, կամերային երկերի, բալետի և օպերաների (դրանց թվում՝ «Անուշ», ըստ Հ․ Թումանյանի) հեղինակ է։ Նրա չորս՝ «Նաիրյան» ծրագրային սիմֆոնիաները նվիրված են հայ ժողովրդի պատմական անցյալին և վերածննդին։ Բեյրութում շահել է երկու առաջին մրցանակ՝ «Մեսրոպյան լեզու» (Պ․ Սևակի բանաստեղծությամբ) կանտատի, 1965-ին՝ «Եղերական համանվագ»-ի համար։ Առանձնապես արժեքավոր են Տարոնի, Արաբկիրի, Եդեսիայի, Չմշկածագի, Շապին Գարահիսարի ժող․ երգերի գրառումներն ու դաշնավորումները։
ՄԵՏԱ․․․ (< հուն μετά – դուրս, հետո, միջև), բարդ բառերի սկզբնամաս, որն արտահայտում է ինչ–որ բանին հաջորդելը, անցումը ինչ–որ այլ բանի, վիճակի փոփոխություն (օրինակ, մետալեզու, մետատեսություն, քիմիայում՝ մետա–քսիլոլ)։
ՄԵՏԱԲԱԶԻՏ (< մետա․․, և հուն․ βάσις - հիմք), մետամորֆային ապար, առաջացել է հիմքային մագմատիկ ապարների մետամորֆիզմի հետևանքով։ Մ–ներին են պատկանում մետամորֆացված դիաբազները, գաբբրոները, դիորիտները և երբեմն՝ թերթաքարերն ու ամֆիբոլիտները։ Տես Մետամորֆային ապարներ։
ՄԵՏԱԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բարոյականության զուտ ձևական նեոպոզիտիվիստական տեսություն։ Ի հակադրություն նորմատիվ բարոյագիտության, Մ․ դիտվում է որպես բարոյականության գիտատնտեսական հետազոտման միակ բնագավառ։ Փորձելով ստեղծել բարոյականության փիլիսոփայություն, նեոպոզիտիվիզմը բարոյագիտության խնդիրները սահմանափակում է բարոյագիտության լեզվի տրամաբանության վերլուծությամբ, բարոյագիտության տերմինների ճշգրտմամբ և դասակարգմամբ։ Քննադատելով Մ–յան մեթոդաբանական նախադրյալները՝ մարքսիստական բարոյագիտությունը չի ժխտում այդ պրոբլեմատիկայի կարևորությունը, «Մ․» տերմինը օգտագործելով բարոյագիտության իմացաբանական և տրամաբանական պրոբլեմների ուսումնասիրության իմաստով։
ՄԵՏԱԲՈԼԻԶՄ (< հուն., μεταβολή – փոփոխություն, փոխակերպություն), տես Նյութափոխանակություն։
ՄԵՏԱԲՈԼԻՏՆԵՐ, տես Նյութափոխանակության արգասիքներ:
ՄԵՏԱԳԱԼԱԿՏԻԿԱ (մետա․.․ և Գալակտիկա), գալակտիկաների և նրանց խմբերի հսկայական համակարգ, որի մասն են կազմում ժամանակակից խոշորագույն աստղադիտակների համար մատչելի բոլոր գալակտիկաները։ Մ–ի ներկայումս դիտվող մասում գալակտիկաների թիվն անցնում է մեկ միլիարդից։ Մեր Գալակտիկայի կամ Ծիր կաթինի համակարգի ամենամոտ հարևաններն են Մագելանի մեծ և փոքր ամպեր կոչվող գալակտիկաները, որոնց հեռավորությունը շուրջ 160․000 լս․-տ․ է, իսկ հայտնիներից ամենահեռավորներինը՝ ավելի քան 10 մլրդ լս․-տ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/472
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ