Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ
Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։
«Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։
1893
|
|