Բամպակ բերան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փոքրիկ երազատեսը Բամպակ բերան

Թլկատինցի

Ձեր խելքին չի պառկիր
[ 81 ]
ԲԱՄՊԱԿ ԲԵՐԱՆ

Խ…ցիները աս անունը կուտակին ան վարդապետին, որու գլուխին ու մորուքին մազերուն հետ հոնքերն ու քիթին վրայի աղվամազերն ալ ձյունի պես ճերմակ, աղնված բամպակի չափ ալ կակազ կերևային։ Դեռ անոր երեսներուն միսն ալ ճերմակ, հրեշտակ մը կարծես կամ էնդեմեն եկած պատգամավոր սուրբ մը անտարակույս։ Բայց ավելի ստույգը վանահայր վարդապետ մըն էր ան, որ տարին անգամ մը մոտակա այն վանքեն այն գյուղը այցելելով, պտղի կամ հոգեբաժնի պես տուրք մը կհավաքեր ու մեկ քանի օր վերջը իր տեղը կդառնար, առջևեն վարելով բեռցված էշերու երկարաձիգ կարավան մը, որուն վերջինին վրա ալ ինք հայր սուրբը պիտի բլրանար։

Այդ ճամփան, այդ վիճակին մեկ քանի օրհնություններ բնականաբար տուրս ողորմության կամ մանավանդ առատս բերողներու հասցեին։

Բայց ինքն ալ ինչ կձգեր ետևը, զոր ի վայելելն գեղացին մխիթարվեր ոևէ դեպս: Վանահայրը մտավոր պաշարե զուրկ բոլորովին, հազիվ կրնա աղոթք մը ծամծմել, հազիվ ավետարան մը երեք, չորս մոմերու լույսով, մնացածը իր բերնին մեջ ան խոսքերն են, որ բեմին վրայեն կարտասանե, կամ ավելի ճիշտ՝ կռնգե ստեպղինի չափ կարմիր ու խոշոր քիթի մը մեջեն, խոսքեր, որ հերվա կամ առջի տարվա ըսածներն են նորեն, էն պզտիկ շեշտը գերանի հաստությունով կխրվի ականջներու, «տուք և տացցի ձեզ, միոյն փոխարէն հազարապատիկս տացցի», ու այսչափը միայն տասն անգամ, քսան անգամ ու մեկ քարոզի մեջ, լսողին գլուխին վրա տանիքին փլիլն ալ անբնական դեպք մը չպիտի ըլլա։ Խոսքեր՝ միշտ նույնը ու ան անգամինն ալ այնպես, «վանք, վանական, անասելի խեղճության մը մեջ կգտնվին եղեր, ուրի՞շ — էշն ու էշպանը ծամ-ծամելիք չունին, բանվոր տղաքը շապիկ շապկընկեր չունին, ես պատարագի կկայնիմ, պտիկ մը բաժկցու չունիմ, ի՞նչ ունիմ, որ գալող գնացողին առջև երես ճերմկցնե. տարին տասներկու ամիս սոխ–սխտոր կըլլի ուտածնիս, անոնց ալ որպես խնձոր հասրեթը քաշեցինք, ոսպն ու ճուլպանտը քիշմիշ չամիչի պես կծամեինք, աս տարի անոնք ալ չունեցանք ու միայն ճանճոտ բակլա մը աղացինք չենկընուս տակ, բանն հոն է, որ ես բամպկոտած ծեր մը պունտան պեյլե, բակլա ծամող ակռան ալ չունիմ բերանս։ Ո՛րն ըսեի, սիրելիներս, ո՛րը [ 82 ] մոռնայի քանի տարի է, որ վասն վասն ծովացյալ մեր մեղաց, ըխտավորն ալ պակսեր՝ իրիկուն կըլլի, ճրագները շենցնելու ձեթը պիլե պակսած կգտնենք։ Էգին կարկուտը զարկեց, թթենիներուն վրայեն սև ճնճղուկ ըսված անհարկի չարերը անցան, նազենիմ թթենիներն ալ աս վերջինները զարկին ջնջեցին։ Սուտ չեմ ըսեր, կարգս ու կարգավորությունս վկա, որ սուտ չեմ խոսեր, աս տարին վանքին էմեքտար քմոշն (գամբռին անունը) ալ մեր մեղքեն գայլերը տարին խեղդեցին ու անշուն գիշերներ կանցնենք հիմա, որ գեշ բան է ու գիշերը տարի կըլլի աչվընուս վրա։ Ան քմոշն ալ ե՞րբ անանկ թոլ կամ տկար պիտի գտնվեր, որ ան գայլերուն հաղթվեր, ես աղեկ գիտեմ, թե ան խեղճ էմեքտար անասումն ալ հայտնի անոթութենե ինկավ մեռավ։

Հեյ վա՜խ, հեյ վա՜խ, անանկ ալ սորվեր կապրեր մարդու հետ ու մանր տավարներուն ալ հետ, որ վանքը դի մը, ան էժտեհերի պես քմոշն ալ դիյ մը կհասկնայինք, վա՛խ, զավալլի անասուն։ Ան որ կհաչեր, Դատմա բոլոր ժայռերն ու լեռները դող կելլային։ Ուրեմն, բարեպաշտ (կերևի չըսելու համար շնապաշտ) սիրելիներս, աս տարի ալ ձեր առատ տրոքն ու ողորմությամբը բարեզարդեցեք վանքն ու նմին եղեալքները, ինչ որ տաք, ինչով ողորմիք, տվեք, հավեղեն ալ տաք նը, ի նույնս գրեսցի, խաթուն մամաներ, խաթուն հարսներ։ Դատմա վանքը հավուց ձագուց ալ կարոտ ընկավ աս տարի, բոլոր հավնոցին համար երեք խոռոզ ունեինք, երեքն ալ ուրուրները տարին, հավերն ալ ձեզնե ոմանց պես որբևայրիներ մնացին։

Օրհնյալ ըլլի Խմիկ Խաչոյին տղան՝ Ասատուրը, երեկ չէ առջի օրը ռուպ մը գարի տալու ատենը իր դուռը մեծցող ճինս շուներեն խոշոր գութիկ մըլ քմոշին տեղակալ տվավ, որ վանք խավրեցի սպասավորին հետ, որո ևս փոխարեն վարձս բարյաց ընկալցի, և յուր տունն ու տնվորին սերովբեիվք և քերովբեիվք պահեսցի»։ Վանահայրը ասկե ավելի չէր կրնար լոմլոմել ու ահա հացեղեն, հավեղեն և զանազանք չեղեալը ի պարկս պեսպեսս յուղվոյ անկաներ լի օրհնությամբ բերանավ, և որո ընդ առաջ եկելոցն ի միջի, ասի թե վանական կրիայքն ևս ուրախ-ուրախ ծափս հարկանեին։

Վանահայրը առատ տարիի մը հանդիպած անգամ մըն ալ կայցելե ան գեղը, ու սովորաբար միշտ նույն տունը կհյուրընկալվի, [ 83 ] ուր հանգիստ բարձերուն հետ իր կռնակին ետևը, իր սոված բերանին համար ալ կուռ կուշտ համեր կգտնե։ Գեղին մեջ հացով տուներեն կսեպվի այն մեկը, որուն մեծավորը անով ալ անուշ ու ընտանի դեմք մը, որ ինքն ալ վանք ու վանական սիրող մը երևցած է ամեն անգամ, իր հագած կապածով նաև վարդապետե մը չէր տարբերիր, գլուխեն ոտքը սև հագեր է ու ֆեսն ալ սև ներկված փակեղի մը իմաստով, վրան թխորակ պատատ մը՝ ուրիշ շուշտակի մը տարազը կհատկանշե, վարդապետ ճիշտ, որ իր ամբողջության մեջ միայն այն ըլլալ կերևա իր հակասությունը, որ կին ունի 45-50 տարիներու երկար գիշերներու շարք մը պսակված սիրունիկ բարձընկերի մը հետ ապրեր է։ Հողատեր մըն է, տղա ունի, հարսներ ունի, գեղը իրեն հետ ապրած պահելու պատեհությունն ալ ունի:

Վանահայրը ասոր տունին մեջ ընտանի դեմք մըն է, որ կհարգվի ալ ու հոն՝ ամեն երևալու շաբաթներով կմնա, քիչ մը կըսեն աղջկան կապ մը ունի այդ տունին հետ. ի՛նչպես, ի՛նչ թվականներով այն կապը, այդ չէր կարևորը, քանի որ մենք ապշեցուցիչը ամենեն առաջ միտք դրած էինք պատմել, այսչափ խոսք անոր շրջանակին պիտի ծառայեն։ Վարդապետը ան առավոտը քիչ մը կանուխ դուրս իջած է իր ասպնջականին տունեն, որ ան օրը ալ բոլորովին վերջ մը բերե իր պտույտներուն ու ժամ առաջ վանք դառնա, ամիսեն ավելի է, որ հեռացեր է անկե, հոն բաներն ի՛նչ վիճակ ունին, հետզհետե սիրտ նեղող մտմտուքներ կդառնան։ Վարդապետն ան վերջին օրը այցելած տուներուն մեկուն ալ թոնիրին եզերքը վայրկենային նստվածքով մը գինավետ սեղանիկի մը պատիվը ավելի բան մը կգտնե ու ոչ մեկունը կմերժե, մինչև քիթին կնգուղը գինի, գինիին կարմրություն, ու արունի չափ կարմրություն։ Իր հետը պտտող քահանան ու ժամկոչն ալ թեև պակաս չեն խմած վարդապետեն, բայց սա շնորհազարդ ծերուկը վանքին անգույն, անհամ ջուրը միտք բերելով, ձեռքը դրված գավաթին դուրսի կողմն ալ լզելու ագահությունը կունենա: Վերջին տունին վերջին գավաթն ալ կծծե, վերջինն ավելի համով, ավելի համով, ավելի զգլխիչ: Մեղոք ծովացյալ վարդապետը այս հափրանքներուն մեջ հիմա անպատճառ ծով մըն ալ գինի կկոհակավորե իր շլլիքեն վար տեղի մը մեջ, որ չեմ գիտեր ուր կըլլա ան։

Ալ կարելի՞ է ոտքի վրա կանգ առնել, բանը բուսած է վարդապետին, պատեպատ կզարնվի, տերտերն ու ժամկոչն ալ այն կողմը այլապես կխաղան թամզարա մը, որ մեռելին ալ խնդուք կբերեն, [ 84 ] ժամկոչը կռնակին բեռ մըն ալ ունի, իր այս ցատկտուքներուն ատենը, որ ժողված պտղին տեսակները կպարունակե, գարի, ցորեն, ճուլպանդ ու անշուշտ չորրորդ, հինգերորդ մըն ալ, որ կորեկ ու կըլկըլ պիտի ըլլան, շլիքն ու թևերն ալ խաթուն մամաներու ճախրակին կարժերն անցուցած։ Պտղիի հավաքույթի մը մեջ ի՜նչ չի գտնվիր։

Մինչև կեսօր, ալ անտեսված տուն չի մնար ետևնին, լմնցուցեր են ժողվտուքնին ու տեղերնին կդառնան։ Ժամկոչը մինչև ատ ատեն, վեց, յոթ անգամ գացած ու դարձած է վարդապետին ասպնջական տունեն, պտղիին ամբարանոցը կա, ամեն տարի ալ արդեն հոն կհավաքվի ու ան տունեն ալ վանք կփոխադրվի մուրացածո հավաքույթի մը ան տեսակը, որ վանքին համար տարվան մը պարենի ու պաշարի պիտի ծառայե:

Վարդապետը մի՛ մոռնաք։ Լոլիկացյալ սորա կաթամբ որթատնկոց, դեռ ճամփուն մեջ, հանդիպածին հետ կատակ մը կընե, հանդիպողը կին կամ էրիկ մարդ, ամառը, ուխտին օրը, վանք կհրավիրե, տունով ընտանիքով կհրավիրե, վանքը դրախտի պես տեղ մը, աչքով տեսնալու է։ Թողելով այն մեկուն օձիքը, քիչ մը անդին կարմրուկ հարս մը կդիմավորե, անով կհետաքրքրվի, «մեր Զաքարին հարսը չե՞ս դուն, աղջի՛կ, աստված օրհնե, բայց ինչո՞ւ ղայիֆցեր ես, ձագուկս, վախնամ Կարապետը (հարսին էրիկը) շատ էզիյեթ կընե քեզի, դուն ալ իրեն ըրե. հայտե խուզում»․ ու բերանը երգ մը ահա, որ գինիին հանգով կվերջացնե, երգ մը, ճամփուն մեջ, տերտերն ու ժամկոչը, շատոնց տեղ հասեր, ինք մինակ կքալե իր գինովի սրունքներով, դանդաչողը, զառանցողը ինք միայն: Գավազանին երկաթ ծայրովը աջեն-ձախեն փակ տեսած դուռները բանալու փորձեր մը կընե, փողոցին հավերը առջևեն թռելու ատեննին թունդ փոշիի հետքով մը, գավազանն ալ անոնց կնետե, հիմա պահ մըն ալ անոր փընտռտուքովը կթափառի աղբակույտերուն վրա, ուր հարյուրներով հավ ու հավազգի ասոնք ավելի չաղ կըլլան, քան առաջինները, երբ խմբովին փախելու իրենց փորձերովը վանահայր վարդապետը փոշիի ահագին ամպի մը մեջ կխեղդեն։ Կհայհոյե, կմրթմրթա, շատ բաներ կըսե անոնց տերերուն։ Բայց որո՛ւ ի՛նչ փույթ և ի՛նչ անիրավություն, որուն ինք կլլա հեղինակը։ Վարդապետ մը հավերուն հետ միշտ, կամ հավ հալածելու կտուցով մը հավե՜տ, [ 85 ] քա՛նի անգամ է, որ մենք ալ այս իրարու անընտանի չհամազգիներով կզբաղինք։

Այսպես թե այնպես տուն կհասնի մեր բամպակ բերանը, ուր քեռկին Մարիամը - վարդապետին ըսելակերպը գործածելով — մինակը նստած հաց կեփե, տղաքն ու հարսները դաշտ գացած են, այդ պահուն հացթուխ կնկան էրիկն ալ տունը չերևար։ Մինակ ինք, մինակ շուքը, մեյ մըն ալ թոնիրը իր առջև, ու քեռկին Մարիամ ինք կընե ամեն բան, խմորին կլորցնելը, խմորին բանալը, բացված խմորը թոնիրի հրաշեկ կողքին կպցնելը ու անկե ակիշին կեռով, բայց կպատահի ձեռքով ալ, կարմիր, կսկուռ հաց հանելը ինքն ու ինք կընե միայն։ Ուրիշ ատեններ երեք-չորս հոգիներով կեփվի այս տունին հացը, բայց այս անգամ քեռկին Մարիամեն զատ ուրիշ մը չկա հրաբուխի բերանի մը նմանող թոնիրին եզերքը։ Եփվելիք հացն ալ չարեկեն պակաս չպիտի ըլլա, ինչ որ այն տեսակ համբա տունի մը համար շաբաթ մը կօգտե, չօգտեր։

Ահա թե ինչո՞ւ կես օր եղեր անցեր ալ է ու քեռկինը կես մեջքով թոնիրը կմտնե, կելլե ու դեռ հեռացած չըլլար անկե։

Թոնիրը այն ինչ կողմ նեղլիկ անկյուն մը՝ վարդապետն ալ նույն գինիի մռթմռթուկն «ի բերան» ու ընտանի համարձակությամբ ներս մտած՝ նույնիսկ առանց բարևի, քեռկինի մոտը կերթա քեռին ու տղաքը կհարցնե, անոնց տունեն հեռացած ըլլալու պատճառները կհասկնա, ու ոչ ուրիշ տեղ, ոչ ուրիշ կետի վրա, արդեն սրունքներուն վստահիլ ալ չըլլար, հացթուխ քեռկինի ետևի կողմը տեղ մը գտնելով հոն կճոպնվի, ինչպես կորեկ լեցված պարկ մը, որ ինկած տեղը ալ ձև մը չունենար։ Դուք ալ կհուսամ միտքե չէիք հաներ թե՝ սա մեր մաշած ու կտրտած պարկն ալ ինչով լեցված էր ու է տակավին մարմինին մինչև այն ծայրերը, ուր եղունգները կվերջանան։

Քեռկինն աղվորիկ կին մը, բարի կին մը նույն ատեն, հայր սուրբի թարմ հաց հրամցնելու իր հարգանքին մեջ՝ անոր ներողամիտ ըլլալը կխնդրե, որ ան օրը, այն պահուն կեր մը, կերակուր չունի հանելիք առջևը, ու զինք անոթի թողեր է։

— Կուզես սա կրակին վրա անմիջապես ձվածեղ մը եռցնեմ, հայր սո՛ւրբ, ըսե՛, ուրիշ ի՛նչ կուզեիր, թան թանապուր ալ կար, աս օր իմ մեղքես հարս աղջիկ ալ կանուխ քաղհանի գացին որ…

Վարդապետը չի լսեր աս խոսքերը, վարդապետը իր գինիին երգը լմնցուցած՝ հիմա սիրերգ մըն է, որ կմրմնջե, զոր պահ-պահ [ 86 ] ընդհատելու դադարով, քեռկինին ետևի կողմը, անոր կռնակին դեմ ու շատ մոտը անոր մազի հյուսկեններով ծածկված սիրուն քամակին, իր գինովի ձև չափերը կընե, հացթուխը թոնիրին խորքը գճկելու ատեն՝ իր ետևը նստողը դեռ անոր այնինչ ուռուցիկ կողմն ալ աչքե լի վրիպեցներ։

Ի՛նչ միս, ի՛նչ կլորություն, ու Ալփիարի բացատրությունով, ի՛նչ զգլխիչ ու ախորժագրգիռ գեղեցկություն մը հոն, ուր ածուխի սևությունով մազերու սքանչելի փունջեր մըն ալ կծայրանան։

— Օ՜ֆ, քեռկի՛ն։

— Ի՞նչ, մատա՛ղ հոգուդ, չես համբերեր նը, պանիրը ավելի պատրաստ էր, հիմա կուզես նը կարաս մըն ալ բանամ։

— Գինի՛, գինի՛, գինի՛, կհռհռա զառամ ծերուկը, պանիր ալ չեմ ուզեր, գինի՝ գավազան ծերուկին, գինի՝ կլանք տվող մեռելին, օ՜ֆ, քեռկի՛ն, ես ալ քու հոգուդ մատաղ, անգամ մըլ ըսե, թե՝ ուր գացեր է քեռիս, թեզ չպիտի՞ դառնա, աս օր միտք կընեի, որ ճամփա ընկնիմ, շատ ուշացեր իմ արդեն։

Բայց ասոնք հենց խոսք ըլլալու համար է, որ կտռտռա վանականը, իր բոլոր ուշադրությունը հոն կպահե միշտ, հոն, միշտ հոն, ուր հացթուխը ամեն ծռիլ շտկվելու պահին, նոր գրգիռ, նոր կախարդանք մը կերևցնե։ Ա՜խ, Մարիամ, անգամ մըն ալ աս մծղնոտ ավաչը, երբ Մարիամ ճիշտ նույն ատեն, հետույքը տնկելով գլխովը թոնիրը կխորունկնա, վանականը ահա այն կողմեն մեղավոր բթամատ մը խրելով բուռ մը միս կափե, ու՝ Տե՛ր աստված, տե՜ր Սաբաոթ։

Հացթուխը վայրկենապես խրտչիլ մի զգալով այն կողմեն ընդոստ ցնցում մը կկրե, որ զինք երկու ձեռքովը թոնիրին բոց կրակին վրա կնետե, ուսկե երկու ձեռքերուն մատները վրա տալով, հրաշքով կազատի միայն, թե ոչ՝ այն վիճակին մեջ՝ կրնար ըլլար, որ ամբողջ մարմինովը ածխանար, Մարիամին շիվանն ու մղմղուկը քարերը կլացնեն, բայց ո՛վ անմիջապես վրա հասնի, որ անգամ մըն ալ անոր պատմե եղածը։

— Գե՛շ մարդ, գե՛շ վարդապետ, մազեդ մորուքեդ ալ չամչցար: Այսչափ, միայն այսչափ իր ճենճերած մատներուն սոսկալի ցավերուն մեջ, ուր զինք նույն պահուն գերեզմանի պատրաստելու ծանրության մը մեջ կզգացվին: Կաշխատի, որ եղածը ծածկե իրեններեն, բայց ե՞րբ նույն կմնա այդ տեսակ որոշում մը ու ի՛նչ իրավունքով: [ 87 ] Վարդապետը գետնե գետին կանցնի, թափեր է գլուխեն ինչ որ ուներ, հազար աղաչանք, հազար ներողություն ու մոռացում քեռկինեն, անոր մինչև ոտքը լզելու աստիճան խնդրանքներու, ստորացումներու մեջ կգտնվի, ինքզինք արդարացնելու խոսքեր մըն ալ կկափկափե, «ես հոնկե թաշկինակս ինկած էր, պիտի առնեի, դուն ուրիշ բան հասկցար, միամիտ կնկուկ, դուն քույրս ես, դուն քեռկինս ես, դուն բերնիս բրդոնն ու ճաշակը հայտնապես, ըսե՛, ըսե՛, ուզածդ ըսե, որ անով երդվիմ, ձեռքս խղճիս վրա, անով կատարեմ երդումս։ Մարիա՛մ, համեստաշնորհ քույրս ու քեռկինս»։ Քույր կամ քեռկին՝ խեղճը ալ բան մը չի կրնար ընել, տեղը կմնա անեփ խմորը, երեսի վրա ամբողջ տունը, որ ան օրը մազ էր մնացեր, իր գերեզմանը պիտի ըլլար։ Քիչ վերջը էրիկ-մարդը ու տղաքը տուն կդառնան, կհասկնան եղածը հատ-հատ ու բան մըն ալ ավելի, կարելի՞ է համբերե՜լ, սուրբերն ալ պիտի համբերեի՞ն միթե. անմիջապես տունեն դուրս կուգան ու ամեն ուղղությամբ վարդապետ կփնտռեն, որ կերևա երեսն առնել վանք փախելու հնարավորության մը ելած է, կգտնեն վերջապես, կամացուկ մը տուն կհրավիրեն ու վերջինը տեսարանին։ Քեռին, վանականին գլուխը սեղմելով անութին տակ, քեռորդիներն ալ կամ երկու տղաքը աս հյուրընկալ գեղացիին, ձեռքերնին մեյմեկ փշոտ, ահագին սարփինա, կզարնեն ու կզարնեն, հայրերնին ալ ան իր բռնածին կռնակին ու թիկունքներուն վրա իջեցվելիք հարվածներուն չափին ու տեղին ցուցումները կընե. «հայտե, յավրում, հայտե, տղաքս, թողեք բայը հուսա պահ մըլ մըխ կըյրեցեք, թեզ-թեզ կըյրեցեք, դուն, Պեյրոս, խոփ մը շինե, Մարտիկ, դուն ալ հաստ գամ մը թափե ան տեղ», ծերուկին հակափորը ցուցնելով։

Դարբնոցի աշկերտներ, որոնք իրենց շինած գործիքները ու գամերը այն տեսակ սալի մը վրա կծեծեն կլմնցնեն, որ վանական ծերուկ աբեղայի մը քամակը կըլլա, ո՞ւր պետք է լսել թե՝ ողջ տեղ չի մնար այլևս։ Քեռիին տղոց մեկը անոր տրորված մարմինը պարկի մը մեջ դնելով տարբեր փողոցներով գեղեն դուրս կհեռացնե կամացուկ մը՝ ու վանք տանող ճամփուն վրա կնետե, ուսկե կամ վանք կերթա, կամ գերեզման կերթա։

Տարի մը վերջը այս դեպքեն, ան եղավ լսվածը, որ մեր երանաշնորհ բամպակ բերանը երեսի ջրիկովը, դուն ըսե մուրովը, շիփ շիտակ գերեզման գացեր է, իր քեռկին Մարիամն ալ իր այրված մատվըներուն ցավովը անկե տարի մը ետքը այն կողմը կճամփորդե։ [ 88 ] Լա՛ց թե զայրույթ և որո՛ւ հիշատակին։ Վանականը իր տարիքին յոթանասուներորդին մեջ վախճան յուր գտանե, քեռկինն ալ դեռ հազիվ քառասունին մեջ, խե՜ղճ քեռկին։

1907