Jump to content

Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստում՝ Սահմանադրության նախագծի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

[խմբագրել]
(13 հունիսի, 1994 թ.)

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնելու հանրապետության Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի մշակած Սահմանադրության նախագծի հիմնադրույթները՝ կենտրոնանալով բացառապես կարեւորագույն սկզբունքների եւ մեթոդոլոգիական խնդիրների վրա, որոնք, կարծում եմ, ընդհանուր են բոլոր սահմանադրությունների համար[1]։

Մեթոդոլոգիական տեսակետից՝ Սահմանադրական հանձնաժողովի նախագծի հիմքում ընկած են հետեւյալ գլխավոր սկզբունքները. Սահմանադրությունը դիտելով որպես պետության տեւական կայունությունն ու արդյունավետ կենսագործ ունեությունն ապահովելու կոչված զուտ իրավական փաստաթուղթ՝ հրաժարվել իրավիճակային, կոնյունկտուրային լուծումներից, տուրք չտալ քաղաքական կոմպրոմիսների, առաջնորդվել բացառապես իրավագիտական նկատառումներով՝ հիմնվելով միջազգային փորձի եւ մեր նորանկախ պետության օրենսդրական ավանդույթի վրա։ Նույնքան կարեւոր է նաեւ այն սկզբունքը, որ պետության եւ հասարակության կյանքում պետք է բացառված լինի որեւէ ճգնաժամային իրավիճակ, որը չունի սահմանադրական լուծում։ Նախ՝վիրավիճակային, կոնյունկտուրային լուծումների եւ քաղաքական կոմպրոմիսների մասին. գաղտնիք չէ, եւ այդ մասին երբեմն նույնիսկ բացահայտ խոսվում է, որ Սահմանադրության ընդունման ամենահեշտ ճանապարհը կլիներ հարմարվել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությանը եւ փորձել ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել։ Սա իսկապես կլիներ ամենահեշտ, բայց միաժամանակ՝ պետության համար ամենավտանգավոր ճանապարհը, որովհետեւ, նկատի ունենալով քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխականությունը, դժվար չէ գուշակել, թե հետագայում ինչպիսի ցնցումների պատճառ կարող էր դառնալ նման ձեւով ընդունված Սահմանադրությունը։ Յուրաքանչյուր նորընտիր խորհրդարանի առաջին գործը կլիներ Սահմանադրությունն անմիջապես հարմարեցնել քաղաքական ուժերի նոր հարաբերակցությանը, եւ այդպես շարունակ։ Այսինքն, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների՝ միմյանցից լիազորություններ կորզելու ներկա պայքարը, որ հատուկ է բոլոր նորանկախ պետություններին, կդառնար ապակայունացման մշտական գործոն՝ իր ակնհայտ բացասական հետեւանքներով։

Փոխզիջումը մինչդեռ խրախուսելի եւ անհրաժեշտ է հասարակական համակեցության, քաղաքական գործելակերպի եւ դիվանագիտության ոլորտներում, ապա միանգամայն խոտելի է գաղափարախոսության եւ մանավանդ իրավագիտության բնագավառներում, հետեւաբար Սահմանադրության համար, որ միանշանակ պատկանում է վերջին բնագավառին, քաղաքական կոմպրոմիսի հնարավորությունը եւ նպատակահարմարությունը բացառված պետք է համարել։

Մենք իրավունք չունենք, առաջնորդվելով առժամյա, թեկուզեւ հարմար նկատառումներով, վտանգել պետության ապագա կայունությունը։

Իրավագիտության բնագավառին պատկանելու հանգամանքը, մյուս կողմից, որեւէ Սահմանադրության համար գրեթե պարտադիր է դարձնում հաջորդ սկզբունքի՝ միջազգային փորձի յուրացման անհրաժեշտությունը, տրված լինելով, որ արդի իրավունքը պատմականորեն ձեւավորվել է որպես մարդկության հավաքական մտքի արգասիք։ Այս առումով, Սահմանադրական հանձնաժողովի նախագծում համարյա լիակատար կերպով արտացոլվել են պետական ինքնիշխանության սկզբունքներին, մարդու եւ քաղաքացու իրավունքներին վերաբերող միջազգային օրենքների բոլոր հիմնական դրույթները, ինչպես նաեւ ժամանակակից ժողովրդավարական երկրների պետական կառույցների ներդաշնակ գործունեության մշակված մեխանիզմներն ու հակակշիռների համակարգը։

Ինչ վերաբերում է Հայոց նորանկախ պետության օրենսդրական ավանդույթին, ապա Սահմանադրության առկա նախագծի համար ելակետային փաստաթղթեր են հանդիսացել Հայաստանի անկախության հռչակագիրը, Հանրապետության Նախագահի եւ Գերագույն խորհրդի մասին օրենքները, Անկախ պետականության հիմնադրույթներին վերաբերող օրենքը։ Նշված փաստաթղթերը, որոնք արդյունք են բացառապես ներկա խորհրդարանի գործունեության, Սահմանադրական հանձնաժողովի նախագծում արտացոլված են, իհարկե, ոչ բացարձակ նույնությամբ, այլ ենթարկված լուրջ փոփոխությունների՝ թե՛ ժամանակի պահանջներից ելնելով, թե՛ պատշաճեցվելով մեր իրավական եւ քաղաքական հասունության արդի մակարդակին։

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ պարտք եմ համարում շեշտել, որ ես ոչ միայն ամենեւին հակված չեմ Սահմանադրության բացակայության անցած չորս տարիները գնահատել որպես կորած ժամանակ, այլեւ ընդհակառակը՝ այդ ժամանակը դիտել որպես նոր պետական կառույցների ձեւավորման, համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման եւ ընդունված օր ենքների փորձարկման արդյունավետ տարիներ, որոնք, անկասկած, կունենան իրենց բարերար ազդեցությունը հանրապետության ապագա Սահմանադրության վրա։ Եւ որքան էլ այսօր խորհրդարանում գերիշխեն հոռետեսական կամ ժխտական տրամադրությունները, այնուամենայնիվ, պատմական կտրվածքով նրա դերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման գործում արդեն իսկ անուրանալի է։

Առկա նախագծում, կարծում եմ, ամենայն հետեւողականությամբ կիրառված է նաեւ պետության ու հասարակության կյանքի բոլոր հնարավոր ճգնաժամային իրավիճակների համար սահմանադրական լուծում նախատեսելու սկզբունքը, որը միակ երաշխիքն է խուսափելու ներքաղաքական պայքարի անցանկալի դրսեւորումներից եւ, ինչո՞ւ չէ՝ նաեւ [2] քաղաքացիական պատերազմից։ Ենթադրում եմ, որ առանձնապես կարիք չկա լուսաբանելու այդ վտանգը, որովհետեւ նրա լավագույն լուսաբանությունը ներկա իրադրությունն է. ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ նախկին Միության մյուս հանրապետություններում տիրող ներքաղաքական լարվածությունը մեծապես արդյունք է այն պարզ իրողության, որ սահմանադրություններն ու օրենքները չեն ապահովում ճգնաժամային իրավիճակների օրինական ելքերը։ Սահմանադրական հանձնաժողովի նախագծում, ըստ իս, այդ խնդիրը լիովին հաղթահարված է։ Մասնավորապես՝ բացառված է կառավարության ներկայացրած կարեւորագույն օրենքների, այդ թվում՝ պետական բյուջեի ընդունման վիժեցումը, ի հակակշիռ որի հեշտացված է կառավարությանն անվստահություն հայտնելու կարգը։ Մանրամասն մշակված է ծանր հանցագործություն կատարելու դեպքում Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մեխանիզմը։ Եւ վերջապես, որպես ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ծայրահեղ միջոց՝ նախատեսված է Ազգային ժողովի արձակման եւ արտահերթ ընտրությունների նշանակման հնարավորությունը։ Կարեւոր է այս առումով նշել նաեւ, որ Ազգային ժողովն ու Հանրապետության Նախագահը հավասարապես օժտված են հանրաքվե նշանակելու բացառիկ իրավունքով, որը հնարավորություն է ապահովում խուսափել անհարկի առճակատումներից եւ ծագած հակասությունները հանձնել ժողովրդի դատին։

Բոլոր քննարկված սկզբունքները, սակայն, որոնք դժվար թե լուրջ առարկությունների տեղիք տան, առայժմ կիրառված են միայն թղթի վրա, եւ հասկանալի է, որ նրանց իրական գործադրումը դեռեւս կապված է մեծ դժվարությունների հետ։ Այստեղ մենք կրկին բախվում ենք Սահմանադրության ընդունման կարգին վերաբերող չարաբաստիկ խնդրին։ Ընկած ստալինա-բրեժնեւյան Սահմանադրության նվաստացուցիչ ծուղակը՝ մի՞թե մեր մեջ ուժ չենք գտնելու կտրել գորդյան հանգույցը։ Կասկած կա՞, արդյոք, որ խորհրդարանի կողմից Սահմանադրության ընդունման դեպքում բոլոր նշված սկզբունքները ենթարկվելու են քաղաքական կոնյունկտուրայի պահանջներին՝ դանդաղ գործողու թյան ռումբ տեղադրելով մեր պետության հիմքում։ Ուստի հարկադրված եմ նորից ու նորից կրկնել, որ ստեղծված քաղաքական իրադրության պայմաններում պետության կայունության հուսալի երաշխիքը կարող է լինել միայն ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը, պայմանով, որ նրա հետագա փոփոխությունները նույնպես կատարվեն միայն հանրաքվեի միջոցով։

* * *

Իսկ այժմ Սահմանադրական հանձնաժողովի նախագծի բուն բովանդակության էական կողմերի մասին։

Նախ եւ առաջ հարկ է անմիջապես նշել, որ տվյալ նախագծում նախատեսված է պահպանել հանրապետության կառավարման նախագահական համակարգը։ Հարկ է նշել անմիջապես, քանի որ, ըստ էության, սա է Սահմանադրության շուրջ ընթացող բուռն բանավեճերի հիմնական առարկան։ Եւ այս դրությունը լիովին հասկանալի է, քանի որ Սահմանադրության ճակատագիրը վերջին հաշվով կախված է այն հարցից, թե կառավարման ինչպիսի համակարգ պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահական, թե՞ խորհրդարանական։ Նաեւ միանգամայն որոշակի է, որ այս հարցի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման դեպքում Սահմանադրության ընդունման կարգը կվերածվի զուտ տեխնիկական եւ հեշտ լուծելի խնդրի։

Ընդունելով հանդերձ տվյալ երկընտրանքի առկայության լրջությունն ու հիմնավորվածությունը, ես միանգամայն խոտելի եմ համարում այն էժանագին ամբոխավարական հնարքը, որով փորձ է արվում նախագահական համակարգը ներկայացնել որպես բռնապետական, իսկ խորհրդարանականը՝ որպես ժողովրդավարական վարչաձեւ։ Համենայն դեպս, պատմության փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու նույնիսկ[3] ֆաշիստական վարչակարգեր ծնվել, քան նախագահական հանրապետություններից։ Այնպես որ, ժողովրդավարության հիմունքներով՝ նախագահական եւ խորհրդարանական համակարգերի հակադրումը պետք է համարել ի բնե սխալ եւ մերժելի։ Պետության ժողովրդավարության չափանիշը ոչ թե կառավարման համակարգի նախագահական կամ խորհրդարանական բնույթն է, այլ այն հանգամանքը, թե այդ վարչաձեւերը հաստատվել են ազատ ընտրությունների միջոցով, թե՝ ոչ։ Ժողովրդավարության էությունը վերջին հաշվով ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ ընտրություններ, որոնց միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի եթե ոչ ընտրելու անպայման լավ իշխանություններ, ապա գոնե ազատվելու վատ իշխանություններից։

Այսպիսով, ժողովրդավարության տեսակետից պետություններն իրարից տարբերվում են ոչ թե կառավարման համակարգերի հատկանիշով, այլ՝ իշխանությունների ընտրյալ կամ ոչ ընտրյալ լինելու հանգամանքով։ Ըստ այդմ, հավասարապես ժողովրդավարական են թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերը, եթե նրանք հաստատված են ազատ ընտրությունների միջոցով, եւ, համապատասխանաբար, ոչ ժողովրդավարական են այլ ճանապարհներով հաստատված բռնապետությունները եւ միապետությունները։

Ես հարկադրված էի զայրույթ պատճառելու հանդգնությամբ մանրամասն կանգ առնել այս պարզ ու ծեծված ճշմարտությունների վրա, որովհետեւ նախագահական համակարգը որպես բռնապետություն ներկայացնելու միտումն արդեն սպառնում էր դառնալ մոլորեցուցիչ շահարկումների առարկա։ Իսկ ըստ էության՝ կառավարման նախագահական կամ խորհրդարանական համակարգի ընտրությունը կապված է ոչ թե ժողովրդավարության հանգամանքի, այլ այն հարց ի հետ, թե որքանով է այդ համակարգերից մեկը համապատասխանում տվյալ պետության պահանջներին ու առանձնահատկություններին եւ որքանով է այն ի զորու լուծելու տվյալ պետության առջեւ կանգնած խնդիրները։

Նման հարցադրումն, ահա, կլիներ միանգամայն տեղին ու առարկայական՝ դառնալով ոչ թե մտացածին, այլ լուրջ, հայեցակարգային բանավեճի նյութ։ Դժվար է, իհարկե, ընդհանուր բնույթի սույն ելույթի սահմաններում այս կարեւոր հարցի շուրջ հանդես գալ համակողմանիորեն փաստարկված վերլուծությամբ, ուստի առայժմ կփորձեմ բա վարարվել միայն մի քանի հիմնական դրույթների մատուցմամբ, որոնք թեեւ կարող են ձեզ համար որեւէ նորություն չպարունակել։ Այս կապակցությամբ, նախ, նորից ստիպված եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կեղծ մտավարժանքի վրա, որով փորձ է արվում նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը վերածել ազգային, հոգեբանական գործոնի։ Հաճախ կարելի է լսել. «մեր ազգային նկարագրին կամ մեր ազգային հոգեբանությանն ավելի համապատասխանում է խորհրդարանական, քան նախագահական համակարգը» եւ հակառակ հայտարարությունները, որոնց հիմնազրկությունը ակնհայտ է առաջին իսկ հայացքից։

Նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը իրականում կապված է ոչ թե ազգային կամ հոգեբանական գործոնների, այլ պետական ավանդույթների, քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման աստիճանի հետ։ Ուստի հարցի քննարկումը կարող է իմաստալից դառնալ միայ ն այս տեսանկյունով եւ միասնական մեթոդոլոգիական ելակետ սահմանելու պայմանով։

Իսկ այդ միասնական տեսակետն, իմ կարծիքով, հանգում է հետեւյալին. պետականության եւ հասարակության զարգացման կոնկրետ կտրվածքում կառավարման նախընտրելի համակարգը որքանով է ի վիճակի ապահովելու օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ ու անխափան գործունեությունը եւ երրորդ՝ դատական իշխանության անկախությունը։

Մինչեւ այդ հարցի քննարկմանն անցնելը, սակայն, ըստ երեւույթին, արժե պարզել, թե որն է կառավարման նախագահական եւ խորհրդարանական համակարգերի էական, սկզբունքային տարբերությունը։ Խոսքն ամենեւին տերմիններին չի վերաբերում. պետությունը կարող էունենալ խորհրդարանի կողմից կամ նույնիսկ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված Նախագահ, բայց իրականում չլինել նախագահական։ Ամբողջ հարցն, ըստ էության, այն է, թե իշխանության ո՛ր մարմինն է ձեւավորում կառավարությունը. եթե դա կատարում է Նախագահը, ապա մենք գործ ունենք զուտ նախագահական համակարգի հետ, իսկ եթե նշված իրավունքը վերապահված է խորհրդարանին, ապա տվյալ հանրապետությունը խորհրդարանական է՝ անկախ այն բանից՝ նա ունի Նախագահ, թե ոչ։ Իրավաբանական նրբություններն այստեղ որեւէ դեր չեն խաղում։

Ձեւական տեսակետից խորհրդարանական հանրապետություններում խախտված է իշխանությունների տարանջատման թեեւ ոչ բացարձակ, բայց համենայն դեպս հիմնարար սկզբունքը, քանի որ գործադիր իշխանությունը համարյա ամբողջությամբ կախված է օրենսդիր իշխանությունից։ Ձեւական կողմն, իհարկե, նշանակություն չէր ունենա, եթե այդ կախվածությունը որեւէ բացասական ազդեցություն չգործեր կառավարման համակարգի կենսունակության եւ՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեության արդյունավետության վրա։

Ոչ ոք չի կարող ժխտել, իհարկե, խորհրդարանական համակարգի կենսունակությունը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նաեւ, որ խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այն պետություններում, որտեղ պատմականորեն ձեւավորված են մեկ կամ առավելագույնը երկու-երեք լուրջ, զանգվածային կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է կազմել խորհրդարանական մեծամասնություն եւ դրա շնորհիվ ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Իսկ խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձե ւավորմանն ու հարատեւ ներքին ցնցումների, որոնք շատ հաճախ ավարտվում են պետական հեղաշրջումներով եւ բռնատիրությամբ, կամ ոչ հազվադեպ՝ նաեւ օտար միջամտությամբ։

Խորհրդարանական համակարգի հաստատման դեպքում, իմ խորին համոզմամբ, Հայաստանին սպասում է, ահա, այս տխուր եւ ազգակործան ճակատագիրը, որովհետեւ մեզ մոտ մեկ կամ երկու-երեք լուրջ զանգվածային կուսակցություններ կարող են ձեւավորվել լավագույն դեպքում միայն տասնյակ տարիներ հետո։

Ավելորդ եմ համարում այս համոզումը հիմնավորել պատմական փաստերով, որոնք անչափ առատ են։ Թերեւս արժե այդ առումով հիշեցնել միայն Հայաստանի առաջին հանրապետության փորձը, որի գոյության երկուսուկես տարիների ընթ ացքում փոխվեց չորս կառավարություն։ Կարծում եմ, դեռեւս չեն մոռացվել նաեւ ետկոմունիստական Հայաստանի պատմության առաջին տասներեք ամիսները, որոնք պետք է գնահատվեն որպես հանրապետության խորհրդարանի եւ կառավարության առճակատման ամենաթեժ ժամանակաշրջան, որովհետեւ կարճատեւ միջոցում նախ խորհրդարանը կամովին զրկվեց կառավարության ձեւավորման լիազորությունից, իսկ այնուհետեւ հերթը հասավ կառավարության հրաժարականին։

Այսպիսով, ըստ ամենայնի, առնվազն առաջիկա մի քանի տասնամյակների հեռանկարում Հայաստան ի Հանրապետությունում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի։ Եթե անգամ հանգամանքների բերումով Հայաստանում վերականգնվի խորհրդարանական կառավարումը, ապա միեւնույն է, մի քանի տարի հետո մեր հանրապետությունը կրկին վերադառնալու է նախագահական համակարգին, բայց անհուն զրկանքների ու անհամար վնասների գնով։ Վստահ եմ սակայն, որ մեր ժողովուրդը թույլ չի տա այդ անհեթեթ սխալը։

Ասվեց արդեն, որ որեւէ պետության կառավարման համակարգի կենսունակությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է այն ապահովում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ գործունեությունն ու երրորդ՝ դատական իշխանության անկախությունը։

Խորհրդարանի եւ կառավարության արդյունավետ գործունեությունն ապահովող եւ միմյանց լիովին հակակշռող հստակ մեխանիզմների մշակումից բացի, Սահմանադրական հանձնաժողովի նախագիծն, ըստ իս, հաջողությամբ լուծել է դա տական իշխանության անկախության ապահովման խնդիրը։

Դատական իշխանության անկախության հիմնական երաշխիքն, ըստ այդ նախագծի, դատավորի անփոփոխելիության կարգավիճակն է։ Այդ երաշխիքը զգալիորեն ամրապնդված է նաեւ դատական իշխանության համակարգում երկու նոր ինստիտուտների՝ Արդարադատության խորհրդի եւ Սահմանադրական դատարանի ներմուծմամբ, որոնք համամասնական հիմունքներով ձեւավորվում են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։

Արդարադատության խորհուրդն է Հանրապետության Նախագահին առաջարկում Գերագույն դատարանի նախագահի, տեղակալների, Գերագույն դատարանի անդամների թեկնածությունները, եզրակացություն տալիս, դատավորների թեկնածությունների եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ։ Իսկ Սահմանադրական դատարանի հիմնական իրավասությունն է՝ որոշել օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանի անկախության ամենացայտուն վկայությունն է այն, որ նրա որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն, ինչը բացառում է նրա նկատմամբ ճնշում գործադրելու որեւէ հնարավորություն թե՛ Հանրապետության Նախագահի, թե՛ Ազգային ժողովի կողմից։

Սահմանադրական հանձնաժողովի նախագծի ամենալուրջ նվաճումներից մեկը պետք է համարել նա եւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերին վերաբերող գլուխը, որի էությունը հրաժարումն է տարածքային ինքնակառավարման՝ Հայաստանի համար անհարիր գաղափարից։

Առաջին հայացքից ապշեցուցիչ թվացող այս նորամուծությունը, սակայն, հիմնված է մեր երկրի առանձնահատկություններից բխող եզակի իրականության եւ կուռ փաստարկների վրա։

Վարչատարածքային միավորների ձեւավորումը, որպես կանոն, արդյունք է ավատական մասնատվածության հետեւանքով առաջացած պատմական գործընթացների կամ բազմազգ պետությունների բնակչության տեղաբաշխումից բխող բաժանումների։ Չի կարելի բացառել, իհարկե, որ վարչատարածքային միավորների ձեւավորման գործում որոշ դեր են խաղացել նաեւ աշխարհագրական եւ տնտեսական գործոնները։ Բոլոր դեպքերում, սակայն, վճռորոշը պատմական եւ էթնիկական գործոններն են եղել, մանավանդ որ տնտեսաաշխարհագրական միավորները շատ հաճախ համընկել են ավատական կամ էթնիկական տիրույթների սահմաններին։

Տարածքային ինքնակառավարումն , այսպիսով, թեկուզ ամենաժողովրդավարական երկրներում, ոչ թե բխում է համապետական շահերից կամ կառավարման նպատակահարմարությունից, այլ պարզապես պահպանվում է որպես պատմական բեռ, որը երբեմն հանգեցնում է պետական եւ տեղական շահերի լուրջ բախումների։ Տարածքային ինքնակառավարումը՝ օժտված յուրահատուկ տեղական շահերով, սեփական բյուջեով եւ այլ առանձնաշնորհումներով, անխուսափելիորեն իր խորքում պարունակում է ֆեդերացիայի տարր, որն անհարիր է ունի տար պետությունների ձեւավորման հարաճուն ձգտումներին։ Քանի դեռ այդ ձգտումները չեն արդարանում, պետությունները փորձում են օրենքների միջոցով գոնե նվազագույնի հասցնել պետական եւ տեղական շահերի միջեւ գոյություն ունեցող հակասությունները, բայց այդ շահերի լիակատար ներդաշնակություն միայն քչերին է հաջողվում ստեղծել, այն էլ, որպես կանոն, ժամանակավոր։

Հայաստանն, ազատ լինելով պատմական այդ բեռից, եւ մանավանդ իր միատարր ազգային կազմով, թերեւս աշխարհում եզակի հնարավորություն ունի կառուցելու դասական ունիտար պետություն, որը կարող է դառնալ նրա կայունության, տարածքային ամբողջականության եւ լիակատար ինքնիշխանության ամենահուսալի երաշխիքը։

«Հայաստանի Հանրապետություն», 14 հունիսի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Պետության կայունության երաշխիքը ժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունն է» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 12/13.06.94, պաշտոնական սղագրություն։ Նաեւ՝ ՀՀԱՆԱ, 28/13.06.94։ Բնագիր։ Ինքնագիր։


  1. Տպագրում բացակայող «որոնք, կարծում եմ, ընդհանուր են բոլոր սահմանադրությունների համար» բառերը լրացնում ենք ըստ պաշտոնական սղագրության։
  2. Տպագրում բացակայող «ինչո՞ւ չէ՝ նաեւ» բառերը լրացնում ենք ըստ պաշտոնական սղագրության։
  3. Տպագրում բացակայող «նույնիսկ» բառը լրացնում ենք ըստ պաշտոնական սղագրության։