Jump to content

Ելույթ Սահմանադրական հանձնաժողովի նիստում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ԵԼՈՒՅԹ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

[խմբագրել]
(2 մարտի, 1993թ.)

Հայտնի է, թե ինչպիսի քաղաքական մթնոլորտ է առաջացել Սահմանադրության շուրջ. այսօր նրա ընդունումը կարծես թե դառնում է ավելի շատ քաղաքական, քան իրավական հարց։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ պետության կայունության հիմքը Սահմանադրությունն է, եւ միայն նրա ընդունմամբ կթուլանա ներքաղաքական պայքարը, քանի որ դրանից հետո ոչ մի ուժ՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը չեն կարող հավակնել շրջանցելու ժողովրդի կամքը, միմյանցից լիազորություններ կորզել, փոխել իշխանությունների հակակշիռները։

Ակնհայտ է նաեւ, թե ինչպիսի դժվարություններ են կանգնած Սահմանադրության ընդունման ճանապարհին։ Մասնավորապես, այսօր մեր ներքին քաղաքական կյանքը հուզում է մեկ հարց. ինչպիսի պետություն պետք է լինի Հայաստանը՝ նախագահական, թե՞ խորհրդարանական։ Երկու կողմն էլ ունեն իրենց փաստարկներն ու շարժառիթները, ինչը միաժամանակ վկայությունն է այն բանի, որ իշխանության օրենսդիր ու գործադիր օղակները բավարարված չեն իրենց լիազորություններով կամ փորձում են ընդլայնել դրանց շրջանակներն ի հաշիվ մյուս իշխանության։ Կրկնում եմ՝ սա ոչ այնքան իրավական հարց է, ոչ այնքան բխում է պետականության ամրապնդման շահագրգռությունից, որքան զուտ քաղաքական խնդիր։ Եւ այսպիսի պայմաններում, ինչ խոսք, չափազանց դժվար է Սահմանադրության ընդունումը։

Վստահ եմ, որ մասնագետներն ի վիճակի են պատրաստելու Սահմանադրության նույնիսկ իդեալական տարբերակ, բայց խնդրական է մնում նրա ընդունման եղանակը։ Վերջինիս համար, իհարկե, անհրաժեշտ է համապատասխան քաղաքական մթնոլորտ։

Առաջարկվում են մի քանի տարբերակներ։ Նախ, այսօրվա օրենսդրությամբ Սահմանադրություն ընդունելու իրավասությունը վերապահված է գործող խորհրդարանին։ Սակայն, դարձյալ զուտ քաղաքական նկատառումներով, խորհրդարանը կարծեք թե հրաժարվում է իր այդ հիմնական իրավասությունն իրագործելու մտքից։ Այս պատճառով է, որ զուգահեռաբար առաջ են քաշվում Սահմանադիր ժողովի, ժողովրդական հանրաքվեի անցկացման գաղափարները։ Եթե խորհրդարանն ստանձներ իր պարտավորությունները եւ իրագործեր իր իրավասությունը, ապա նման հարցեր առաջ չէին քաշվի։ Բայց մենք պարտավոր ենք հաշվի նստել իրականության հետ։

Ինչ վերաբերում է Սահմանադիր ժողովին, ապա, ըստ իս, գործող խորհրդարանի առկայության պայմաններում դա միանգամայն ավելորդ է։ Չեմ կարծում, որ Սահմանադիր ժողովում կընտրվեն ավելի հմուտ մարդիկ, քան այսօրվա խորհրդարանում։ Ավելին, եթե ենթադրվում է, որ Սահմանադրության ընդունումից հետո պետք է անմիջապես տեղի ունենան նոր խորհրդարանի ընտրություններ, ինչն ինքնըստինքյան հասկանալի է, ապա առկա խորհրդարանն ինքը կարող է հանդես գալ որպես Սահմանադիր ժողով։ Ի՞նչն է դրան խանգարում։ Չէ՞ որ գործող խորհրդարանը Սահմանադրությունն ընդունում է ոչ թե իր, այլ իրեն հաջորդողի համար։ Այսինքն, տվյալ դեպքում այն միանգամայն կարող է հանդես գալ որպես Սահմանադիր ժողով, որը չունի ոչ մի քաղաքական շահագրգռություն։ Այնպես որ, հակառակ փաստարկները լուրջ համարել չի կարելի։

Մյուսը, համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրությունն ընդունելու եղանակն է։ Եթե խորհրդարանը չկարողանա իրականացնել իր առաքելությունը, ապա քաղաքական ուժերը (դրանք կարող են լինել թե՛ կուսակցությունները, թե՛ գործադիր իշխանության ներկայացուցիչները) 200000 ստորագրությամբ կարող են հանդես գալ ժողովրդական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, որն, իհարկե, հարկադրական քայլ է։

Առաջարկվում է մեկ այլ՝ համադրական տարբերակ, երբ ենթադրվում է, որ Սահմանադրական հանձնաժողովի կողմից պատրաստված Սահմանադրությունը պետք է ընդունվի խորհրդարանով եւ ապա դրվի համաժողովրդական հանրաքվեի՝ դրանով ավելի ապահովելով Սահմանադրության կայունությունը եւ հետագայում դրա նկատմամբ ոտնձգությունների կանխումը։ Սակայն այս տարբերակի ընտրությունը եւս կախված է խորհրդարանի կամքից ու որոշումից։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեր պետությունը պետք է լինի նախագահական, թե խորհրդարանական, ապա չպետք է մոռանալ, որ վերջինս մենք արդեն փորձել ենք։ 70 տարի Հայաստանը եղել է խորհրդարանական հանրապետություն, որը, չպետք է ժխտել, գործող համակարգ էր, գործող՝ միակուսակցական վարչակարգի պայմաններում։ Խորհրդարանական համակարգը շատ արդյունավետ է նաեւ լրջորեն ձեւավորված բազմակուսակցական հասարակություններում, երբ կան մի քանի ծանրակշիռ կուսակցություններ, որոնք հեռու են արկածախնդրությունից, ունեն պատմականորեն ձեւավորված լուրջ քաղաքական միտք, եւ յուրաքանչյուր պահի որեւէ կուսակցություն կարող է իրվրա վերցնել երկրի ղեկավարման պարտականությունը։ Եթե լինեին այդպիսի կուսակցություններ եւ այդպիսի հասարակություն, ապա կարելի էր կառուցել նաեւ խորհրդարանական պետականություն։ Սակայն նման անկայուն պայմաններում, երբ կուսակցությունները վերջնականապես ձեւավորված չեն, չկան լուրջ, ուժեղ, զանգվածային կուսակցություններ, ըստ իս, խորհրդարանական համակարգը մշտական անկայունության հիմք կդառնա եւ կարող է ընդհանրապես վտանգել մեր պետականությունը։ Ուստի այս պայմաններում ես չեմ տեսնում մեր պետականության այլ համակարգ, քան նախագահականն է։

«Հայաստանի Հանրապետություն», 4 մարտի, 1993 թ.։
Հրատարակված՝ «Պետության կայունության հիմքը Սահմանադրությունն է» վերնագրով։