Jump to content

Էջ:Իմ խնամատարը.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

111

ԻՄ ԽՆԱՄԱՏԱՐԸ

մութն էր։ Յետոյ մի անկիւնից լսեցի ծանր տնքտնքոցի ձայն։ Մօտեցայ։

Այնտեղ, պատի տակ, մի մեծ թախտի վրայ պառկած էր Կարկուտ Գասպարը։ Բարեկամս թաղուած էր բազմաթիւ վերմակների տակ, որոնց վրայ գցած էր նրա փառաւոր մուշտակը։

— Սանդրօ, դու ե՞ս,— արտասանեց նա, կապոյտ թաշկինակով կապած գլուխը դուրս բերելով վերմակների տակից։ Բարով։ Տեսնում ե՛ս էլի։ Քեռիդ ինչպէ՞ս է։ Վայ մէջքս․․․ Ա, կնիկ․․․ ողնաշարս կտոր կտոր է լինում։ Նստիր, Սանդրօ․ ա կնիկ, չայ բեր, մուրաբա բեր Սանդրոյի համար։

Բայց քացախած դեէմքով կինը տեղից չշարժուեց։ Նա մի կատաղի հայացք ձգեց հիւանդի վրայ եւ երեսն արագ դարձրեց դէպի պատշգամբ, քթի տակ ինչ որ տրտնջալով։

— Ի՞նչ է պատահել, պարոն Գասպար,— կամեցայ ես իմանալ խնամատարիս հիւանդութիւնը։

— Նաւի վրա մրսել եմ, վայ, վայ մէջքս։ Ջերմ ու տենդ է, վա՜յ, կ՚ասես շուռ է տալիս սաթլջամի։ Ա կնիկ, աղիւս տաքացրու․․․ Վա՜յ․․․

Կինը դարձյալ անշարժ մնաց։

Ես մօրեղբորս պատուէրը Բարեկենդանի մասին յայտնեցի խնամատարիս։ Երբ խօսքս հասաւ Սաղեանի գինուն, յանկարծ տգեղ կինը փոթորկուեց։

— Հաա՞,— գոչեց նա,— հիմա էլ Սաղեանի գինի, Մատրասինը հերիք չէ հաա՞։ Խմիր, խմիր, տեսնենք վերջդ ի՛նչ է լինելու։

— Ա՜յ, կնիկ, մի՛ տաքանար, դու գիտես, որ Յակոբը հանաքչի է,— փորձեց մեղմացնել կնոջ կատաղութիւնը խնամատարս։

Բայց երեւում էր, որ կնոջ սիրտը վաղուց էր լեցուել թունով եւ առիթի էր սպասում, որ ժայթքի։ Եւ սկսեց։ Աստուած իմ, ինչեր չասաց նա խեղճ մարդուն։ Դուրս եկաւ, որ եռանդուն, արթուն բարեկամս ե՛ւ ծոյլ է, ե՛ւ հարբեցող, ե՛ւ մեծախօս, ե՛ւ սուտ ասող։

Մարդը մուշտակը քաշել էր գլխին ու լուռ լսում էր։ Երբ կինը դուրս թափեց իւր սրտի ամբողջ թոյնը, այն ժամանակ նա մուշտակը յետ քաշեց եւ ասաց․

— Պրծա՞ր, դէ հիմի մուրաբա բեր Սանդրոյի համար։