Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակում է իր անունը «Խաչիկ դպիր», «Խաչատուր»։ Բանաստեղծությունների հիմնական մոտիվը սերն է, բանաստեղծի թախիծը, նրա ջերմ զգացումները սիրած էակի հանդեպ։ Տետրակի ազատ էջերի վրա կատարված են բազմաթիվ նշումներ, զանազան խորհրդածություններ և այլն։ Բերում ենք ընթեռնելի տողերը.

«Ասում ես մարդս հոգի չունի, դե որ հոգի չունի էլի էն նույն մարմինն է, ընչի՝ համար հետը սեր չես անում, ասում ես հոտած է. հոտած մարմինն, որ դու չես սիրում, քո աստված քեզ ոնց սիրի, որ իստակ ա ստեղծել»։

Բանաստեղծությունները տպագրվում են առաջին անգամ։

ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈԻԹԻԻՆ.

(Էջ 46)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, բանաստեղծության սևագիրը պահվում է 17 թվահամարի տակ եղած տետրակում, այս տետրակը սկսվում է Արարատ կատարած ճանապարհորդության նկարագրությամբ, որին հետևում է «Երեակայութիւն ի վերայ...» վերնագրով չափածոն. «Նախասահմանութիւնը» տրված է որպես նախերգանք, «Երևակայութ. ի վերայ...» բանաստեղծության, հետո անջատել է այն և դարձրել առանձին բանաստեղծություն։

ԵՐԵԻԱԿԱՅՈՒԹԻԻՆ Ի ՎԵՐԱՅ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ Ի ԼԵՌԱՆ

ԱՐԱՐԱՏ.

(Էջ 47-51)

Հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից։ Բանաստեղծության նախնական վարիանտներին մենք հանդիպում ենք 17 և 57 թվահամարի տակ պահվող տետրակներում և 87 թվահամարի տակ պահվող ձեռագրում։ Բանաստեդծությունը բաղկացած է 36 քառյակից, գրված է 1829 թ. Հոկտեմբերի 27-ին, Արարատ կատարած վերելքից մի ամիս անց։ Այդ բանաստեղծությունը Աբովյանը կարդացել է մեկ տարի հետո Դորպատում, «Արարատի» վերելքի տարեդարձի առթիվ։

1835 թ. այդ բանաստեղծությունը Աբովյանը ուղարկել է Գերմանիա լեզվաբան Պետերմանին երկու նպատակով. նախ Արարատ բարձրանալու նկարագրությամբ հերքելու Շոպենի կասկածները Պարրոտի «Արարատ» բարձրանալու կապակցությամբ։ Երկրորդ, հերքելու եվրոպացիների այն թյուր կարծիքը, թե հայերը բանաստեղծություն չունեն և հայերենով չի կարելի բանաստեղծություն գրել։ Բանաստեղծությանը կցված է Աբովյանի նամակը Պետերմանին։ Նամակին նախորդում է մի ծանոթագրություն՝ գրված գերմաներեն լեզվով. ստորև բերում ենք նրա թարգմանությունը։

«Ես ինձ անշուշտ բախտավոր կհամարեմ, եթե մի այսպիսի տակավին շատ անկատար աշխատություն որևէ կերպով արժանի լիներ ձեր ուշադրության։ Այստեղ չկա լեզվի և ոչ մի ճոխություն, ճարտասանական պերճություն այլ՝ մի մանկական սրտի զեղմունք է, մի այսպիսի տեսարանի վսեմությամբ համակված և ոգևորված հավատքով, հին հին պատմություններով Արարատի,— որ մարդկային սեռի հանգստավայրն ու փրկության տեղն է եղել,— որն իր հայրենակիցների կողմից ընդունվում և պաշտվում է իբրև ճշմարտություն։ Եվ որքան առարկաներ, որքան նյութեր ունի Հայաստանը, որոնք կարող էին բանաստեղծության գերագույն թռիչքը տալ. հայերի կյանքը, նրանց մտածելակերպը, նրանց պատմությունը, նրանց վիճակը, նրանց դրախտական երկիրը, նրանց հիշողությունները հրաշալի ժամանակների գործաշարքերի, իրենց անցքերով հանդերձ՝ լի են պատկերներով, որոնց նմանները սակավ ժողովուրդների և, եթե չեմ սխալվում, և ոչ մի ժողովրդի մեջ գոյություն չունեն։ Չափազանց քայքայված, բաժան-բաժան եղած այս ժողովրդի քաղաքական կյանքը, որպեսզի նա այսպիսի անչափ հոյակապ գաղափարները կարողանար իր ուժեղ լեզվի շնորհիվ իրագործել և հետագա սերնդի համար պահպանել ամենից վատն այն էր, որ նրան իր մայրենի լեզուն բոլորովին օտար մնաց այնպես, որ այժմ բնավ այդ չի հասկանում, ուստի և բնականաբար այսպիսի դրվածքները պետք է իսպառ կորչէին, որովհետև հազարից մինն անգամ չի հասկանում և այն էլ մի աբեղա կամ քահանա, որի ճաշակով չէ այսպիսի մի բան։

Հեռավորությունը չի կարող ինձ խանգարել նպաստավոր լինել այն մարդուն, որը իմ հայրենիքը սիրում է։ Առողջություն, և դուք ինձ անշուշտ հասկանում եք։ Նախախնամությունը մեզ իրար կհանդիպեցնե, եթե ոչ ուրեմն մնամ առ ի սրտև Ձեզ անձնվեր ծառա Խ. Աբովյանց»։