Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նասիոնում, իսկ 18–20 տարեկանում՝ անցնում էին ռազմական դասընթաց՝ էֆեբիայում, ուսումնասիրում երկրի օրենքները։ Աղջիկներն ստանում էին միայն ընտանեկան դաստիարակություն։ Ա. դ–յան համակարգում բացառվում էր ֆիզիկական աշխատանքը։ Ստրուկներն ուսման իրավունք չունեին։

Նկարում` Աթենաս։ Գործ՝ Ֆիդիասի։ Մ. թ. ա. II դ.։ Հռոմեական ընդօրինակություն։ Մարմար։ Աթենքի հնագիտության ազգային թանգարան։

ԱԹԵՆԱՍ (Άθηνά) հին հունական աստվածուհի, պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների ու երկրագործության հովանավորը, Զևսի դուստրը։ Ա. պատկերվել է դաժան, վսեմ ու զինավառ կույսի կերպարանքով, «իմաստուն» բվեճի, երբեմն էլ՝ օձի կամ ձիթենու ծառի ուղեկցությամբ (տոտեմիզմի վերապրուկներ)։ Ըստ առասպելի, Ատտիկային տիրանալու համար ծագած վեճում Ա. հաղթել է Պոսեյդոնին, և աստվածները նրան ճանաչել են որպես աթենացիների խնամակալուհի։ Ա–ի անունով կոչվել է Աթենք քաղաք–պետությունը։ Նրա պաշտամունքին նվիրված ավելի քան 70 խոշոր տաճարներ ու սրբարաններ են եղել Հին Հունաստանում։ Գլխավոր տաճարը Պարթենոնն էր, որտեղ կանգնեցվել էր Ա–ի արձանը (գործ՝ Ֆիդիասի)։ Ա–ին էր նվիրված երկրի ամենամյա գլխավոր տոնը՝ Համաաթենականը։ Յուրաքանչյուր 4-րդ տարին հանդիսավորությամբ նշվում էր Մեծ Համաաթենականը, որ տևում էր 6 օր շարունակ՝ համայն աթենացիների մասնակցությամբ։ Ա–ի պատվին կազմակերպվել են հեծյալ և հետիոտն մարզիկների մրցություններ, ջահերով վազք, խմբերգեր, պարեր, արտասանություն ևն։

Հայկական դիցաբանության մեջ Ա. նույնացվել է Արամազդի դուստր Նանեի, իսկ հռոմեականում՝ Յուպիտերի դուստր Սիներվայի հետ։ Հելլադայից բերված Ա–ի արձանը Տիգրան Բ Մեծի օրոք դրվել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Թիլ ավանում (Երզնկա քաղաքի մոտ)։


ԱԹԵՆԻԻ ՍԻՈՆ, խաչաձև կենտրոնագմբեթ տաճար Վրաստանում։ Գտնվում է Գորի քաղաքից 12 կմ հարավ, Կուր գետի վտակ Տանայի ձորում, Ատենի գյուղի մոտ։ Կառուցել է Թոդոսակը, VII դ․ 1-ին կեսին, օգնական վարպետներ Գրիգորի, Ահարոնի և Գիորգիի մասնակցությամբ։ Տաճարի ճակատները զարդարված են պատմական անձանց և սյուժետսւյին հարուստ բարձրաքանդակներով, ներսում կան 1080-ի որմնանկարներ, պատերին՝ հայերեն շինարարակաև արձանագրություն։

Նկարում` Աթենիի Սիոնը հարավ–արևմուտքից։


ԱԹԵՆՔ, Աթենա (՚Αθήναι), Մեծ Աթենք, Հունաստանի մայրաքաղաքը։ Ա–ի անունը հին հույները կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում՝ երեք կողմից շրջապատված լեռներով, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցին հարող հարթավայրում։ Ժամանակակից Ա. կառուցվել է հնի տեղում և ընդարձակվելով միաձուլվել 8 կմ հեռու գտնվող Պիրեյ նավահանգստին։ Ա. արվարձաններով Պիրեյայի հետ կազմում է Մեծ Ա., որն զբաղեցնում է 433,3 կմ² տարածություն և ունի 1852,7 հզ. բնակիչ (1961)։ Մեծ Ա. Հունաստանի տրանսպորտային և արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է, տալիս է երկրի արդյունաբերական արտադրանքի 2/3–ը։ Մեծ Ա–ում են կենտրոնացված նրա տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների 60%, կարի արտադրության 57%, կաշվի՝ 51%, քիմիական արդյունաբերության 49%, մետաղաձուլության 64%, մեքենաշինության 50%։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գորգագործությունը և հուշանվերների արտադրությունը։ Ա–ի Հելինիկոն օդանավակայանը միջազգային հանգույց է։ Ա–ում են գտնվում Ազգային գիտությունների ակադեմիան, համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը, քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցը, ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտը, օպերային թատրոնը, կոնսերվատորիան, հնագիտական ինստիտուտներ, Ազգային գրադարանը, Ազգային հնագիտական թանգարանը (1874), Ակրոպոլիսի թանգարանը (1878), Ագորայի թանգարանը (1956), Բյուզանդական թանգարանը (1914), Ազգային պատկերասրահը (1900) և Բենակի թանգարանը (1931)։

Ա–ի հիմնադրման տարեթիվը ճշտված չէ։ Ըստ ավանդության, առաջին բնակավայրերն այնտեղ երևան են եկել մ. թ. ա. XVI–XIII դդ.։ Ա. հին աշխարհի տնտեսական, քաղաքական և մշակութային խոշոր կենտրոն էր (տես Աթենք Հին)։ Մ. թ. ա. 146-ից Ա. գտնվում էր Հռոմի իշխանության ներքո։ IV դարից մինչև 1204 մտնում էր Բյուզանդական կայսրության մեջ։ 1204–1458-ին Աթենական դքսության մայրաքաղաքն էր։ 1458-ին գրավեցին թուրքերը։ Հույն ժողովրդի 1821–29-ի ազգային–ազատագրական շարժման ժամանակ Ա. դարձավ Հունաստանի վարչական, մշակութային և քաղաքական կենտրոնը, 1834-ից՝ մայրաքաղաքը։ 1941-ի ապրիլի 27-ին Ա. օկուպացրին գերմանա–ֆաշիստական զավթիչները։ Ազատագրվեց 1944-ի հոկտեմբերի 13-ին՝ հունական ազգային ազատագրության ճակատի (ԷԼԱՍ) զորքերի կողմից։

Անտիկ բարձրարվեստ հուշարձանների համադրումը բյուզանդական միջնադարյան հուշարձանների և կառուցապատված

Նկարում` Աթենք։ Տեսարան քաղաքից։