Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (Ալավերդով) Քրիստափոր Նիկողոսի (Նիկոլայի) (1897-1942), սովետական ռազմական գործիչ, գեներալ–մայոր (1940)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է մայիսի 25-ին, Փաշալուի գավառի Օղբին գյուղում (այժմ՝ Ազիզբեկովի շրջան)։ Եղել է հովիվ, սևագործ բանվոր, ցարական բանակի զինվոր։ 1919–20-ին կարմիր բանակի շարքերում մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ Այնուհետև ծառայել է Ուկրաինայում, Միջին Ասիայում, Մոսկվայի զինվորական օկրուգում։ 1931 – 1935-ին Ա. հայկական հեծելազորային գնդի հրամանատար էր։ Սովորել է Կիևի ռազմ․ դպրոցում, ավարտել Մոսկվայի Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի հատուկ դասընթացը (1936) և կարմիր բանակի Գլխավոր շտաբի ռազմ. ակադեմիան (1939)։ Սպիտակ ֆինների դեմ պատերազմում (1939–40) Ա. եղել է 7-րդ բանակի հեծելազորային դիվիզիայի հրամանատար։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմը Ա. դիմավորեց սահմանագլխին, որպես 113-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Ծանր մարտերից հետո դիվիզիան նահանջեց, իսկ վիրավոր Ա. ընկավ թշնամու ձեռքը։ Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում գեներալ–մայոր Ի. Ս. Նիկիտինի հետ Ա. ստեղծել և գլխավորել է հակաֆաշիստական այն կազմակերպությունը, որը հետագայում ղեկավարեց գեներալ–լեյտենանտ Մ. Դ. Կարբիշևը։ Ա–ին հիտլերականները տանջամահ արեցին Նյուրնբերգի բանտում, 1942-ի ապրիլին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և մարտական Կարմիր դրոշի (2) շքանշաններով։ Ա–ի կիսանդրին դրված է Ազիզբեկով ավանում։ Նրա անունով է կոչվում ՀՍՍՀ Արտաշատի շրջանի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցը։ Մ. Հակոբյան


ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ, բանվորական մասսայական շարժում, որ ծավալվել է Ալավերդում, XX դարի սկզբին։ Ալավերդու պղնձաձուլական գործարաններում, Շամլուղի, Ախթալայի, Սիսիմադանի, Շահալի–Էյլարի հանքերում այն ժամանակ աշխատում էին մի քանի հազար բանվորներ։ Երկու դարերի սահմանագլխին երկրում հասունացող հեղափոխական ընդհանուր բանվորներին։ Ալավերդում, Հաղպատ գյուղում, Սանահին կայարանում գործում էին լենինյան–իսկրայական խմբակներ (տես Ալավերդու սոցիալ–դեմոկրատական խմբակ), որոնք առաջին քայլերն էին անում աշխատավորների դասակարգային գիտակցությունը բարձրացնելու, նրանց հեղափոխական պայքարը կազմակերպելու համար։

Ալավերդում առաջին բանվորական ելույթները տեղի են ունեցել դեռևս 1880–1890-ական թթ.։ 1903-ին Ալավերդու պրոլետարիատը հանդես է եկել Բաքվի բանվորների ընդհանուր գործադուլի պաշտպանությամբ։ Բանվորական շարժումն Ալավերդում մասսայական և կազմակերպված բնույթ է ստացել ռուսական առաջին հեղափոխության տարիներին։ 1905-ի մարտի 5-ին Պիրիտիկ և Մանես գործարանների մոտ 1000 բանվորներ գործարանատերերին ներկայացրին 28 կետից բաղկացած պահանջներ, որոնք հիմնականում տնտեսական բնույթ ունեին։ Ստեղծվեց գործադուլային կոմիտե։ Որոշ ընդհատումներով գործադուլը շարունակվեց մինչև ապրիլի կեսերը։ Բորչալուի գավառապետի ցուցումով Ալավերդի եկավ կազակային պատժիչ ջոկատ։ Չնայած դրան, բանվորները համերաշխ ցույցով նշեցին Մայիսի 1-ը։ Այդ օրերին Ալավերդում գտնվող Ս. Շահումյանն աշխատում էր բանվորների տնտեսական պահանջները զուգակցել քաղաքական խնդիրների հետ։ 1905-ի հունիսին գործադուլային պայքարը վերսկսվում է և աննախընթաց թափի ու մասսայականության հասնում հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։ Շարժումն ուներ որոշակի քաղաքական բնույթ։ Բանվորները դնում էին ցարիզմի տապալման, դեմոկրատական ազատությունների հաստատման, հակաժողովրդական–ազգայնական կուսակցությունների վերացման և այլ պահանջներ։ Պայքարին բնորոշ էր տարբեր ազգերի աշխատավորների համերաշխությունը։ Բանվորների ելույթները նյութական և զինված աջակցություն էին ստանում շրջակա գյուղերի աշխատավորների և նրանց զինված ջոկատների կողմից։ Շարժումը գլխավորում էին Մ. Մելիքյանը, Ա. Կախոյանը և ուրիշներ։ Գործադուլային կոմիտեի մեջ մտնում էին բանվորներ Ս. Փիրուզյանը, Վ. Չելիձեն, Ա. Դևդորիանին, Մ. Աղամյանը, Մ. Կաֆարը, Ն. Ջաֆարովը։ Գործադուլն ավարտվեց բանվորների հաղթանակով։ Ալավերդու բանվորների ելույթները չդադարեցին նաև հեղափոխության վայրէջքի շրջանում։ 1906-ին համարյա մեկ ամիս տևեց օգոստոսյան նշանավոր գործադուլը, որին մասնակցում էր 2500 բանվոր։ Գործադուլը գլխավորում էին Ս. Շահումյանը և Ս. Սպանդարյանը։ Թեև բանվորների ելույթը դաժանորեն ճնշվեց, բայց մեծ հարված հասցրեց Ալավերդու պղնձահանքերի ֆրանսիական կոնցեսիոներ–ձեռնարկատերերին։ Ալավերդում բանվորական շարժումը վերսկսվեց 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Ստեղծվեց բանվորների պատգամավորների սովետ, որի կազմում բոլշևիկներն ունեին 25 հոգուց բաղկացած ֆրակցիա։ Ալավերդու բանվորներն ամենաեռանդուն կերպով մասնակցել են Լոռու «Չեզոք գոտում» սովետական կարգերի հաստատմանը (տես Ալավերդի

Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., 1960։ Մելիք–Յոլչյան Ե., Հայաստանի բանվորական շարժման պատմությունից. 1903–1907, Ե., 1930։ Մելիքյան Հ., Բանվորական ռևոլյուցիոն շարժումները Լոռում 1905 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1955, № 2։ Ներսիսյան Մ. Գ., Հայ ժողովրդի պատմություն (1900–1917). Հայաստանը 1905–1907 թթ. հեղափոխության տարիներին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1955, 5։ Աղայան Ծ. Պ., Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թթ., Ե., 1955։ Մուրադյան Դ. Ա., Հայաստանը ռուսական առաջին ռևոլյուցիայի տարիներին. 1905–1907, Ե., 1964։ Հ. Մելիքյան

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՔԻՄԻԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ, արդյունաբերական ձեռնարկություն ՀՍՍՀ Ալավերդի քաղաքում։ Ստեղծվել է 1957-ին՝ Ալավերդու պղնձաձուլական (հիմնադրված 1770-ին) և քիմիական գործարանների միացմամբ։ Օգտագործում է Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներից, Ախթալայից, Շամլուղից, Ղափանից և մի շարք այլ վայրերից ստացվող հումքը։ Արտադրում է պղինձ (ավարտուն ցիկլով՝ սև, անոդային, կաթոդային, վայերբարսային), ծծմբաթթու, պղնձարջասպ։ 1959–65-ին Ա. պ. կ. վերակառուցելու համար ներդրվել է մոտ 30 մլն. ռ.։ 1959-ի համեմատությամբ 1969-ին կոմբինատի համախառն արտադրանքն ավելացել է շուրջ 3,5 անգամ։ Պղնձարջասպի արտադրությամբ Ա. պ. կ. երկրում գրավում է առաջնակարգ տեղ։ Պղնձարջասպն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ Բուլղարիա, Լեհաստան, Կուբա, Հարավսլավիա, Շվեդիա, Ճապոնիա, Հնդկաստան, Թուրքիա ևն։ Պղնձի արտադրության իր ավարտուն ցիկլով Ա. պ. կ. ՍՍՀՄ գունավոր մետաղաձուլության խոշոր ձեռնարկություններից է։ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Ալավերդի քաղաքի մոտ։ Նկարագրել են Հ. Աբիխը (1853), Ժան Մորգանը (1886), Ն. Մորոզովը, Ս. Կոնստանտովը (1917)։ Սիստեմատիկորեն ուսումնասիրվել է