Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկային մարմնի համաչափությունների և զարդապատկերների առանձին դրվագների ճիշտ վերարտադրությունը, ձգտում դեպի պատկերագրական որոշ կանոնների ինքնատիպ լուծումը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը։ Ա. ա–ում ընդօրինակված և պատկերազարդված ձեռագրերից նշանավոր են 1287-ի ավետարանը, «Վասակ իշխանի ավետարանը», որոնց նախատիպն է եղել «Կեռան թագուհու ավետարանը» (1272)՝ նվիրված «Ի վանս որ կոչի Ակներ»։ Ա. ա–ում են գործել Պողոս, Գրիգոր, Կարապետ, Հովհաննես ծաղկողները, Ռուբեն, Բարսեղ քահանա կազմողները և ուրիշներ։

Ա. ա–ում է թաղված Լևոն Բ թագավորի սիրտը, ինչպես և Պաոտին մարաջախտը, իշխաններ, հոգևորականներ։ XIV դարից հետո Ա. ա–ի անունն այլևս չի հիշատակվում (հավանաբար ավերել են եգիպտական զորքերը՝ 1375-ին Սիսը պաշարելու ժամանակ)։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Ակինյան Ն., Ականց կամ Ակների վանքը, նրա «Մատենագրական հետազոտություններ», հ. 5, Վնտ., 1953։ Ազարյան Լ. Ռ., Կիլիկյան մանրանկարչությունը XII – XIII դդ., Ե., 1964, էջ 76-88։ Մելիք–Բախշյան Ս., Ակների գրչության դպրոցը, «ԲԵՀ, հաս. գիտ.», 1968, № 3(6)։

Ա ԿԱՊԵԼԼԱ (իտալ. acappella, բառացի՝ կապելլայով, երգչախմբով, տես Կապելլա), տերմին, որով նշվում է առանց նվագակցության խմբական երգեցողությունը, այդպիսի կատարման համար գրված ստեղծագործությունը, երաժշտական գրության այդօրինակ եղանակը և ոճը։ Որպես երգչախմբային արվեստի ոճ սկզբնավորվել է միջին դարերում՝ պաշտամունքային բազմաձայն երաժշտության ընդերքում, ծաղկում է ապրել Վերածննդի նիդերլանդական վարպետների արվեստում և կատարելության հասել Հռոմեական դպրոցում (Ջ. Պալեստրինա)։ Կիրառվել է նաև աշխարհիկ երգարվեստում, օրինակ՝ մադրիգալի տիպի կամերային վոկալ ժանրերում։ Կոմիտասի շատ խմբերգեր Ա կ. ոճի ինքնատիպ նմուշներ են («Գարուն ա», «Կալի երգ», «Առավոտուն բարի լուս», «Սիփանա քաջեր», «Պատարագ» ևն)։


ԱԿԱՐԱՊԻԴՈԶ մեղուների, ակարոզ, մեղուների շնչառական օրգանների տզային հիվանդություն։ Առաջին անգամ արձանագրվել է 1904-ին, Ուայտ կղզու (Անգլիա) մեղվանոցներում։ Տարածված է ամբողջ Եվրոպայում և ՍՍՀՄ եվրոպական մասում։ ՀՍՍՀ–ում առաջին անգամ արձանագրվել է 1938-ին՝ Աշտարակի սովետական տնտեսության մեղվանոցներում, իսկ հետագայում տարածվել է Արարատյան դաշտի և նրա շրջակայքի մեղվանոցներում։ 1953-ից ՀՍՍՀ–ում Ա. հիմնականում վերացվել է։ Հարուցիչը Acarapis Woodi Rennie տիզն է։ Տեղակայվում է մեղվի կրծքային առաջին զույգ շնչառական անցքերում, իսկ երբեմն՝ որովայնային օդապարկերում և թևերի հիմքում։ Տիզը սնվում է մեղվի արյունով (ավիշով), բազմանում, խանգարում գազափոխանակությանը։ Տզերի արտադրած գազերից մեղուները սատկում են։ Վարակը փոխանցվում է շփման միջոցով։ Բուժումը՝ ֆրոուի հեղուկով, մեթիլ կամ էթիլսալիցիլատով, մեթիլդիքլորբենզոլատով, տեդինով։


ԱԿԱՐՈԼՈԳԻԱ (<հուն. άκαρίς - տիզ+ … լոգիա), կենդանաբանության մասնաճյուղ, որն զբաղվում է տզերի ուսումնասիրությամբ։


ԱԿԱՑԻԱ, իսկական Ա. (Acacia), պատկառուկազզիների (միմոզա) ընտանիքի ծառեր ե թփեր։ Ծաղիկները մանր են, սպիտակ կամ դեղնավուն՝ հավաքված գնդաձև գլխիկներում։ Պտուղը ունդ է։ Հայտնի է մոտ 500 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և մերձարևադարձային երկրներում (հատկապես՝ Ավստրալիայում)։ Բնափայտն արժեքավոր է։ Ա–ից ստանում են արաբական խեժ, դաբաղանյութեր և եթերային յուղեր։ Արծաթափայլ Ա. (A. dealbata) կամ «պատկառուկը» աճում է Սև ծովի կովկասյան ափերին և օգտագործվում է դեկորատիվ նպատակներով։

Սպիտակ կամ կեղծ Ա. (Robinia pseudoacacea) թիթեռնածաղկավորների ընտանիքի դեկորատիվ ծառ է, սպիտակ, հոտավետ, մեղրատու ծաղիկներով։ Բնափայտն օգտագործվում է կահույքագործության մեջ։ ՀՍՍՀ–ում տարածված է սպիտակ Ա.։


ԱԿԵ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ VI դարից մեծանում է Ա–ի դերը հայոց պատմության մեջ։ Ա. նախարարություն էր, եկեղեցական թեմ և ուներ իր եպիսկոպոսությունը, որը, ըստ Ուխտանես պատմիչի, հաստատել է Գրիգոր Լուսավորիչը (տես նաև Ակեացիներ


ԱԿԵԱՑԻՆԵՐ, հայ նախարարական տոհմ Ակե գավառում։ Ա. առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ։ Արքունիքում ունեցել են 44-րդ գահը և հայոց զորքին տվել 300 զինվոր։ Առանձին գնդով մասնակցել են Ավարայրի ճակատամարտին (451) Վարդանանց կողմում (իսկ Ընջուղ Ակեացի իշխանն անցել էր Վասակ Սյունու կողմը)։ VIII դարից Ա. դառնում են Արծրունիների վասալներ։ Թովմա Արծրունին վկայում է, որ Արյան լճի ճակատամարտում (852) Ա. Վասակ իշխանի գլխավորությամբ մարտնչում էին արաբ նվաճողների դեմ։ Նույն պատմիչը հիշատակում է նաև Թադեոս Ակեացի իշխանին, որպես Վասպուրականի քաղաքական եռանդուն գործչի և քաջ զինվորականի, որը 905-ին Վասպուրական ներխուժած արաբների և մահմեդական ուրիշ ցեղերի դեմ հաղթական պայքարի ղեկավարըն էր։ X դարից հայկական աղբյուրներն Ա–ի մասին չեն հիշատակում։

Գրկ. Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Վ. Վարդանյան


ԱԿԻՄՈՎ Նիկոլայ Պավլովիչ (1901 – 1968), ռուս սովետ, ռեժիսոր և նկարիչ։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1960)։ Պրոֆեսոր (1960)։ Ծնվել է ապրիլի 3(16)–ին, Խարկովում։ 1922-ից աշխատել է որպես թատերական նկարիչ, 1929-ից նաև ռեժիսոր։ Ձևավորել է Իվանովի «Զրահագնացք 14–69» (Լենինգրադի Պուշկինի անվ. թատրոնում), Լավրենյովի «Բեկում» (Վախթանգովի անվան թատրոնում), Տրենյովի «Լյուբով Յարովայա» (Մոսկվայի գեղարվեստական թատրոնում) և այլ բեմադրություններ։ 1935-ից (ընդմիջումով) եղել է Լենինգրադի Կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, բեմադրել և ձևավորել Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», «Վալենսիայի այրին», Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» և այլ պիեսներ։ Ա–ի ստեղծագործությանը բնորոշ են արդիականության սուր գացողությունը, վառ թատերայնությունը։ Մահացել է սեպտ. 6-ին, Մոսկվայում։

Երկ. Не только о театре М.-Л., 1967.

ԱԿԻՄՈՎԱ (նախնիները՝ Հեքիմյան) Սոֆյա Վլադիմիրովնա (1887–1972), հայազգի օպերային արտիստուհի (սոպրանո), մանկավարժ։ Ծնվել է մարտի 15(27)–ին, Թիֆլիսում։ Ուզբ. ՍՍՀ վաստակ, արտիստուհի (1944)։ Ի. Վ. Երշովի կինը։ Երգարվեստի նկատմամբ Ա–ի մեջ սեր են արթնացրել Ն. Պապայանը և Հ. Ղորղանյանը։ 1909-ին ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը։ 1913–29-ին եղել է Մարիինյան թատրոնի (այժմ՝ Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն) մեներգչուհի։ Վագների օպերաների դերերգերի՝ Ելիզավետա («Տանհոյզեր»), Էլզա («Լոհենգրին»), Զիգլինդե («Վալկիրիա»), Բրյունհիլդե («Զիգֆրիդ»), Գուտրունե («Աստվածների կործանումը»), լավագույն կատարողներից է։ Մասնակցել է Վագների «Թռչող հոլանդացին», «Տրիստան և Իզոլդա», Բախի «Տառապանքներն ըստ Մատթեոսի», Հենդելի «Սամսոն», Մոցարտի «Ռեքվիեմ», Շումանի «Դրախտը և փերին» գործերի համերգային կատարումներին։ Մենահամերգներում կատարել է Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Սպենդիարյանի որոշ վոկալ ստեղծագործություններ։ Ա–ի երաժշտա–բեմական կերպարներն աչքի են ընկել հոգեբանական խորությամբ, արտահայտչականությամբ, դրամատիզմով։