ԱԿՈՐԴ 229
մանի մոտ։ Ամենաբարձր գագաթն է Արևմտյան կիսագնդում (6960 մ)։ Ունի 7 մեծ սառցադաշտ։ Առաջին վերելքը կատարվել է 1897-ին։
ԱԿՈՊՈՎ Ստեփան Հակոբի (1899–1958), սովետական կուսակցական և պետական գործիչ, ինժեներ–մեխանիկ։ Ծնվել է դեկտեմբերի 21-ին` Շուլավերում (այժմ՝ Վրացական ՍՍՀ Մառնեուլի շրջանի Շահումյան ավան)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1931)։ 1919-ից կոմերիտական, կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել կոմերիտմիության Թիֆլիսի կոմիտեում, ՀամԿ(բ)Կ Մոսկվայի Բաումանի շրջկոմում, ՀամԿ(բ)Կ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավկոմում։ Այնուհետև աշխատել է որպես Պոդոլսկի Օրջոնիկիձեի անվան մեքենաշինական գործարանի գլխավոր ինժեներ, ապա՝ դիրեկտոր, 1937–39-ին՝ Ուրալմաշ գործարանի (Սվերդլովսկ) դիրեկտոր։ Մեծ են Ա–ի ծառայությունները սովետական ավտոմոբիլային և տրակտորային արդյունաբերության կազմակերպման և զարգացման գործում։ 1940-ից եղել է միջին մեքենաշինության ժողկոմի 1-ին տեղակալ, 1941-ից՝ ժողկոմ, 1946-ից՝ ՍՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության, իսկ 1947-ից՝ ավտոմոբիլային ու տրակտորային արդյունաբերության մինիստր։ 1950-ից Ա․ աշխատել է որպես ՍՍՀՄ գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրի տեղակալ, իսկ 1953-ին նշանակվել ՍՍՀՄ մեքենաշինության մինիստրի տեղակալ, ապա և՝ մինիստր։ 1954–55-ին եղել է ՍՍՀՄ ավտոմոբիլային, տրակտորային և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստր։ Ա–ի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս են տեսել մեքենաշինության եռահատոր տեղեկատուն և մի շարք տեխնիկական գրքեր։ Եղել է ՍՍՀՄ II և IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։ Մահացել է օգոստոսի 9-ին`Մոսկվայում։
ԱԿՈՌԻ, գյուղ Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում, Մեծ Մասիսի վիհի եզրին։ Ըստ տեղական ավանդության` առասպելական Նոյ նահապետն այդ վայրում տնկել է ուռենի, այստեղից և՝ Ար–կուռի–Ակոռի անվանումը։ Առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին (V դ․)՝ 481–484-ի հայ–պարսկական պատերազմի կապակցությամբ (տես` Ակոռիի ճակատամարտ 481)։ 703-ին Ա–ի մոտ հայ ապստամբները հաղթել են արաբներին (տես` Վարդանակերտի ճակատամարտ 703)։ Միջին դդ․ Ա․ եղել է խոշոր ավան, Խոր Վիրապի եպիսկոպոսական թեմի կենտրոն, ավելի ուշ շրջանում, Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ, այնտեղ նստում էր այլազգի իշխող։ 1840-ի հուլիսի 2-ին Մեծ Մասիսի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գյուղը թաղվել է ժայռաբեկորների հաստ շերտի տակ։ Աղետից առաջ գյուղն ունեցել է 2200 բն․, որից 1600-ը՝ հայեր։ Բնակիչները հիմնականում զբաղվել են այգեգործությամբ։ Ա–ում գործում էին երկու վարժարան։ Արարատ բարձրանալիս գյուղում եղել են ճանապարհորդներ Ֆ․ Դյուբուա դը Մոնպերյոն, Բ․ լը Գուզը, Ֆ․ Պարրոտը։ Երկրաշարժի պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844-ին Ա․ է այցելել երկրաբան Հ․ Աբիխը։
Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը (661–667) Ա–ում կառուցել է եկեղեցի, որը ոչ մեծ գմբեթավոր կառույց էր՝ երկու առանձին կանգնած մույթերով, արևելակողմի երկու ավանդատներով և ճակատային եռանկյունաձև խորշերով։ Ճարտ․ մանրամասներն առնչվում են VII դ․ ընդհանրացված ձևերին։ Կործանվել է գյուղի հետ մեկտեղ։ Ա–ի մոտ, Մեծ Մասիսի հս–արլ ստորոտին գտնվում է Ս․ Հակոբի վանքը՝ բաղկացած խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցուց և միաբանների կացարաններից։ Վանքի կառուցման ժամանակն անհայտ է։ Այնտեղ եղած արձանագրությունների մի մասը, որ հրատարակել է Դյուբուա դը Մոնպերյոն, թվագրված է XIII–XIV դդ․։ Կործանված Ա–ից ոչ հեռու գտնվող նոր Ակոռի գյուղը XIX դ․ վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ռուսական ամրոցաձև պահակատուն։
ԱԿՈՌԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 481, տեղի է ունեցել հայ ապստամբական ուժերի (տես` Վահանանց պատերազմ 481–484) և պարսկական զորքերի միջև, Ակոռի գյուղի մոտ։ Արևելյան Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481-ի աշնանը խառնիճաղանջ մի բանակով Ատրպատականից շարժվեց ապստամբների դեմ։ 400 հոգուց կազմված հայկ․ մի ջոկատ՝ Վասակ Մամիկոնյանի, Բաբգեն Սյունիի և ուրիշ իշխանների գլխավորությամբ, Դվինից շտապեց դեպի Արաքս գետը՝ Նախճավանի մոտ՝ արգելելու թշնամու գետանցը։ Սակայն մինչև հայերի տեղ հասնելը պարսկական զորքն անցել էր գետը և ամրացել Կռվակ գյուղում։ Հայերը հետախուզեցին թշնամու բանակը (կազմված մեծ մասամբ անվարժ, ոչ պիտանի զինվորներից) և որոշեցին նահանջել դաշտավայրից ու ճակատամարտ տալ լեռնային տեղանքում։ Հայկ․ ջոկատը դիրքավորվեց Մասիսի փեշերին՝ Ակոռի գյուղի մոտ, որտեղ թիկունքն ապահով էր լեռան կողմից, ապա հանկարծակի հարձակվեց իրեն հետապնդող պարսիկների վրա։ Չդիմանալով գրոհին՝ պարսիկները խուճապահար փախուստի դիմեցին՝ տալով մեծ կորուստներ։ Ըստ Ղազար Փարպեցու` Ա․ ճ–ում սպանվեցին մարզպան Ատրվշնասպն ու «այլ արք ավագ և զբազում պարսիկք»։ ժողովուրդը ցնծությամբ ընդունեց հաղթանակի լուրը։ Մինչ այդ տատանվող հայ նախարարներից շատերն իրենց զորամասերով միացան ապստամբներին։ Հայերը հնարավորության ստացան 481–482-ի ձմռանը նախապատրաստել բանակը՝ սպասվող հարձակումներից պաշտպանվելու համար։
Գրկ․ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց ե Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։
ԱԿՈՍՏԱ (Acosta) կամ դա Կոստա (da Costa) Ուրիել (Գաբրիել) (մոտ 1585–1640), հոլանդացի փիլիսոփա։ Ծնվել Է Պորտուգալիայում, կաթոլիկություն ընդունած հրեա ընտանիքում։ 1614-ին փախել է Հոլանդիա և ընդունել հրեական կրոնը։ «Փարիսեցիների ավանդույթների հետազոտությունը․..» երկում ապացուցել Է, որ հրեական կրոնական դոգմաները հակասում են Աստվածաշնչին։ Ա․ հերքել է հոգու անմահության գաղափարը։ Երկու անգամ հեռացվել է հրեական համայնքից։ Չդիմանալով այդ ստորացումներին՝ ինքնասպան է եղել։ Ա–ի գաղափարներն ու ճակատագիրն ազդեցություն են գործել Սպինոզայի աշխարհայացքի ձևավորման վրա։ Ա–ի կերպարը (ըստ Կ․ Գուցկովի «Ուրիել Ակոստա» պիեսի) հայ բեմում մարմնավորել են Պ․ Ադամյանը, Հ․ Աբելյանը, Ի․ Ալիխանյանը,Վ․ Փափազյանը և ուրիշներ։
ԱԿՈՐԴ (իտալ․ accordo – համաձայնություն, այլ մեկնությամբ՝ հուն․ Χορδή – լար բառից), 1․ տարբեր բարձրության մի քանի հնչյունների զուգորդում, որ ընկալվում է որպես հնչյունային միասնություն, համահնչյուն։ Դասական երաժշտության մեջ ակորդները կազմված են տերցիաներով դասավորված 3, 4, 5 կամ 6 հնչյուններից և համապատասխանաբար կոչվում են եռահնչյուն, սեպտակորդ (քառահնչյուն), նոնակորդ (հնգահնչյուն) և ունդեցիմակորդ (վեցահնչյուն)։ Տերցիային կառուցվածքի Ա–ները մաժոր և մինոր լադերի համակարգում գոյացող ներդաշնակության հիմնական տարրն են (տես` Ներդաշնակություն)։ Նորագույն կոմպոզի–
(նկ․) Եռահնչյուն՝ իր շրջվածքներով․ 1․ Մաժոր եռահնչյուն։ 2․ Սեքստակորդ։ 3․ Կվարտ–սեքստակորդ։ 4․ Եռահնչյունը քառաձայն դարսվածքով։ 5․ Եռահնչյունը լայն դասավորությամբ։
(նկ․) Եռահնչյունների տեսակները․ 1․ Մաժոր։ 2․ Մինոր։ 3․ Մեծացված։ 4․ Փոքրացված։
(նկ․) Սեպտակորդ՝ իր շրջվածքներով․ 1․ Սեպտակորդ։ 2․ Կվինտսեքստակորդ։ 3․ Տերց–կվարտակորդ։ 4․ Սեկունդակորդ։
(նկ․) Նոնակորդ և ունդեցիմակորդ․ 1․ Նոնակորդ։ 2․ Ունդեցիմակորդ։ 3․ Թերի նոնակորդ։ 4․ Թերի ունդեցիմակորդ։