Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲՍՏՐԱԿՏ 39

Արհեստական Ա֊ի վնասներն են՝ չբերությունը, վաղաժամ ծերությունը, սեռական օրգանների քրոնիկ բորբոքումները, օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Արտակարգ վնասակար է առաջին հղիության վիժումը։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1955-ի նոյեմբերի 23-ի հրամանագրով թույլատրվեց արհեստական Ա. կատարել միայն ծննդատներում և հիվանդանոցներում։ Ապօրինի Ա. կատարողը պատժվում է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 120, կնոջը Ա֊ի հարկադրողը՝ 121 հոդվածներով։

Գրկ. Մարգարյան Պ.Հ., Մանկաբարձություն, Ե., 1960։ Петченко А. И., Акушерство, 2 испр. дополн. изд., Киев, 1963); Хаскин С. Г., Аборт и его осложнения, Л. 1967. Պ. Մարգարյան


ԱԲՍԵՆՏԵԻԶՄ (<լատ. absens – բացակայող), բուրժ. երկրներում ընտրողների խուսափելը ներկայացուցչական մարմինների ընտրություններից, որը երբեմն դեմոկրատական կուսակցությունների կազմակերպած բոյկոտի հետևանք է։ Մի շարք երկրներում (Ավստրալիական Միություն, Հոլանդիա, Դանիա) Ա֊ի դեմ կիրառվում է այսպես կոչված պարտադիր քվեն, որը նախատեսում է անպայման մասնակցություն ընտրություններին, իսկ խուսափելու դեպքում երբեմն՝ տուգանք։


ԱԲՍԻԴ, ապսիդ (<հուն. άψίς – թաղ, կամար), շինության ծավալի մաս, որն ավարտվում է գմբեթարդով կամ թաղով։ Ներքին Ա. հատակագծում լինում է կիսաշրջան, պայտաձև, բազմանկյուն, արտաքուստ արտահայտված լինելու դեպքում՝ նույնաձև կամ ուղղանկյուն։ Քրիստոնեական եկեղեցիներում կենտրոնական Ա. կոչվում է ավագ խորան։


ԱԲՍՈԼՅՈՒՏԻԶՄ (<լատ absolutus – բացարձակ միահեծան, անսահմանափակ), տես Բացարձակ միապետություն։


ԱԲՍՈՐԲՈՒՄ (լատ. absorptio – կլանում, <absorbeo – կլանում եմ), 1. հեղուկի կամ պինդ մարմնի կողմից գազի կամ հեղուկում լուծված նյութի կլանումը, երբ այն ի տարբերություն ադսորբման տեղի է ունենում կլանիչի՝ աբսորբենտի ամբողջ ծավալով։ Ա. սորբման մասնավոր դեպք է, կարող է ուղեկցվել քիմիական փոխազդեցությամբ (տես Քեմասորբում)։ Կիրառվում է գազերը բաժանելու, ջրազրկելու, հեղուկներով կլանելու, հեղուկները մաքրելու համար ևն։ Կարևոր է ածխաջրածինների բաժանումը ընտրողական Ա-ի միջոցով։ Կենսաքիմիական բազմաթիվ երևույթներ ընթանում են Ա֊ի շնորհիվ։ 2. Էլեկտրամագնիսական և առաձգական տատանումների էներգիայի կլանում (տես Կլանում լույսի, Կլանում ձայնի


ԱԲՍՏՐԱԿՏ ԱՇԽԱՏԱՆՔ, տես Ապրանք հոդվածում։


ԱԲՍՏՐԱԿՏ ԱՐՎԵՍՏ, աբստրակցիոնիզմ (լատ. <abstractus – աբստրակտ, վերացական), անառարկայական, ոչ ֆիգուրատիվ արվեստ, արդի ֆորմալիստական արվեստի ուղղություն կապիտալիստական աշխարհում։ Ծագել է XX դ. սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմալիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։ Առաջին աբստրակցիոնիստներից են՝ Վ. Կանդինսկին, Կ. Մալևիչը, Պ. Մոնդրիանը, Ռ. Դելոնեն և ուրիշներ։

Ա. ա., իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում է առարկայական աշխարհի պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժշտության մեջ ևն)։ Աբստրակցիոնիզմը դրսևորվել է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա էվոլյուցիայի ընթացքում կապված էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, տաշիզմը, սուպրեմատիզմը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։

Ա. ա֊ի փիլիսոփայական ակունքներն են սուբյեկտիվ իդեալիզմը և ագնոստիցիզմը։ Գեղարվեստական կերպարի ավերումը, որն ընդհանրապես խիստ բնորոշ է ֆորմալիզմին, Ա. ա֊ում հասնում է իր ավարտին։ Նրա ծայրահեղ ձևերում արտացոլման առարկան անհետանում է՝ տեղը զիջելով խորությունից զուրկ, անկենդան և անթափանց մակերեսին։ Դրան է հանգեցնում արվեստի անջատումը իրականությունից և գեղարվեստական ձևի միակողմանի գերաճումը։ Ա. ա. հրաժարվում է ազգային ձևից և ավանդույթից, գեղարվեստական արժեքավորման որևէ չափանիշից։ Ա. ա֊ի ջատագովները նրան վերագրում են «գիտական խորությամբ» ընդհանրացումների կարողություն։ Իրականում, չնայած առանձին դեպքերում արտաքին դեկորատիվ որոշ էֆեկտների հասնելու իր ունակությանը, այն ծայրահեղ մակերեսային է և ընդհանուր առմամբ աղքատացնում է մարդկության հոգևոր