որոնք տեղադրված են ծածկասերմ բույսերի սաղմնապարկի ծայրում գտնվող ձվաբջջային ապարատի հակառակ բևեռում։ Ա. մերկ են կամ բարակ թաղանթով պատված, թիվը տատանվում է 1–300-ի սահմաններում։ Ա–ի հավաքածուն կոչվում է անտիպողային ապարատ, որի բջիջների ձևը, մեծությունը, թիվը, կյանքի տևողությունը և կորիզների քանակը տարբեր բույսերում տարբեր են։ Ա. չեն մասնակցում ձվաբջջի բեղմնավորմանը և սաղմի զարգացմանը։
ԱՆՏԻՊՈՆՏԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ, տես Հյուսիսային Հայկական Տավրոս։
ԱՆՏԻՏԱՎՐՈՍ, Անտիտորոս (Anti-Taurus, Anti-Toros), լեռներ Թուրքիայում, Կենտրոնական Տավրոսի հյուսիս–արևելյան մասը։ Ա–ի ամենաբարձր լեռնաշղթաներն են. հս–արմ–ում՝ Բեյդաղը (մինչև 3054 մ) և հվ–արմ–ում՝ Բինբողան (մինչև 2830 մ), որոնք զուգահեռ են իրար և բաժանվում են Սեյխան գետի իջվածքային հովտով։ Կազմված են նստվածքային և հրաբխածին ապարներից։ Ա–ի լեռնաճյուղերը, դեպի հս–արլ. ցածրանալով, օղակում են Ուզուն–Յայլայի սարավանդը, ապա, բարձրանալով, միանում Ներքին Տավրոսի արմ. մասը կազմող Երզնկայի լեռնահանգույցին։ Հյուսիսանայաց լանջերում և գոգհովիտներում կլիման ցամաքային է, հարավահայաց լանջերում՝ բարեխառն։ Տեղումները՝ 400–900 մմ։ Տարածված են կիսաանապատային գիպսատար գորշահողեր (Սեբաստիայի գոգհովիտ), գորշ տափաստանային և լեռնատափաստանային (Ուզուն–Յայլայի սարավանդ), շագանակագույն (հս. լանջ), լեռնատափաստանային (հվ. լանջ) և ալպյան լեռնամարգագետնային հողերը։ Ա–ի հվ. մասում գերակշռում են կիլիկյան բրգաձև սոճին, սև սոճին, արլ. եղևնին, հս. մասում՝ չորասեր սաղարթավորները, ցածրադիր լանջերում՝ չորասեր նոսր անտառներն ու ֆրիգանան, գոգհովիտներում՝ օշինդրային կիսաանապատը, սարավանդներում՝ փետրախոտային տափաստանը։
ԱՆՏԻՑԻԿԼՈՆ (անտի․.. + ցիկլոն), մթնոլորտի բարձր ճնշման մարզ, ուր կա օդի շրջանաձև շարժում, Հյուսիսային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի, Հարավայինում՝ ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: Ամենաբարձր ճնշումը կենտրոնում է՝ 1025–1040 մբ (առանձին դեպքերում՝ մինչև 1070 մբ), իսկ դեպի ծայրամասերը այն նվազում է։ Քարտեզների վրա արտահայտվում է համակենտրոն փակ իզոբարներով։ Ա–ի հորիզոնական չափերը կարող են հասնել մի քանի հազար կիլոմետրի։ Առանձնացվում են ցածր և բարձր Ա–ներ։ Ցածր Ա. տարածվում է դեպի վեր մինչև 2–3 կմ, բարձրն ընդգրկում է ամբողջ արոէկոսֆերան և հաճախ ներթափանցում ստրտաոսֆերա։ Զարգացման սկզբում Ա. լինում է ցածր, շարժվում է 30–40 կմ/ժ միջին արագությամբ, միջին տրոպոսֆերայի օդային հոսանքների ուղղությամբ՝ ունենալով շարժման որոշ բաղադրիչ դեպի ցածր աշխարհագրական լայնությունները։ Բարձր Ա. դանդաղաշարժ է։ Վերին շերտերում քամին Ա–ում փչում է իզոբարների երկայնքով, իսկ մերձերկրյա շերտերում թեքվում է դեպի ցածր ճնշումը՝ մինչև 30° և ավելի, տեղի է ունենում օդի հոսք կենտրոնից դեպի ծայրամասը, որի հետևանքով էլ Ա–ում առաջանում են վայրընթաց հոսանքներ։ Ա–ի կենտրոնական մասում դիտվում են թույլ քամիներ, որոնք ծայրամասերում ուժեղանում են։ Ա–ի ժամանակ մեծ մասամբ լինում է պարզ և չոր եղանակ։ Դանդաղաշարժ Ա–ում տարվա տաք ամիսներին երբեմն առաջանում են կույտա–անձրևային ամպեր, տեղում են կարճատև անձրևներ, որոնք հաճախ ուղեկցվում են ամպրոպներով, ցուրտ ամիսներին դիտվում են մառախուղներ:
Ա–ի համար բնորոշ են ջերմաստիճանի ինվերսիաները (ջերմադարձեր)։
ԱՆՏԻՖՈՆ (հուն, άντίφωνօς – պատասխան հնչող), երկձայն երգեցողության ձև, երբ փոխնիփոխ, մեկը մյուսին պատասխանելով երգում են երկու երգիչ, երգիչ և երգչախումբ կամ երկու երգչախումբ։ Կիրառվել է դեռևս հին հրեական տաճարային երգեցողության մեջ, ինչպես և հին հունական ողբերգությունը կատարելիս։ Հայկական պաշտամունքային երգեցողության մեջ այդ ձևը կոչվում է փոխ։ Ա. երգեցողության ծագումը ժողովրդական է, ընդունված է նաև հայ ժողովրդական, մասնավորապես՝ շուրջպարային երգերում, երբ խմբի մեկ մասը մեղեդիի մեկ նախադասությունն ավարտելիս՝ մյուս մասը նրանից առնում է վերջին բառերը և պատասխանում նույն կամ նոր նախադասությամբ՝ առաջ բերելով յուրօրինակ երկձայնություն։ Ա. կիրառվում է նաև ժողովրդական և պրոֆեսիոնալ գործիքային երաժշտության մեջ։ Կոմիտասի խմբերգային ստեղծագործություններում Ա. երգեցողության նմուշներ են «Էն դիզան», «Եղնիկ», «Օրոր, Ադինո», «Սև ա չոբանի շունը»։
(նկ․) Անտիֆոնի օրինակ։ Մի նմուշ հայ գեղջկական պարեղանակներից:
ԱՆՏՅԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառում։ 1909-ին ուներ 42 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ մի եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի շրջակայքում կային միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։ Ա. ավերվել ու ամայացվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության միայն փոքր մասն է փրկվել և ապաստանել Արևելյան Հայաստանում։
(նկ․) Մ. Մ. Անտոկոլսկի։
ԱՆՏՈԿՈԼՍԿԻ Մարկ Մատվեևիչ (1843–1902), ռուս, քանդակագործ։ Ծնվել է հոկտեմբերի 21 (նոյեմբ. 2)–ին, Վիլնյուսում, հրեա պանդոկապանի ընտանիքում։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1862-68), Ն. Ս. Պիմենովի մոտ։ 1871-ից՝ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Որպես ինքնակալության մերկացում է ընկալվում «Իվան Ահեղ» արձանը (1871)։ Ռուսաստանի հեռատես բարեփոխիչի կերպարը Ա. մարմնավորել է «Պետրոս I» արձանում (1872)։ Կերտել է նաև «Տարեգիր Նեստորը» (1889), «Երմակ» (1891) արձանները։ Ա–ի բարոյա–փիլիսոփսւյական թեմաներով մի շարք գործերում («Քրիստոսը ժողովրդի դատաստանի առջև», 1874, «Սպինոզա», 1882, «Մեֆիստոֆել», 1883) առկա են սենտիմենտալության որոշ շեշտեր։ Մահացել է հունիսի 26 (հուլիսի 9)–ին, Բադ–Հոմբուրգ–Ֆորդեր–Հյոեում (այժմ՝ ԳՖՀ)։
(նկ․) Մ. Մ. Անտոկոլսկի։ «Պետրոս I»։ Բրոնզ։ Տրետյակովյան պատկերասրահ: Մոսկվա։
ԱՆՏՈԿՈԼՍԿԻ Պավել Գրիգորևիչ (ծն. 1896), ռուս սովետ․ բանաստեղծ, թարգմանիչ։ ՍՍԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է հունիսի 19 (հուլիսի 1)–ին, Պետերբուրգում։ 1915-ից աշխատել է Ե. Բ. Վախթանգովի ղեկավարած դրամատիկական ստուդիայում, ապա դարձել Վախթանգովի անվան թատրոնի ռեժիսորը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1922-ին։ Սկզբնական շրջանի ստեղծագործություններին բնորոշ է ռոմանտիզմը («Արևմուտք», 1926, «Երրորդ գիրք», 1927)։ 30-ական թթ. պատկերել է սովետական իրականությունը, նոր մարդուն («Գործող