Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձինք», 1932, «Մեծ հեռաստաններ», 1936 ևն)։ Լավագույն գործն է «Որդին» (1943, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1946) պոեմը։ Ետպատերազմյան շրջանի նշանավոր ստեղծագործություններից են «Մերձարբատյան նրբանցքում» (1954) պոեմը, «Պոետներն ու ժամանակը» (1957), «Պուշկինի մասին», «Վիետնամի ուժը։ ճանապարհորդական օրագիր» (1960), «Բանաստեղծների ուղիները» (1965) հոդվածների ժողովածուները։ Թարգմանել է Ա. Իսահակյանի, Ե. Չարենցի և հայ այլ բանաստեղծների գործեր։

Երկ. Избр. сочю, т. 1–2, М., 1956։ Избранное, т. 1–2, М., 1966; Повесть временных лет, М., 1969.

ԱՆՏՈՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ գրիչ։ Կաֆայի (այժմ՝ Թեոդոսիա) գրչական դպրոցի աչքի ընկնող ներկայացուցիչ։ Արտագրած ձեռագրերը՝ «Ճառընտիր» (1352), «Տոնապատճառ» (1357) և «Ժողովածու» (1359), պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. № 7443, 2039, 783)։ «Տոնապատճառի» հիշատակարանում գրում է, թե ինքը «փորձանս և հակառակութիւն ոչ սակաւ կրեաց ի հերձուածողացն»։


ԱՆՏՈՆ I ԿԱԹՈՂԻԿՈՍ (իսկական անունը՝ Թեյմուրազ, 1720–1788), վրաց կաթողիկոս (1744-ից), մատենագիր։ 1755-ին գահընկեց է եղել կաթոլիկությանը հարելու պատճառով, անցել Ռուսաստան։ 1762-ին վերադարձել է հայրենիք, վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Տիրապետում էր հունարենին և հայերենին։ Թողել է ինքնուրույն և թարգմանական 23 հատոր։ Դավանաբանական–ընդդիմախոսական մեծածավալ երկ է «Հակաճառութիւն»–ը (բառացի՝ «Պատրաստաբանութիւն», 3 գիրք՝ գրված 1750–52, հրտ. 1892), որի Բ գրքի IV և Գ գրքի XXIII գլուխները վերաբերում են հայերին։ Ուշագրավ են նրա թարգմանությունները հայերենից՝ Թիֆլիսի Հայոց կաթողիկե (այժմ՝ Ս. Գևորգ) եկեղեցու միաբան Փիլիպպե քահ. Ղայթմազաշվիլու աշխատակցությամբ («Եփեսոսի պատմութիւն», թրգմ. 1776, Կյուրեղ Աղեքսանդրացի, «Գանձ», թրգմ. 1788, «Քերականութիւն», որը Մխիթար Սեբաստացու «Քերականութիւն գրաբառի լեզուի Հայկազեան սեռի», 1730, գրքի թարգմանությունն է)։ Գրել է նաև վարքաբանական–վկայաբանական գործեր, որոնցից նշանավոր է «Վկայաբանութիւններ»–ը։

Գրկ. Մելիքսեթ–Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 3, Ե., 1955, էջ 95–103։


ԱՆՏՈՆԵԼԼՈ ԴԱ ՄԵՍԻՆԱ (Antonello da Messina, մոտ 1430– 1479), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ։ Աշխատել է իր ծննդավայր Մեսինայում։ Որպես նկարիչ ձևավորվել է նիդերլանդցիների արվեստի ազդեցությամբ։ Խոշոր ավանդ է ներդրել Վերածննդի ռեալիստական դիմանկարի կազմավորման գործում։ Նրա աշխատանքներից են՝ «Սբ. Հերոնիմոսը» (մոտ 1455–60), այսպես կոչված ինքնանկարը (մոտ 1473) և «Խաչելությունը» (1477), բոլորն էլ՝ Լոնդոնի Ազգային պատկերասրահում, «Տղամարդու դիմանկարը» (մոտ 1473, Հռոմի Բերգոզե պատկերասրահ), «Ս. Սեբաստիանոսը» (1476, Դրեզդենի պատկերասրահ)։ Մահացել է փետր. 14-ի և 25-ի միջև, Մեսինայում։

(նկ․) Անտոնելլո դա Մեսինա։ «Սուրբ Սեբաստիանոս»։ 1476։ Դրեզդենի պատկերասրահ։


ԱՆՏՈՆԵՍԿՈՒ (Antonescu) Յոն (1882–1946), Ռումինիայի ֆաշիստական դիկտատոր (1940–44), գեներալ։ 1940-ի սեպտ. 5-ից Ռումինիայի պրեմիեր–մինիստրն էր։ Ա. և նրա կառավարությունը Ռումինիային ներքաշեցին ՍՍՀՄ–ի դեմ հիտլերյան Գերմանիայի սկսած (1941-ի հունիսի 22) պատերազմի մեջ։ 1944-ի օգոստ. 23-ի ժող. ապստամբությունից հետո Ա. ձերբակալվեց և, որպես պատերազմական հանցագործ, Բուխարեստի ժող. տրիբունալի որոշմամբ, 1946-ի հունիսի 1-ին մահապատժի ենթարկվեց։


ԱՆՏՈՆԵՎԻՉ (կեղծանունը՝ Պերեգրիմուս) Յան Բոլոզ (1858–1922), լեհական արվեստաբան, գրականագետ, լեզվաբան, երաժշտագետ–քննադատ, ծագումով հայ։ Ծնվել է Սկոմորոխ գյուղում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ Տերնոպոլի մարզի Բուչաչի շրջանում)։ 1876–80-ին սովորել է Կրակովի համալսարանում։ Եղել է Լվովի համալսարանի պրոֆեսոր, Լեհական գիտությունների ակադեմիայի (Կրակով) թղթակից–անդամ (1897), ակադեմիկոս (1914), Գեղեցիկ արվեստների ընկերության (Լվով) նախագահ, Վիեննայի կոնսերվատորիայի կենտրոնական հանձնաժողովի և Ավստրիական արտիստական խորհրդի անդամ (1914-ից)։ 1893-ից ղեկավարել է Լվովի համալսարանի արվեստի պատմության ամբիոնը։ Ա–ի բազմամյա ուսումնասիրության արդյունքն է լեհ նկարիչ Արթուր Գրոտգերի մասին մենագրությունը, որ լույս է տեսել 1910-ին։ Հոդվածներ է հրատարակել իտալ. Վերածննդի վարպետների, մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի մասին։ Ա. ուսումնասիրել է Լեհաստանի հայ գաղութի եկեղեցական և քաղաքացիական ճարտարապետությունը, Գալիցիայի և Բուկովինայի հայկական արձանագրագիտական հուշարձանները։ 1895-ին և 1896-ին Լվովում հանդես է եկել Լեհաստանի հայերի քաղաքացիական ճարտարապետության ու արվեստի մասին զեկուցումներով, ցույց տվել լեհ, ուկրաինական և հայ արվեստի կապերը։ Ա. հետաքրքրվել է նաև XX դ. արվեստով։ Մահացել է սեպտ. 29-ին, Գերմանիայի Բադ–Էլստեր քաղաքում (այժմ՝ ԳԴՀ–ում):


ԱՆՏՈՆԻՆՈՍՆԵՐ (Antonini), Հռոմեական կայսերական դինաստիա (96–192), կոչվել է Անտոնինոս Պիոսի անունով։ Ա–ի առավել նշանավոր ներկայացուցիչներից էին Տրայանոսը, Ադրիանոսը, Մարկոս Ավրելիոսը։ Ա–ի քաղաքականությունը ծառայել է ստրկատիրական արիստոկրատիայի շահերին։ Ի տարբերություն I դարի կայսրերի, հաշվի էին նստում Հռոմի Սենատի հետ։ Համախմբելով իշխող ռազմա–ստրկատիրական խավը՝ Ա. կայունացրին կայսրության քաղաքական վիճակը։ Այնուամենայնիվ, Ա. չկարողացան խուսափել քաղաքական ճգնաժամերից։ Բանակի մարտունակության անկման պատճառով, Ադրիանոսից սկսած, հրաժարվեցին նվաճողական պատերազմներից և անցան պաշտպանության՝ կայսրության սահմաններում կառուցելով ամրություններ։ Ա–ի օրոք ավելի սաստկացան հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումներն ու «բարբարոսների» հարձակումները։


ԱՆՏՈՆԻՈՆԻ (Antonini) Միքելանջելո (ծն. 1912), իտալացի կինոռեժիսոր։ Ծնվել է սեպտեմբերի 29-ին, Ֆեռարայում։ Եղել է կինոքննադատ և սցենարիստ, ապա ռեժիսոր։ Ա–ի գործերից հայտնի են՝ «Մի սիրո ժամանակագրություն» (1950), «Ընկերուհիները» (1955), «Ճիչ» (1957), «Արկած» (1959), «Գիշեր» (1960), «Խավարում» (1962), «Կարմիր անապատ» (1964), «Բլոու ապ» (1967), «Զաբրիսյան Պոինտ» (1970)։ Ա–ի ոճին հատուկ է հերոսի հոգեկան դինամիկայի ավելի ցայտուն պատկերումը՝ ի հաշիվ սյուժեի թուլացման։


ԱՆՏՈՆԻՈՍ Մարկոս (Antonios Marcus) (մ. թ. ա. մոտ 83–30), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի (մ. թ. ա. 57–55) ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ. թ. ա. 49–45-ի քաղաքացիական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ. թ. ա. 43-ին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտավիանոսի և Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ. թ. ա. 37-ին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ. թ. ա. 39-ին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ. թ. ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ. թ. ա. 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ–ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ. թ. ա. 31-ին։ Ա. կողոպտել է Երիզայում (Երզնկայում) գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Ա. Կլեոպատրային և նրանից ունեցած զա–