Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նայած հանգամանքներին, կարող էր դառնալ «հայրենիք», քանի որ Հայաստանում պաշտոնները, որպես կանոն, ժառանգական էին, նույնիսկ՝ տոհմական արտոնություն։ «Քսակագինք»–ը (հայտնի է նաև «գանձագինք» և «դրամագինք» ձևերով), մեծահարուստներին պատկանող գնված հող էր, որը ժառանգներին անցնելով, վերջին հաշվով ձուլվում էր «հայրենիք»–ի հետ։ Մ. թ. VI դարից սկսած «հսւյրենիք»–ը դադարել է նախարարական–տոհմական սեփականություն լինելուց, որի տնօրենը միայն տանուտերն էր։ Այն տրոհվել և բաժանվել է տոհմի բոլոր արու անդամների՝ սեպուհների միջև, որի հետևանքով առաջացել է հողատիրության սեպուհական ձևը։ Սեպուհական տերմինից առաջացել են սեպհական (սեփական) և սեփականություն հասկացությունները։

Գրկ. Ադոնց Ն., Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948, էջ 157 – 205։ Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934։ Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939, էջ 157–196։ Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, с. 427–93; Сукиасян А. Г., Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма (III–IX вв. н. э.), Е., 1963, с. 89–119. Ա. Սուքիասյան

ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, ավատականություն, տես Ֆեոդալիզմ։


ԱՎԱՐ (ռազմ.), պատերազմի ժամանակ թշնամուց խլված սպառազինություն, ռազմական հանդերձանք և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ:


ԱՎԱՐԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դաղստանի ԻՍՍՀ հոդվածի Գրականություն բաժինը։


ԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական տիրապետություն Դաղստանում XII–XIX դարերում։ Ումմա–խանի (մահ. 1634) օրոք ֆեոդալական խոշոր միություն էր։ Ա. խ. զորացել է հատկապես XVIII դ., երբ նրան հարկատու են դարձել ոչ միայն Դաղստանի ժողովուրդները, այլև Դերբենդի և Ղուբայի խաները։ Ա. խ–ում ֆեոդալական հարաբերությունները խճճված էին տոհմատիրական կարգերի մնացուկներով։ XVI դ. սկսած Ա. խ. մի քանի անգամ ընդունել է Ռուսաստանի հովանավորությունը, իսկ 1803-ին մտել նրա կազմի մեջ։ 1864-ին ցարական կառավարությունը վերացրել է Ա. խ., փոխարենը ստեղծելով Ավարական օկրուգը։


ԱՎԱՐԱՅՐ, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում, Տղմուտ գետի հովտում, այժմյան Կարազիադին (Իրան) գյուղից հարավ։ Առաջին անգամ հիշատակվում է Եղիշեի և Ղազար Փարպեցու պատմագրքերում։ Ա–ի մոտ գտնվող դաշտում 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը (տես Ավարայրի ճակատամարտ 451Հ. Աղաբեկյան


ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 451, տեղի է ունեցել մայիսի 26-ին, Ավարայր գյուղի մոտ, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ա. ճ. 450–451-ին, Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր (տես Վարդանանց պատերազմ)։ 451-ի գարնանը պարսկ. բանակը (մոտ 80–90 հզ. մարդ և 12–13 մարտական փիղ), Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ, Փայտակարանից Թավրիզի վրայով շարժվելով, սահմանամերձ Հեր–Զարևանդ գավառով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկ. զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը, կենսագործել Սասանյան արքա Հազկերտ Երկրորդի՝ հայերի ներքին ինքնավարության ոչնչացման և դավանափոխության ծրագիրը։ Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր և աշխարհազորային ուժերը (մոտ 66 հզ. մարդ) վաղօրոք (ապրիլի վերջերին) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում։ Պարսիկները, իրազեկ լինելով նրանց տեղադրությանը, բանակում են Տղմուտ գետի աջ ափին, Ավարայր գյուղի մոտ։ Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Հայկական զորքերի հրամանատարության նպատակն էր՝ ճակատամարտել պարսկական բանակի դեմ, վճռական հարձակումով թուլացնել նրան, միևնույն ժամանակ խնայելով սեփական ուժերը՝ նահանջել երկրի դժվարառու տեղանքը և շարունակել պայքարը։ Մայիսի 26-ի շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնում է նախարար Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցի նախարարին, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին։ Ճակատամարտն սկսվում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում են այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայկական այրուձին, հարձակվելով հակառակորդի թևերի վրա, խրվում է նրա մարտակարգի մեջ։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Մինչդեռ նրա աջ թևում կռվող ցեղերի՝ ապարհացիների, կատիշների, հոների և գեղերի գնդերը ընկճում են Թաթուլ Վանանդեցու զորամասին։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը Արշավիր Կամսարականի գլխավորությամբ նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ընկրկող ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Զարգացնելով գրոհը՝ Վարդան Մամիկոնյանը շրջանցում է պարսիկների կենտրոնական զորամասերին, կռվի բռնվում նրանց պահեստազորի հետ և խուճապի մատնում նրան։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ «Մատյան գունդը» և նահանջող աջ թևը, վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։ Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Ա. ճ–ում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Վիրավորվածների հետ մեկտեղ պարսիկների կորուստը կազմում էր բանակի մոտ 20%, իսկ հայերինը՝ 8%-ից ոչ ավելի։ Ա. ճ. կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճաևաչել նրանց ներքին ինքնավարությունը։ Վարդանանց պատերազմի ականատես պատմիչը՝ Եղիշեն, վկայում է, որ Հազկերտ II հայտարարեց, «թե ապստամբությունը ներված է, և կրկին իրավունք է շնորհված եկեղեցիները շինելու, և բոլոր կարգերը դարձյալ նորոգելու առաջվա սովորության համաձայն…, որովհետև նրա զորությունը շատ կոտրվեց…»։ Ա. ճ–ում զոհված հայ մարտիկները դասվել են «հայրենիքի նահատակների» շարքը և նրանց հիշատակի օրը մտել է հայկական ամենամյա տոների մեջ (տես Վարդանանց տոն)։ Ա. ճ. իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Գրկ. Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1971։ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Еремян С. Т., Народно-освободительная борьба армян против персов в 450-451 гг., «Вестник древней истории, 1951, № 4. Հ. Աղաբեկյան


ԱՎԱՐ–ԱՆԴԻ–ԴԻԴՈՅԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, իբերո–կովկասյան լեզվաընտանիքի դա–