Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Կահույքի խոշոր ֆաբրիկաներ են կառուցվում Հոկտեմբերյանում և Արտաշատում։

Գրկ. Աբրահամյան Վ., Արհեստները Հայաստանում IV–XVIII դդ., Ե., 1956։ Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1, Ե., 1958։ Арданский А. С., Столярные работы, 5 изд., перераб., М., 1959; Технология строительного производства, под ред. Н. А. Смирнова, М.–Л., 1963. Վ. Տեր–Ավագյան, Վ. Աբրահամյան

(նկ․) Կադր «Ոսկե այծքաղ» ֆիլմից։ Ռեժիսոր Լ. Կ. Ատամանով։

ԱՏԱՄԱՆՈՎ Լև (Ատամանյան Լևոն) Կոնստանտինի (ծն. 1905), հայ սովետական կինոռեժիսոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)։ Ծնվել է փետր. 8 (21)–ին, Մոսկվայում։ 1926-ին ավարտել է Առաջին պետկինոդպրոցը։ Ա. սովետական մուլտիպլիկացիոն կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ Նկարիչ Վ. Սուտեևի հետ նկարահանել է առաջին հնչուն մուլտֆիլմերը («Հեքիաթ սպիտակ ցլիկի մասին», 1931 են)։ 1936-ից աշխատել է «Հայկինո»–ում, հիմնադրել մուլտ. արվեստանոց, բեմադրել հայկական առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարները՝ «Շունն ու կատուն» (1938), «Տերտերն ու այծը» (1941), «Կախարդական գորգ» (1948, հայկական առաջին գունավոր մուլտֆիլմը, նկարիչ՝ Հ. Կոջոյան), մասնակցել է դրանց սցենարների ստեղծմանը։ 1949-ից Ա. աշխատում է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Նրա բեմադրած «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Ձյունե թագուհին» (1957), «Հովվուհին և ծխնելույզ մաքրողը» (1965), «Նստարան» (1968), «Պարուհին նավի վրա» (1970) և այլ մուլտֆիլմեր արժանացեք են միջազգային կինոփառատոների մրցանակների և դիպլոմների՝ Դելիում, Կաննում, Բելգրադում, Վենետիկում, Մոսկվայում, Լոնդոնում, Հռոմում և այլուր։


ԱՏԱՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, օդոնտոլոգիա (<հուն. όδόντος – ատամ + …լոգիա), գիտություն ատամների և դրանց հիվանդությունների մասին։ Ստոմատոլոգիայի բաժիններից է։


ԱՏԱՄՆԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ատամնանիվների ու որդնակային անիվների ատամները և որդնակների գալարները մշակող գործիքներ։ Ըստ աշխատանքի պայմանների, Ա. գ. լինում են սև մշակման, մաքուր մշակման և վերջնամշակման (տես Մեխանիկական մշակում), ըստ աշխատանքի սկզբունքի՝ պատճենահանման և շրջագլորման եղանակով աշխատող։ Առաջին եղանակը համեմատաբար փոքր ճշգրտություն ունի և հիմնականում կիրառվում է ոչ կարևոր փոխանցումների ու մեծ մոդուլի ատամնանիվների մշակման համար։ Այս եղանակով աշխատող Ա. գ–ի կտրող եզրերն ունեն նույն պրոֆիլը, ինչ որ մշակվող ատամի գոգավորությունը։ Դրանք են՝ սկավառակային ու մատային ֆրեզները, ատամնամշակման գլխիկները, միջաձգիչները ևն։ Շրջագլորման եղանակը ավելի մեծ ճշգրտություն ունի և բարձր արտադրողական է, որի շնորհիվ ավելի լայնորեն է տարածված։ Այս դեպքում օգտագործվում են կտրիչային գլխիկներ, որդնակային ֆրեզներ, թործիչներ, սկավառակային ու ձողային շևերներ, ատամնամշակման սանրեր, հարթ ու կոնական հղկասկավառակներ, որոնց կտրող եզրերը պրոֆիլավորված են մշակվող ատամի ձևին համապատասխան։ Ա. գ. պատրաստվում են արագահատ պողպատներից կամ կարծր համաձուլվածքների թիթեղներից։ (Տես նաև Ֆրեզներ

Գրկ. Семенченко И. И., Матюшин В. М., Сахаров Г. Н., Проектирование металлорежущих инструментов, М., 1962. Կ. Սարգսյան


ԱՏԱՄՆԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ, տարբեր տեսակի ատամնանիվների, ատամնաձողերի, որդնակների և բազմաերիթային լիսեռների կառչման տարրերը մշակելու մետաղահատ հաստոցներ։ Ատամների մշակումը Ա. հ–ի վրա կատարվում է պատճենահանման կամ շրջագլորման մեթոդով (տես Ատամնամշակման գործիքներ)։ Ա. հ. հիմնականում դասակարգվում են ըստ մշակման ձևի և կտրող գործիքի տեսակի (ատամնաֆրեզման, ատամնաթործման, ատամնառանդման, ատամնահատման, ատամնաշևինգման, ատամնակիպահղկման, ատամնահղկման, ատամնակլորացման և ատամնահոնինգման), ըստ մշակվող մանրամասերի տեսակի (ուղիղ և պտուտակային ատամներով գլանային, որդնակային, երկշեղ ատամներով անիվներ, ատամնաձողեր ևն մշակող), ըստ պրոֆիլման մեթոդի (պատճենահանման կամ շրջագլորման)։ Ժամանակակից Ա. հ–ի վրա կարելի է մշակել մինչև 9000 մմ տրամագիծ ունեցող գլանային ու որդնակային, ինչպես նաև մինչև 8000 մմ տրամագիծ ունեցող կոնական ատամնանիվներ։ Ա. հ. բարձր արտադրողական կիսաավտոմատներ են։ Ատամների մշակման ողջ ցիկլը կատարվում է ավտոմատորեն։ Կան նաև լրիվ ավտոմատացված Ա. հ., որոնցում ներառյալ նախապատրաստվածքի տեղակայումը, հաստոցի ընթացքի գցումն ու անջատումը կատարվում է ավտոմատորեն։ Ատամնամշակման ամենատարածված հաստոցներից են ատամնաֆրեզման հաստոցները (նկ. 1), որոնք աշխատում են շրջագլորման մեթոդով։ Ատամնաֆրեզման հաստոցի վրա մշակում են ուղիղ և շեղ ատամներով՝ մինչև 750–1000 մմ տրամագիծ ունեցող գլանային և որդնակային ատամնանիվներ։ Լայն տարածում ունեն նաև ատամնաթործման հաստոցները (նկ. 2), որոնք նույնպես աշխատում են շրջագլորման մեթոդով։ Ատամնաթործման հաստոցների վրա մշակում են արտաքին և ներքին կառչման՝ մինչև 450–500 մմ տրամագիծ ունեցող ատամնանիվներ, ինչպես նաև ատամնաձողեր։ Ուղիղ և պարուրաձև ատամներով կոնական ատամնանիվների մշակումը կատարվում է համապատասխանաբար ատամնառանդման և ատամնահատման, իսկ ատամնանիվների ճակատային եզրերի կլորացումը՝ ատամնակլորացման հաստոցների վրա։ Ատամնանիվների ատամների բանող մակերևույթների վերջնամշակումը կատարվում է ատամնաշևինգման (սկավառակային կամ ատամնաձողային շևերների միջոցով), ատամնակիպահղկման (հղկիչ փոշու և կիպահղկիչի միջոցով) և ատամնահղկման (ատամների կողային կարծր մակերևույթների հղկում) հաստոցների վրա։ Ատամնանիվների ատամների վերջնամշակման նոր, առավել բարձր արտադրողական եղանակ է ատամնահոնինգու–

(նկ․) Ատամնամշակման գործիքներ, ա – սկավառակային (մոդուլային) և մատային ֆրեզներ, բ – կտրիչային գլխիկ, գ – որդնակային ֆրեզ, դ – թործիչներ, ե– սկավառակային շևեր։