Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սից՝ Սկանդինավյան, արևելքից՝ Ուրալի, հարավից՝ Ղրիմի և Կովկասի լեռնաշղթաներով։ Հիմքը կազմված է մինչքեմբրյան ծալքավոր բյուրեղային թերթաքարերից, որոնք մեծ մասամբ ծածկված են պալեոզոյան, մեզոզոյան և կայնոզոյան ծովային ու ցամաքային նստվածքների գրեթե հորիզոնական շերտերով։ Արևելա–եվրոպական պլատֆորմում առանձնացվում են հետևյալ կառուցվածքները՝ Բալթիական և Ուկրաինական վահանները, Դնեպրո–Դոնեցկի ավլակոգենը, Վորոնեժի զանգվածը և Մերձկասպյան իջվածքը։ Տես նաև Արևելա–Եվրոպական հարթավայր։

ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ, արևելահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը։ Առաջ է եկել «ում» ճյուղի բարբառների և, հատկապես, Արարատյան բարբառի հիման վրա՝ XVII դ․սկսած, հայ ժողովրդի պատմական կյանքի զարգացմանը զուգընթաց։ Արևելահայ գրական լեզուն աստիճանաբար ասպարեզից դուրս է մղել գրաբարը, ընդարձակել իր գործառնությունները և XIX դ․ կեսերին, հաստատուն դիրքեր նվաճելով գրականության մեջ, դարձել ազգային գրական լեզու։ Մինչև Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացվելը (1828), գրաբարի, իբրև գրավոր լեզվի, տիրապետության շրջանում արևելահայ գրական լեզուն ընթացել է տարերային զարգացման ճանապարհով։ Վաղ արևելահայ աշխարհաբարի գրավոր նմուշների (Զաքարիա Ագուլեցի, «Օրագրություն», 1648-83, հրտ․1939, Յ․ Շրյոդեր, «Արամեան լեզուին գանձ», 1711, Կ․ Սարաֆյան, «Գիրք՝ որ կոչի բանալի գիտութեան», 1788 և այլն) լեզուն կրում է գրաբարի ու բարբառների որոշակի ազդեցությունը, հատկանշվում թե՛ մեկի, թե՛ մյուսի բազմազան տարրերով։ XVII -XVIII դդ․ արևելահայ աշխարհաբարը դեռևս գրական լեզվի աստիճանի չէր բարձրացել և գրականանալու, կատարելագործվելու միայն առաջին ընձյուղներնէր արձակել՝ գերազանցապես ներկայացնելով ժամանակի կենդանի–խոսակցական լեզուն՝ ավելի շատ բնական վիճակով։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, երբ հայ հասարակական կյանքում տեղի ունեցան զգալի տեղաշարժեր, խարխլվեցին ավատական և զարգացան բուրժուական հարաբերությունները, արևելահայ գրական լեզուն սկսեց հաղթահարել իր ճանապարհին եղած խոչընդոտները՝ փոխարինելով պաշտոնական գրական լեզվին՝ գրաբարին։ Արևելահայ աշխարհաբարի օգտին կրքոտ պայքար է ծավալել հայ մեծ լուսավորիչ–դեմոկրատ Խ․ Աբովյանը (1809-48), որը, «արդյան ազգային գրականության» հիմքերը դնելով, հիմնարար դեր է կատարել նաև արևելահայ գրական լեզվի մշակման ու զարգացման գործում։ Խ․ Աբովյանի սկսած պայքարը շարունակել են Ս ․Նազարյանցը (1814-79) և Մ․ Նալբանդյանը (1829-66), որոնք «Հյուսիսափայլ» ամսագրով (1858-64) և իրենց գործերով պաշտպանել են աշխարհաբարի դատը, ապահովել արևելահայ գրական լեզվի վերջնական հաղթանակը։ XIX դ․ 50-60-ական թթ․ ձևավորվել է արևելահայ գրական լեզուն, ընդարձակվել են նրա գործածության շրջանակները, գրականությունից բացի այն դարձել է նաև դպրոցի, մամուլի, թատրոնի լեզու։ Մ․ Նալբանդյանն առաջադրեց լեզվի մշակման իր տեսությունը, գտնելով, որ «նոր լեզուն պիտի նայվի և մշակվի ինքնուրույնաբար, առանց ամենևին հին լեզվից խպնելու, առանց գավառական բարբառների կամ օտար լեզուների ազդեցությանց ստրկանալու» (Երկ․ լիակտ․ժող․, հ․ 3, 1940, էջ 167)։ Տես Գրապայքար։

Լիակատար հաղթանակ տանելով գրաբարի դեմ՝ արևելահայ գրական լեզուն մտել է իր զարգացման բնականոն հունը, հետզհետե թոթափվել ինչպես գրաբարյան, այնպես էլ նեղ բարբառային անհարկի, ոչ ընդհանրական տարրերից ու ձևերից։ Արևելահայ գրական լեզվի զարգացումը առաջ են տարել արևելահայ մշակույթի ներկայացուցիչները և դրանց մեջ, հատկապես, գեղարվեստական խոսքի վարպետները (Րաֆֆի, Ղ․Աղայան, Մուրացան, Հ․Հովհաննիսյան, Հ․Թումանյան, Ա․Շիրվանզադե, Ա․Իսահակյան, Նար–Դոս, Վ․Տերյան և ուրիշներ), որոնցից յուրաքանչյուրը, յուրովի մշակելով նորաստեղծ գրական լեզուն, որոշակի դեր է կատարել նրա ժողովրդականացման ասպարեզում։ Գնալով կայունացել է արևելահայ գրական լեզվի քերականական համակարգը՝ մերժվել են գրաբարյան կամ գրաբարաբնույթ (ասվեցավ, տեսանել, մեք, յուրյանց, նոքա, առաջև, վերա և այլն) և բարբառային կամ բարբառաբնույթ (էս, չի տեսավ, իրանց, էստոնք, հասցրուց, միջումն և այլն) տարրերն ու ձևերը, դուրս մղվել թուրք–պարսկական նորագույն փոխառությունները, կազմվել բազմաթիվ նոր բառեր, նորաբանություններ ևայլն։

Արևելահայ գրական լեզվի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել սովետական շրջանում։ Բավականաչափ ընդլայնվել են նրա գործառնությունները, ստեղծվել է գիտատեխնիկական ճոխ տերմինաբանություն, կատարվել են անհրաժեշտ փոխառություններ, բառապաշարը հարստացել է բաղադրյալ բառերով, բարդություններով, մանավանդ՝ հապավումներով։ Արձակագիրների ու բանաստեղծների (Դ․ Դեմիրճյան, Ե․ Չարենց, Ա․ Բակունց, Ս․ Զորյան, Ն․ Զարյան, Պ․ Սևակ, Հ․ Շիրազ և այլն) գործունեությունը նպաստել է արևելահայ գրական լեզվի մշակմանն ու կատարելագործմանը։ Արևելահայ գրական լեզուն ունի քերականական (ձևաբանական ու շարահյուսական) ճոխ կառուցվածք, բառակազմական բազմազան միջոցներ, հարուստ բառապաշար։ Գործածում է 1940-ի որոշմամբ ընդունված ուղղագրությունը։ Տես նաև Աշխարհաբար։

Գրկ․ Այտընյան Ա․, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Վնն․, 1866։ Պալասանյան Ս․, Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց, Թ․, 1870։ Սևակ Գ․, Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Ե․, 1948։ Նույնի, ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե․, 1955։ Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Նույնի, Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, հ․ 1-6, Ե․, 1952 - 71։ Ղազարյան Ս․, Հայոց լեզվի համառոտ պատմություն, Ե․, 1954։ Մարգարյան Ա․, Մ․ Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը, Ե․, 1957։ Նույնի, Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Ե․, 1958։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Ջահուկյան Գ․, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե․, 1969։ Նույնի, ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե․, 1974։ Աբրահամյան Ս․ Գ․, Պառնասյան Ն․ Ա․, Оհանյան Հ․ Ա․, Ժամանակակից հայոց լեզու, հ․ 2, Ե․, 1974։ Ա․ Մարգարյան


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ, տես Արևելահայ գրական լեզու։


ԱՐԵՎԵԼԱ–ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (1600-1858), անգլիական առևտրականների մասնավոր ընկերություն։ Նախապես ստեղծվել է Արևելյան Հնդկաստանի, Հարավ–Արևելյան Ասիայի, Չինաստանի հետ առևտուր անելու համար, հետագայում դարձել է Հնդկաստանում անգլիական տիրույթները կառավարող մարմին։ Արևելյան Հնդկաստանից արտահանել է բամբակյա և մետաքսյա գործվածքեղեն, մետաքսի հումք, համեմունքներ, ափիոն, շաքար, բորակ և այլն։ Արևելա–հնդկական ընկերություն Հնդկաստանում հիմնել է բազմաթիվ ֆակտորիաներ (առևտրական ավաններ) և ամրացված կետեր (Մադրաս, Բոմբեյ, Կալկաթա և այլն)։ XVII դ․2-րդ կեսին անգլիական կառավարությունն ընկերությանը շնորհել է պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, բանակը և նավատորմը տնօրինելու և այլ արտոնություններ։ 1688-ին անգլիացիները հայ վաճառականներին տվել են անգլիական առևտրականների հետ հավասար իրավունքներ․ նրանց թույլատրվել է բնակվել ֆակտորիաներում, ձեռք բերել կալվածքներ, պաշտոններ, ազատ առևտուր անել։ Անգլիացիները հայաշատ վայրերում թույլատրել են կառուցել եկեղեցիներ։ Ընկերությունը մտադիր էր հայ զինվորներ հավաքագրել՝ անգլիական զինվորներին հավասար իրավունքներով։ 1708-ին արևելա–հնդկական ընկերությունը մենաշնորհ առևտրի իրավունք է ստացել Արևելյան Հնդկաստանում։ Հալածանք է սկսել իր մրցակիցների՝ հայ առևտրականների դեմ՝ նրանց դուրս վանելով ասպարեզից։ XVIII - XI X դդ․ Արևելա–հնդկական ընկերությունը իրեն է ենթարկել ամբողջ Հնդկաստանը։

Արևելա–հնդկական ընկերությունը Հնդկաստանը դարձրել է արտահանման շուկա և հումքի աղբյուր անգլիական արդյունաբերության համար։ XVIII դ․ 2-րդ կեսից պառլամենտը սահմանափակել է արևելա–հնդկական ընկերության իշխանությունը և հսկողություն սահմանել նրա գործունեության նկատմամբ։ 1813-ին վերացվել է նրա առևտրի մենաշնորհը։ 1833-ին այն դադարել է առևտրական կազմակերպություն լինելուց։ 1858-ին, հնդկական ժողովրդական ապստամբության (1857-59) ժամանակ արևելա–հնդկական ընկերությունը վերացվել է, Հնդկաստանը անմիջականորեն ենթարկվել է Հնդկաստանի գործերի մինիստրին և փոխարքային (1858-1947)։ Արևելա–հնդկական ընկերություններ ստեղծվել են նաև Հոլանդիայում (գործել է 1602-1798-ին), Ֆրանսիայում (1664-ին)։ Վերջինս 1719-ին Արևմտա–հնդկական, Սենեգալի և այլ ընկերությունների հետ միասին միավորվել է Հնդկական ընկերության մեջ, որը լուծարքի է ենթարկվել 1770-ին։ 1785-ին ստեղծված նոր արևելա–հնդկական ընկերությունը վերացվել է Կոնվենտի կողմից 1793-ին։

Գրկ․ Աբրահամյան Ռ․ Ա․, Հնդիկ ժողովրդի 1760-63 թթ․ ապստամբությունը անգլիական գաղութատերերի դեմ և հնդկահայ գաղութը, «ՊԲՀ», 1960․ № 3, էջ 122։ Ալ–