Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախօրոք ուղարկել էր Սպահանից. այդպես էլ այժմ այստեղից, որ իր վրա (նամակը) կրում էր սեր ու խաղաղություն, իսկ խորքում ուներ գայթակղություն, խաբեբայություն ու նենգություն. գոնե երեքից մեկին գցի իր ցանցերը՝ կամ Լավասափին, կամ մորը, կամ քրոջը, բայց չկարողացավ։

Եվ նորագյուտ հնարը սա էր. քանի որ պատգամների նամակը, որ բացահայտ ուղարկում էր, սրա հետ ծածուկ ուղարկում էր մի այլ նամակ ևս՝ ծածկված խորհուրդներով ու նենգություններով գրում էր Լավասափին ու Թամրազին միմյանցից գաղտնի: Լավասափին գրում էր, թե դու մի հավատա այդ Թամրազին և մի միաբանվիր նրա հետ, որովհետև դա քո թշնամին է և կամենում է բարեկամությամբ դավել ու սպանել քեզ և տիրել քո երկիրը, ինչպես այդ գաղտնիքը ինձ ասել է. արդ՝ քանի դեռ չես սպանված, շտապիր դու սպանիր նրան և կտիրես քո ու նրա երկրին։ Նաև ես քեզ օգնական եմ, եթե զորքի պետք ունենաս կամ գանձի. իսկ ես համաձայն եմ, որ դու տիրես նրա երկիրը։ Սույնպես և այս ձևով գրում էր նա Թամրազին Լավասափից թաքուն. դու սպանիր Լավասափին և դու կտիրես երկու երկիրն էլ: Երեք անգամ այս նամակները ուղարկեց նրանց, թե հայտնին ու թե գաղտնին միասին։ Եվ Լավասափը և իր մայրը ոչ իրենք գնացին և ոչ էլ աղջկան ուղարկեցին։

Իսկ ծածուկ նամակները, որ միմյանց մասին Թամրազն ու Լավասափը ստացել էին, պահել էին իրենց մոտ. տակավին մտորում էին իմանալու ճշմարիտն ու սուտը։ Աստծու կամքով երկու թագավորներն էլ միմյանց հայտնեցին այս գաղտնիքը. նաև նամակները ցույց տվին, որ շահը ուղարկել էր նրանց։ Եվ տեսնելով իմացան ու ստույգ կերպով ճանաչեցին շահի թշնամությունը իրենց նկատմամբ: Եվ փոխանակ թշնամության, անխզելի սեր, անքակտելի բարեկամություն հաստատեցին իրենց միջև։ Որովհետև Լավասափը իր այն քրոջը, որ շահն էր ուզում, տվեց Թամրազին կնության, քանի որ Թամրազի առաջին կինը մեռել էր։ Եվ անմիջապես Թամրազի ու Լավասափի Փարի անունով քրոջ հարսանիքը արին։ Հարսանիքից հետո Թամրազն ու Լավասափը գնացին Մցխեթ, որ իրենց պատրիարքարանի աթոռանիստն էր, և կրկնակի երդվեցին միաբան ու միախորհուրդ լինել և պատերազմել