Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտնել վրաց աշխարհը: Նաև այն վրացիները, որոնք փախել, ամրացել ու տեղահան են եղել երկրի ամուր վայրերում, լեռնախոռոչներում, դժվարագնաց տեղերում, ձմեռային ժամանակի ցրտի ու ձյան խստությունից ու սովի և այլ կարիքների նեղությունից չկարողացան դիմանալ ցրտին ու մնալ ամրոցներում, այլ դառնան իրենց բնակավայրերը՝ ձիընթաց տեղերը, որպեսզի դյուրին լինի պարսից հափշտակող ու ավարիչ զորքերին ձիով շարժվել և նրանց ավարի ենթարկել։ Հետագայում գործի կատարումը ըստ նրա նախապես արված խորհրդի եղավ։

Իսկ երբ վրացիները լսեցին շահի իրենց վրա գալու մասին, սկսեցին մտահուզվել դեպքերի ելքի համար: Երկու թագավորներն էլ մտածեցին իրար հետ միաբանվել, Լավասափը, որ Թիֆլիսի ու Քարքթլիի տերն էր, և Թամրազը, որ Կախեթի ու Գրիմի տերն էր, որպեսզի իրար օգնելով կարողանան պարսիկներին դիմադրել։ Այս պատճառով Լավասափն ու յուրայինները (մարդ) ուղարկեցին Կախեթ և Թամրազին կանչեցին Թիֆլիս միաբանության համար։ Իսկ Թամրազը բաժանման և երկատման վնասը շատ անգամ էր կրել. նաև պարսիկների պատաճառած վիշտն ու թշնամանքը, որ բազմիցս արել էին նրան, գիտեր և հոգաչափ հոժար էր միաբանության համար։ Այս պատճառով վեր կացավ եկավ Թիֆլիս: Սրա Թիֆլիս գալը անպատմելի ուրախություն պատճառեց Լավասափին և յուրայիններին։ Նրանք ուխտ ու դաշինք կնքեցին լինել միաբան ու միախորհուրդ, անձերը դնել իրար համար և մեռնել հանուն Քրիստոսի անվան։

Այս օրերին, երբ Թամրազը Թիֆլիս եկավ, շահի լրտեսները ինչ որ տեսան ու լսեցին, գնացին, լուրը տարան Շահ-Աբասին։ Եվ ընկած[1] սադայելի հոժարակամ կամակատար Շահ-Աբասը նյութ քաղեց սրանից. նորագյուտ հնարներ է ստեղծում քրիստոնյաների թագավորության կործանման ու երկպառակության համար։ Քանզի մինչ իր բանակով տեղավորված էր Գանձակ քաղաքում, այստեղից էլ սկսեց գայթակղիչ ու խաբեբայության նամակներ ուղարկել, ինչպես

  1. Ընկած սադայելը սատանան է, որին իբրև թշնամու ըստ ավանդության աստված երկնքից ցած գցեց։