Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսիկների դեմ։ Այս ամենը այսպես եղավ․ պարսիկների նամակաբերները, որ հայտնի եկել էին, լրտեսները, որ ծածուկ էին եկել, գնացին, պատմեցին շահին, իսկ նա խոցված էր սրտով ու հոգով։ Ինքը քանի անգամ խնդրեց այն աղջկան և այսքան զորքով նրա համար եկավ, իրեն չտվին, այլ տվին Թամրազին։ (Շահը) կանչեց գավառապետին ու ասաց նրան. «Այս բոլոր զորքերով մեզ բերիր մինչև այստեղ, և այն աղջիկը, որի մասին խոսում էիր, ահա տեսար, ինձ չտվին, այլ տվին իմ թշնամուն, որ իմ ծառաներին հազիվ թե հավասարվի։ Արդ՝ ինձ ծաղր ու ծանակ արիր աշխարհի առջև, և եթե ինձ չտանես մտցնես վրաց երկիրը, չգրավես, իմ ձեռքը տաս նրանց աշխարհը, դու իմացիր, որ կենդանի չես մնալու, այլ մաս առ մաս բաժանվելու է քո ողջ մարմինը»։ Գավառապետը պատասխանեց. «Եթե քեզ չտանեմ այն երկիրը, այդպես կանես, իսկ եթե տանեմ, ի՞նչ կանես»։ Շահը նրան ասում է. «Իմ բոլոր խորհրդական ու առաջին նախարարների բուն գլխավորն ու նախապատիվը և ամենից գերագույնը դու ես լինելու»։ Եվ գավառապետի խորհրդով համբերեցին մինչև դեկտեմբեր ամիսը, մինչև ավագ տոները[1]։ Երբ եկավ հասավ ձմեռ ժամանակը, ու ցուրտը սաստկացավ, ձյունը եկավ ծածկեց լեռների գագաթներն ու փախուստի ճանապարհները, իսկ ամրոց մտած մարդիկ ցրտից նեղված իջան շեներն ու գյուղերը, ծառերի տերևները թափվեցին, որ ամեն տեղ աչքերի ակներև տեսանելի եղավ,— ապա գավառապետը շահին ասաց. «Արդ ահա այժմ գնանք վրաց աշխարհը, որովհետև հիմա է ժամանակը»: Եվ Գանձակ քաղաքից շարժվեցին եկան Կախեթի սահմանները, որ Թամրազի երկիրն է։

Կախեթի երկրի ճանապարհը ձորով էր մտնում, ձորով անցնում, ապա մտնում էին երկիրը, և ձորը նեղ էր ու անձուկ, իսկ վայրերը դժվարագնաց. ձորի երկու կողմերը բարձրանում էին քարավեժ լեռներ՝ ծածկված մացառուտով և թավ և մայրիներով, սրանցով մարդ ու ձի չէին կարող գնալ։ Թամրազն

  1. Ավագ տոներ ասելով Դավրիժեցին հասկանում է Քրիստոսի ծնունդը, Բարեկենդանը, որ այն ժամանակ՝ հին տոմարով, ընկնում էին դեկտեմբերի վերջերին։