Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու Լավասափը եկան մեծ զորքով բռնեցին ձորի բերանը և ամուր քարով ու փայտով պարիսպ կանգնեցրին։ Ներսի կողմից շինեցին ճակատամարտի տեղ, որտեղից իրենք ներսում մնալով կռվելու էին դրսից եկող թշնամու դեմ։

Իսկ պարսից բանակը արձակ վայրում, ձորի հանդեպ բանակել էր։ Երբ պարսիկները տեսան, որ վրացիները բռնեցին ճանապարհի անցքը, ճարահատ տարակուսանքի մեջ ընկան։ Շահը դարձյալ կանչեց գավառապետին և մահու սպառնալիք կարդաց, գավառապետը ինքն էլ տարակուսանքի մեջ էր։ Երկու օր հետո գավառապետը շահին ասաց. «Ես մտածելով ինչ-որ կողմով ճանապարհ գտա, բայց երկու օրվա ճանապարհով հեռու է այստեղից, նախ պետք են կացնավորներ, բահավորներ, մուրճավորներ, որ անտառը կտրատեն և դժվարին տեղերը հարթելով հեշտացնեն»: Երբ շահը այս խոսքը լսեց, ցնծաց մեծ ուրախությամբ, իր զորքերին հրամայեց՝ առնել շատ կացիններ, բահեր և այլ գործիքներ, գնալ տեղը և ճանապարհ բանալ։ Եվ նրանք գնացին, կտրատեցին անտառը, դժվարին տեղերը դարձրին դյուրին և ճանապարհ բացին, ապա եկան շահին իմացրին, թե կատարվեց այն, ինչ որ հրամայեցիր»:

Եվ շահը իր բանակին հրամայեց, որ մինչև այդ ժամը ինչպես որ կազմված, կառուցված, խփված էին վրանները, և ուղտ, և բեռնակիր անասուններ, և բանակի մատակարարները և այն ամեն ինչ, որպես նախօրոք գտնվում էին, այդպես էլ մնան իրենց տեղերում, որ վրացիները կարծեն, թե պարսից զորքերը տակավին այնտեղ են։ Բայց միայն կռվող զորքը իր ռազմի զենքերով ու ձիանքով գաղտ ու թաքուն ելնեն, գնան բացված ճանապարհով, մտնեն Կախեթի երկիրը։ Այնժամ պարսից կռվող զորքերը ելան գնացին, նոր բացված ճանապարհով մտան Թամրազի երկիրը, հասան շեներն ու գյուղերը և սկսեցին անխնա կոտորել վրացիներին։ Իսկ Թամրազն ու Լավասափը, որ վրաց զորքերով նստած էին ձորաբերանին, չգիտեին պարսից գործողությունների մասին, մինչև որ անսպասելի տեսան մի մարդ՝ գլուխն ու մարմինը վիրավորված ու ողջ հասակով մեկ արյամբ թաթախված, որ փախել էր պարսից կոտորածից և գուժկան ու բոթաբեր էր եկել պարսիկների գալու և վրաց երկիրը մտնելու մասին։ Երբ