Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր գավառներն ու գյուղերը և բարձր ձայնով շատ օրեր հայտարարեն ու ասեն, հզոր, խաղաղասեր ու աշխարհաշեն Շահ-Աբաս թագավորից հրաման կա, որ Կախեթի երկրի բոլոր բնակիչները՝ թե իշխաններ, թե հեծյալներ, թե արհեստավորներ, թե ռամիկ ժողովուրդ, ամեն ոք, որ ելել ամրացել է լեռներում, անտառներում, բերդերում և ամեն ամուր տեղերում, ետ դառնան և գան իրենց բնակատեղերն ու բնակավայրերը, մնան խաղաղությամբ, կասկած ու երկյուղ չունենան պարսից զորքերից, որովհետև թագավորը նրանց հրամայել է՝ ոչ ոքի չնեղել, երկրի ժողովրդից ոչ ոքի չչարչարել, որ կգան ի հնազանդություն շահին և կլինեն շահասեր [թագավորասեր]․ նրանց որևէ վնաս չի լինի, այլ կապրեն խաղաղությամբ։ Իսկ նրանք, որ համառելով չեն հնազանդվի թագավորի հրամաններին, թագավորը նրանց դեմ մեծ զորք է ուղարկելու, որոնք նրանց ամրոցները գրավելով կավերեն, իսկ իրենց կսպանեն, ընտանիքները կգերեն և ունեցվածքը կհափշտակեն։ Արդ՝ ելեք ամրոցներից, եկեք հնազանդության և եղեք շահասեր և մնացեք խաղաղության մեջ։ Իսկ իշխաններից և նշանավոր անձերից ով ավելի վաղ գա, թագավորը նրան շնորհելու է փառք ու պատիվ, բազում պարգևներ և իշխանական կառավարչություն։

Իսկ Կախեթի երկրի բնակիչները երբ լսեցին մունետիկների հայտարարության խոսքերը, ոմանք խաբվելով հավատացին, եկան, եղան շահասեր, ոմանք սպանության ու գերության երկյուղից եկան և եղան շահասեր, ոմանք էլ տեսան, թե այսինչ ամրոցը գրավեցին և ամրոցում բնակվողների նկատմամբ արին սպանություններ ու գերություն, ահաբեկվեցին ու ահալցվեցին, թե միգուցե իրենց ևս այդպես պատահի․այս պատճառով ամրոցներից իջան, եկան եղան շահասեր։

Նաև շահը հրամայեց, որ շահասեր եղածները բնակեցնեն յուրաքանչյուրին իր շենում և բնակատեղիում և մեծ բարիքների հույսով ու քաջալերությամբ խոսեն նրանց հետ, և նրանց անունները՝ տղամարդկանց ու կանանց, ուստրերին ու դուստրերին և ամեն ընտանիքի գրանցեն թղթի վրա ու պարսիկները իրենց մոտ պահեն։ Նաև նրանց վրա պարսից զորքերից պահակներ նշանակեցին ամեն տեղերում, որովհետև