Էջ:Arakel of Tabriz, History.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գուցե մեկը նրանցից փախչի այլ տեղ։ Բայց խաբում էին նրանց և ասում էին. «Այն պատճառով ենք ձեզ վրա պահապաններ գնում, որպեսզի պարսիկներից ոչ ոք ձեզ չնեղի, կամ ձեր ունեցվածքը չհափշտակի»: Եվ ովքեր եկան շահասիրության, այդպես արին, ինչպես որ պատմեցինք։

Իսկ նրանք, որ չեկան, այլ մնացին իրենց ամրություններում, պարսիկները գնացին նրանց ամրոցների վրա և շատ օրեր տեսակ-տեսակ հնարամտություններով կռվեցին ամրոցների դեմ, մինչև որ հաղթելով գրավեցին ու սրածելով անխնա կոտորեցին, որ համարում էին, թե բարի պաշտամունք են մատուցում աստծուն ըստ տիրոջ վկայության։ Ապա ունեցվածքները կողոպտելով ավարում էին, իսկ մնացած կանանց, մանուկներին գերելով բերում էին իրենց բանակատեղը։ Եվ ինչպես ասացի, հիսուն օր մնացին այնտեղ, ամրոց չմնաց, որ չգրավեին և կամ տեղ, որ չավերեին. և միանգամայն ամենալի, հուռթի ու բազմամարդ Կախեթի և Գրիմի երկիրը ավերի ու ոչնչացման ենթարկեցին։

Եվ Կախեթի ու Գրիմի եկեղեցիների անոթները, սրբությունները՝ խաչ, սկիհ, ավետարան, բուրվառ, շուրջառ և այլ անոթներ ու սրբություններ, որոնք մեծարժեք ու թանկագին էին և զանազան ընդելուզումներով, ակներով, մարգարիտներով հորինված էին, շահը սրանց համար հրամայեց, որպեսզի չջարդոտեն, այլ տանեն Սպահան քաղաքը և դնեն արքունի գանձարանը։ Դրանք այնտեղ արքունական գանձարանում են մինչև այսօր, որ մեր ազգականերից [հայերից] շատերը վկայեցին այդ սրբություններին ականատես լինելով։ Նաև Քրիստոսի անկար պատմուճանն են ուրիշ սրբությունների հետ այնտեղից տարել և գտնվում է Սպահան քաղաքի նույն գանձարանում, ուր դեռևս լույս են վառում նրա առջև. այս խոսքեր ասողները իրենք իրենց աչքերով տեսել էին, իսկ դրանք վստահելի մարդիկ էին։

Այդ երկրի բազմաթիվ ավերումներից հետո շահը շարժվեց այնտեղից և եկավ երկու երկրների՝ Կախեթի ու Քարթլիի սահմանը և այնտեղ բանակ զարկեց։ Հրամայեց իր զորքերին՝ չնեղել ու չչարչարել Քարթիի երկրի բնակիչներից որևէ մեկին. իսկ եթե պարսից զորքերի, մարդկանց և անասունների կարիքների համար որևէ բան պետք գա,