գավառացիներից փողով գնեն և ըստ վաճառողի պահանջի վճարեն գինը։ Նաև շահը հրամայեց, որ մունետիկներ ելնեն շրջեն Քարթլիի բոլոր գավառները և բարձրաձայն հայտարարեն, թե հրաման է մեծ ու աշխարհաշեն թագավոր Շահ-Աբասից, որ Քարթլիի երկիրը իր բոլոր բնակիչներով՝ իր իշխաններով ու ռամիկներով խաղաղության մեջ մնան, իսկ նրանք բոլորը, որ ելել են բերդերն ու ամուր տեղերը պարսից զորքերից երկյուղելով, այսուհետև թող չվախենան ու կասկած չունենան, այլ իջնեն իրենց բնակավայրերը և զբաղվեն իրենց գործերով, շինարարությամբ, և սեր, խաղաղություն ու երթևեկություն լինի պարսից ու վրաց ազգերի միջև, քանզի Քարթլին իմ երկիրն եմ համարում և չեմ ավերի ինձ ու Լավասափ թագավորի համար, որովհետև նրան ինձ որդի, եղբայր ու բարեկամ եմ համարում, և երբ նա գա, նրա երկիրը իրեն եմ հանձնելու, իսկ ես գնալու եմ իմ երկիրը։ Արդ՝ եթե Լավասափ թագավորը կամենա և դա այդպես եմ անելու, իսկ եթե չգա, ահա գավառապետը, որ Քարթլի երկրից է վրաց ազգից և մեզ հետ է Քարթլի երկիրը կհանձնեմ գավառապետին, իսկ ես կգնամ իմ երկիրը։
Նաև շահը պատվիրեց գավառապետին, որ նա իր ծառաներից ուղարկի երկրի բոլոր վայրերը, որպեսզի սույն օրինակով խոսեն գավառների բոլոր բնակիչներին նրանց հավատացնելու համար։ Նաև գավառապետին էր խաբում դատարկ ու գայթակղիչ հույսով՝ ասելով «Լավասափը թե գա, թե չգա, քեզ եմ տալու Քարթլիի իշխանությունը»։ [Այսպես էր խոսում] որ գավառապետի ծառաները նույնպես խոսեին գավառացիների հետ։ Եվ այս ձևով սուտ ու գայթակղիչ խոսքերով խաբեցին բոլոր գավառացիներին, որոնք ոչ կռվով, ոչ խռովությամբ, այլ սիրով ու խաղաղությամբ բոլոր գավառացիներին համոզեցին, իջեցրին ամրոցներից և բնակեցրին գյուղերում։ Սրա հետևանքով պարսից բանակի բոլոր կարիքները հոգացվում էին՝ մարդկանց ու անասունների, և ոչ մի կողմից պարսից զորքին վտանգ չէր սպառնում, այլ բոլոր կողմերից գտնվում էին խաղաղության ու անդորրության մեջ։
Բայց Քարթլի երկրի բնակիչները երկյուղով կասկածում էին, թե գուցե չգա Լավասափը. և այդ քենի պատճառով շահը հրամայի իր զորքերին ավարել ու գերել Լավասափի