Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանության երկիրը։ Այս բանը պարսից զորականները նույպես ասում էին և խոսում գավառացիների հետ. այլև ասում էին. «Եկեք դուք էլ գրվեցեք շահասեր, որպեսզի գերության չմատնվեք, ինչպես Կախեթի ժսղովուրդը, որովհետև ովքեր շահասեր գրվեցին, գերության չմատնվեցին»։ Այս պատճառով Քարթլի երկրից շատերը եկան գրվեցին շահասեր, և ովքեր շահասիրության էին գալիս, իրենց և իրենց ընտանիքի բոլոր անդամների անունները գրում էին թղթի վրա, և պարսիկները պահում էին իրենց մոտ։ Իսկ արձանագրված շահասերներին բնակեցնում էին յուրաքանչյուրին իր տեղում մեծագույն բարիքների ու խաղաղության հույսով։

Եվ մինչդեռ շահը նստում էր երկու երկրների սահմանի վրա, նոր հնարամտություններ արեց։ Իր խորհրդականներից մեկին, որ ավելի մեծ իշխան էր ու փառքի արժանացած նախարար՝ Սաբու խոջա անունով, նշանակեց խաղաղության դեսպան և սիրալիր նամակով ուղարկեց Պաշիաչուխ Լավասափի մոտ. պատգամագիրը հետևյալ ձևով էր.

«Արյաց Շահ-Աբաս արքայից բազում սիրով ողջույն թող հասնի Վրաց Լավասափ արքայիդ։ Շատ անգամ քեզ սիրով գրեցինք և ցույց տվինք մեր սրտի քո նկատմամբ եղած բարեկամությունը, բայց դու չանսացիր, չհավատացիր մեր խոսքերին։ Արդ՝ ահա գործից նկատի ունեցիր և հավատա, ինչպես որ տեսնում ես, Թամրազի երկիրը ավերեցի, իսկ քոնը ահավասիկ շեն ու ամբողջական պահել եմ քեզ համար և սպասում եմ քո գալստյանը։ Արդ՝ մի դանդաղիր գալուց և անմիտ ու անխելք խրատատուներին մի՛ լսիր և քեզ թագավորությունից զրկիր․ քանզի իմ սրտում ոխ ու նենգություն չկա քո նկատմամբ, ինչպես որ դու բնավ ոչ մի վնաս չես արել ինձ։ Իսկ քո գալը նրա համար եմ խնդրում, որովհետև ինչպես մեր նախնիների ժամանակ միաբանություն կար երկու ազգերիս միջև, այնպես էլ կամենում եմ, որ մեր ժամանակներում լինի։ Եվ մենք հյուսիսային բոլոր կողմերը, որ Արաքս գետից այս կողմն են, հանձնենք քեզ, որ դու լինես վերակացու և հրամայող այս կողմերի բոլոր իշխանների վրա, որպեսզի քո այս կողմերի հոգացությամբ և մենք անհոգ լինելով՝ մյուս կողմերը հոգանք և թշնամիների դեմը առնենք, ողջ եղիր»: Այս նամակը գրեց, տվեց Սաբու խոջային և այլ