Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խարդախության շատ խոսքեր ու հնարամտություններ, որ ամբարել էր իր սրտում, բանավոր պատվիրեց նրան, թե ինչ հնարքով ուզում է լինի, համոզիր Լավասափին գալու շահի մոտ: Իսկ Սաբու խոջան գնաց Պաշիաչուխ։ Հանդիպեց Լավասափին, մատուցեց ողջույնն ու նամակը: Երբ նամակը կարդացին, հասկացան, որ բոլոր խոսքերը սուտ են. թե Լավասափը, թե մայրը, թե քույրը և թե Թամրազը չհամաձայնեցին։ Թեպետ Սաբու խոջան բազում ու զանազան կերպերով հորդորում էր Լավասափին, սակայն չհավատացին։

Օրեր հետո շահի խոսքերին պատասխան դրեցին հետևյալ ձևով. «Թե ճշմարիտ են քո խոսքերը, և ստույգ կամենում ես, որ մեր միջև բարեկամություն լինի, ահա քո սիրո ու խաղաղության նշանը թող այս լինի. որ դու շեն ու ամբողջ թողնես մեր երկիրը, և մեր ժողովուրդը մնա իրենց տեղերում, իսկ դու քո փոխարեն քո իշխաններից մեկին թողնես այդտեղ, որպեսզի ամեն սեր ու միաբանություն և դաշնագրություն, որ դու կամենում ես, նրա միջոցով քեզ հետ հաստատենք, իսկ դու մեր երկրից ելնես, գնաս, մենք գանք մեր երկիրը տիրենք և քեզ հետ մնանք սիրո ու միաբանության մեջ. ողջ եղիր»։

Շատ հնարամիտ խոսքերից հետո, երբ Սաբու խոջան տեսավ, թե չհավատացին, Լավասափի նամակը առավ, եկավ շահի մոտ, նրան հայտնեց բոլոր խոսքերը և նրանց հաստատակամությունը։

Շահ-Աբասը այս պատասխանը լսելուց հետո ամբողջ բանակով շարժվեց, եկավ Գորիից վերև ճանապարհի վրա, որպեսզի գնա Պաշիաչուխ և այնտեղ ճանապարհի վրա բանակեց։ Այս տեղում բանակելու պատճառը հետևյալն է, որպեսզի եթե վրաց ազգից մեկը՝ իշխան կամ ռամիկ, կամենա փախչել ու գնալ Պաշիաչուխ, չկարողանա գնալ։

Այստեղից շահը Սաբու խոջային կրկին ուղարկեց Լավասափի մոտ խոսքով ու նամակով, որ գուցե խաբվի, գա, բայց չեկավ: Երրորդ անգամ նույն Սաբու խոջային ուղարկեց Լավասափի մոտ, դարձյալ չեկավ։

Շատ գնալ-գալուց ձանձրացան Լավասափն ու յուրայինները։ Վերջին անգամ Սաբու խոջայի նկատմամբ անարգալից գործ արին, որպեսզի շահը նրանց մոտ այլևս դեսպան