Էջ:Arakel of Tabriz, History.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[1658] տարին է, երբ գրում ենք պատմությունս, այս վրացիք բոլորն իրենց հավատը ուրացան, դարձան մահմեդական և այնքան դաժան ու դահիճներ էին քրիստոնյաների համար, որ երբ որևէ ճանապարհի մենք նրանց պատահելիս բարևում ենք, մեր բարևը չեն առնում, բարև առնելը մեղք են համարում իրենց համար։ Նաև հայհոյելով անարգում են իրենց հայրերին ու նախնիներին, թե նրանք անհավատներ էին և անհավատ մեռան։ Նաև իրենց նոր հավատի վրա գոհանում են աստծուց, թե այս է ճշմարիտ հավատը, որ այժմ ստանձնեցինք։ Այլև վրացի այս ժողովրդից այն ժամանակ, երբ նոր բերին Սպահան, մի մասը բաժանեցին և առաջ քշելով՝ տարան Շիրազի գավառը և այն գավառը, որ անվանում են Ասուփաս. սրանք նույնպես պեսպես ձևերով սպառվեցին, իսկ մնացած բոլորը միանգամից ընդունեցին Մահմեդի անօրեն կրոնը։

Այն ժամանակ, երբ շահը Թիֆլիսում էր և իր մոտ էր պահում Լավասափին, այդ պատճառով խնդում ու բերկրանքով ուրախանում էր, որ նրան իր ցանցը գցեց. բայց Թամրազի համար տխրում էր, որ չկարողացավ բռնել, նրա համար մտորում էր իր սրտի մեջ, գետաձիու խշտու վրա, թե ինչպես կարողանա կորցնել նրան։

Այդ պատճառով և նրա համար հնարում է մի այսպիսի որոգայթ, մի մարդու համոզեց և ուղարկեց Պաշիաչուխ, նրան մատնացույց արեց հնարավոր բոլոր միջոցները՝ հաստատ պատվիրելով, թե ինչ կերպ ուզում է լինի, Թամրազին ծածուկ կամ բացահայտ սպանի։

Եվ այս մարդուն, որ ծածուկ ուղարկեց Թամրազին սպանելու, իր նախարարներից թաքուն ու գաղտնի արեց, ոչ ոք չգիտեր։ Եվ այս մարդը գնաց հասավ Պաշիաչուխ. որոշ օրեր ելումուտ արեց Թամրազի եղած տեղը, դիտեց, տեսավ ամեն ինչ, ճանապարհը, տեղը, որտեղ գիշերը քնում էր Թամրազը, տեղը վերնահարկ էր, ուր փայտյա սանդուղքով ելնում-իջնում էին։ Եվ մի օր ծածուկ, որևէ մեկից աննկատ այդ մարդը սպասելով հսկեց գիշերը, որ գուցե Թամրազին սպանելու հարմար ժամ գտնի, և երբ կեսգիշեր եղավ, իմացավ, որ բոլորը քնել են, նաև գիշերապահ տղամարդիկ, որ քեշիկչիներ են կոչվում, քնել են, այդ մարդը գաղտ ու թաքուն