Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ և փայտյա սանդուղքով ելավ վերնահարկը, որտեղ քնած էր Թամրազը. սա տեսավ, որ վերնատան մի կողմում միևնույն անկողնում քնած էին երկու հոգի, նաև մյուս կողմում մի անկողնում նույնպես երկու հոգի էին քնած։ Եվ սրանք որ քնած էին վերնահարկում մի անկողնում, Թամրազն ու իր կինն էին, իսկ մյուս անկողնում երկու աղախիններն էին, որոնք սպասավորության համար նրանց մոտիկ քնած էին մի անկողնում։ Իսկ այն մարդը, որ եկել էր սպանության նպատակով, չկարողացավ ստույգ վերահասու լինել, թե նրանցից որ մեկն է Թամրազը։ Այս պատճառով մտածեց սպանության գործը այդ գիշեր թողնել և գնալ, իսկ առաջիկա օրերում կդիտի ստույգ կերպով, վերահասու կլինի, թե նրանցից որ մեկն է Թամրազը, ապա գալով նրան անվրեպ կտա կսպանի։ Բայց այս մտացրությունը աստված գցեց այն մարդու միտքը և դարձրեց նրան որպեսզի չսպանի քրիստոնյաների թագավորին, այլև շահի խարդախ չարությունը հայտնելով՝ նրան խայտառակեց։ Արդ՝ այս մտադրությամբ մարդը դարձավ վերնահարկից և սկսեց իջնել այն փայտյա սանդուղքով, որով եկել էր։ Եվ մինչդեռ մարդը իջնում էր, իր իսկ թուրը, որ կապել էր մեջքը, կպավ սանդուղքին, որից աղմուկ առաջացավ, աղմուկից գիշերապահների շունը արթնացավ ու սկսեց մարդու վրա հաչել, շան հաչոցից պահապանները արթնացան, տեսան մարդուն և շրջապատելով բռնեցին նրան։ Եվ նրանք, որ տեսան այդ մարդուն, բոլորը սարսափահար ապուշ կտրեցին։ Առավոտյան Թամրազը և իշխաններից ուրիշները այդ մարդուն կանչեցին իրենց առջև և հարցումով տեղեկացան։ Մարդը ամեն ինչ ստուգությամբ խոստովանեց, թե շահն է ուղարկել իրեն, թե կգնաս, Թամրազին կսպանես։

Այդ ժամանակ Թամրազը սրտի խորքից հառաչելով ասաց. «Արդ՝ եղբայրներ, տեսեք, շահը իմ երկու որդիներին ինձնից առավ տարավ իր մոտ և ներքինացրեց, իմ մորը տարավ, կորցրեց Պարսկաստանի խորքերում, այժմ իմ երկիրը ամբողջովին ավերեց, իմ ողջ ժողովուրդն ու ազգը գերեվարեց, իսկ ես միայն իմ գլուխը առա, փախցրի և գտնվում եմ պանդխտաթյան մեջ։ Բայց նա, այնուամենայնիվ, չի գոհանում, այլ դեռևս ձգտում է հեռվից ինձ էլ սպանել։ Արդ՝ նա, որ