Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնան քո իշխանության ներքո, իսկ քեզ վերակացու և հրամայող բոլորի վրա, որպեսզի բոլորը ամեն ինչ քո հրամանով կատարեն, ինչ որ արվելու է»։ Լավասափը սրան էլ համաձայնեց և շահի հետ գնաց մինչև Գանձակ։ Երբ այնտեղ Գանձակում շատ օրեր անցան, ոչ մի նշան չերևաց շահի այն խոսքերի, որ ասել էր նախարարներին, այլև չեն երևում իր արձակման նշան ու նշմարանք։ Այդ ժամանակ Լավասափը իր հոգում հասկացավ, թե հնարանքներով իրեն հանին իր երկրից, այլևս չեն թողնի գնալ իր երկիրը․ այս պատճառով Լավասափը գտնվում էր մեծ տրտմության ու մտածումների վարանքի մեջ, և թեպետ մտածում էր, բայց ոչ մի փրկության հնար չէր կարող գտնել։

Նաև բազմարվեստ հնարագյուտ Շահ-Աբասը իր նենգավոր կասկածների մեջ խորհում էր, թե միգուցե կամ գիշերը, կամ ցերեկը Լավասափը հարմար պահ գտնի, որևէ հնարքով փախչի։ Այս կասկածների պաճառով նոր հնարանքներ ստեղծեց հետևյալ ձևով։ Շահը Լավասափին պարգևեց մի թագ, որ իրենց գլխին իշխաններն են դնում։ Թագը խիստ ազնիվ, պատվական, գեղեցիկ մեծարժեք էր։ Թագը պարգևելիս Լավասափին սիրով պատվիրեց, թե միշտ երբ ինձ մոտ գաս, սա քո գլխին լինի։ Լավասափը շահի մոտ գնալիս միշտ այդպես էլ անում էր։

Օրեր հետո շահը իր գողերին, որոնց մշտապես իր մոտ էր պահում (սրանք հնարամիտ գողեր էին, պեսպես հնարանքների համար շահը սրանց իր մոտ էր պահում, ինչպես, որ այժմ արեց) պատվիրեց, որ թաքուն ու գաղտնի գիշերը մտնեն Լավասափի վրանը, գողանան հատկապես այն թագը և այլ իրեր։ Գողերը արին, ինչպես որ սովորեցին շահից, գողացան թագը և շատ բան նրա ունեցվածքից։ Եվ մի օր Լավասափին կանչեցին շահի մոտ ըստ մշտապես կանչի։ Երբ Լավասափը եկավ ու բազմեց, թագը նրա գլխին չէր, ինչպես առաջ լինում էր։ Շահը տեսնելով նրան՝ անգետ ձևանալով հարցրեց,— Ինչո՞ւ թագը գլխիդ չես դրել,— երբ լսեց, թե գողացել են, այդ ժամանակ շահը չքմեղ ձևանալով իբրև բարեկամ ու ցավակից մղկտաց, ափսոսաց։ Եվ ապա խոսքը դարձնելով իր նախարարներին, որոնք այնտեղ էին, բարկացավ նրանց վրա, հանդիմանեց, մահվան սպառնալիք