Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդաց և ասաց. «Ինչո՞ւ լավ հոգատարությամբ ու հնազանդությամբ ծառայություն չեք արել սրան և այնքան անհոգ ու ծույլ եք, մինչև իսկ գողեր են մտնում սրա վրանը և գողություն անում, մանավանդ այնպիսի նշանավոր թանկագին բան»։ Եվ այս ասում էր թագի համար։ Ապա ասաց. «Արդ՝ միգուցե մյուս անգամ գողերը գան, ձեր անհոգության հետևանքով գողանան այլ ինչքեր սրա ունեցվածքից, և մեզ կրկնակի ամոթ լինի։ Արդ՝ դուք պատրաստեցեք քաջ և զգուշավոր մարդիկ, որպեսզի ամեն գիշեր [կամ ամբողջ գիշերով] գիշերապահներ պահպանությամբ շուրջանակի պահպանեն վրանը, որ սրան որևէ վնաս չպատահի, ապա թե ոչ ձեզ բոլորիդ բնաջինջ կանեմ։ Նախարարները այսպիսի խստիվ հրամանները ընդունելուց հետո պահապաններ դրեցին նրա շուրջը, որոնք գիշեր-ցերեկ նրան զգուշությամբ պահում էին։

Շահը այսպիսի հնար արեց և Լավասափի վրա պահապաններ նշանակեց, որ միգուցե փախչի, և այսպիսի պահպանությամբ բերեց հասցրեց Թավրիզ, իր հետ տարավ Ղազբին, Ֆահրապատ, Սպահան և այնտեղից ուղարկեց Շիրազ քաղաքը նրան հսկողության տակ պահելու․ այնտեղ նույնպես պահապաններ նշանակեց նրա վրա, որոնք զգուշությամբ հսկում էին։

Այնպես եղավ, որ շատ տարիներ հետո ռուսաց թագավորից դեսպաններ եկան սիրո և շատ գործերի համար։ Այն օրերին շահը գնացել էր Սպահանի գավառը և նստած էր գետի ափին, որին Ավիքուրան են անվանում․ կամենում էր այդ գետի ջուրը բերել, խառնել Սպահանի գետին․ քանզի Սպահանի ջուրը քիչ էր. շատ արհեստավորներ ու բանվորներ աշխատում էին ջրուղու վրա, ինքը շահը ևս այս պատճառով այնտեղ էր տեղավորված։ Ռուսաց դեսպանները այստեղ գալով հանդիպեցին շահին. շատ խնդիրներ անելու հետ խնդրեցին նաև Լավասափի համար, որպեսզի վերադառնա իր տեղը և մնա շահի հրամանի ու հնազանդության ներքո։ Խորամանկ խորհրդով Շահ-Աբասը խնդությամբ ընդունեց այդ խոսքը և հոժարությամբ ու զվարթությամբ հանձն առավ կատարել այդ խնդրանքը՝ Լավասափին ուղարկել իր տեղը։ Այս ձևով համոզելով դեսպաններին՝ ուղևորեց իրենց երկիրը։

Այս անցքերից հետո շահը իր առջև կանչեց այն իշխանին,