որին հանձնված էր Լավասափը. ասաց նրան․ «Էյ դու կորստյան ու սպանման արժանի, ինչո՞ւ ես թողել Լավասափին, որ մինչև այս ժամանակ կենդանի ապրի, որ այժմ սրանք գան, խնդրեն նրա ազատումը։ Արդ՝ եթե շուտափույթ չգնաս և չբերես նրա կորստյան լուրը, դու քոյիններով հանդերձ բնաջինջ ես լինելու։ Իսկ իշխանը, ստանալով այսպիսի հրաման, շտապ հասնում է Շիրազ քաղաքը և Լավասափի մոտ իրեն ձևացնում, թե սիրո ու խաղաղության համար է եկել։
Եվ օրերից մի օր ելան միասին՝ Լավասափն ու իշխանը գետեզրը զվարճանալու․ գետում սկսեցին ձուկ որսալ․ նախ պարսիկ իշխանը ձեռքն առավ ցանցը, որ պատրաստի գետը նետելու ձկան որսի համար․ ինքը դիտավորյալ անհարմար սարքեց ու ծուռ ու թեք ձգեց գետը՝ իրեն ցույց տալով, որ չգիտի։ Իսկ Լավասափը չունենալով մտքում որևէ կասկած, ոչ էլ իր անձի վերաբերյալ տարակույս, ցանցը առավ իշխանի ձեռքից, որպես թե ինքը երկրորդ անգամ ցանցը ավելի լավ նետի գետը, և մինչդեռ գլուխը կախ գցած ու խոնարհված ցանցի վրա իր ձեռքում ուղղում էր ցանցը, հետևի կողմից պարսիկ իշխանը հանում է սուրը, որ կապած էր մեջքից, բերում, հանկարծակիհ հարվածում է Լավասափի պարանոցին. հարվածից Լավասափի գլուխը անջատվեց իրենից, թռավ ընկավ հեռու։ Նույն պարսիկ իշխանը Լավասափի գլուխը առած բերեց նախապես հիշված Ավիքուրան կոչված տեղը՝ արքունի բանակը, շահի առջև: Շահը տեսնելով գլուխը և իմանալով, որ Լավասափի գլուխն է, իր սրտի դաժանությունից ցասումով ու բարկությամբ լցվեց գլխի դեմ, անարգեց, հայհոյեց և քամահրելով խփում և այս ու այնտեղ է ձգձգում։ Եվ շատ ժամեր սրտի ցասումից զբաղվեց գլխով, ապա բռնեց գլխի ականջից, շպրտեց հեռու, և գլուխը գլորելով գնաց զառիվայրով, քանզի տեղը զառիվայր էր։ Արդ՝ այսպես եղավ Թիֆլիսի Լավասափ թագավորի կյանքի վախճանը, որովհետև չարահնար Շահ-Աբասը այս ձևով կորցրեց նրան և նրա երկիրը գրավեց իր իշխանության ներքո։