Մինչ Թամրազ թագավորը իր Կախեթի երկրում էր, իր իշխանությունը վարում էր խաղաղությամբ և հնազանդվում պարսիկներին, քանի որ շահը տակավին չէր եկել վրաց երկիրը, փախցրել թագավորին և ավերել երկիրը, որը անցյալ գլխում պատմեցինք, այլ Թամրազը գտնվում էր իր երկրում, իսկ շահը Պարսկաստանում, շահը Թամրազի մոտ (մարդ) ուղարկեց և պատանդ պահանջեց. նա ուղարկեց իր որդիներից մեկին․ շահը մյուս անգամ կրկին պատանդ պահանջեց, Թամրազը մյուս որդուն էլ ուղարկեց, շահը երրորդ անգամ պատանդ պահանջեց, Թամրազը ուղարկեց իր մորը։ Իսկ շահը Թամրազի երկու որդուն էլ ներքինացրեց, որպեսզի նրանցից զավակ չծնվի, որ գուցե դառնա նրանց թագավորության ժառանգորդը։ Իսկ Թամրազի մորը ուղարկեց Պարսկաստանի խորքերը՝ Շիրազ քաղաքը Իմամղուլի խանի մոտ հսկողության տակ պահելու համար։ Եվ այսպես՝ Շահ-Աբասի հրամանով Թամրազի մայրը, որի անունն էր Մարիամ, գտնվում էր հսկողության տակ։ Բայց ժամանակներ անց նա նահատակվեց Քրիստոսի աստվածությանը. նույն Շահ-Աբասի ձեռքով քրիստոնեական հավատքի համար նահատակությամբ վախճանվեց հետևյալ պատճառով։ Որովհետև վրաց ազգից Պարսկաստանում կային այլ մեծատոհմիկ կանայք, որ պարսիկների կողմից գերված էին։ Նույնպես գերված էին պարսիկների կողմից նաև սրանց որդիները և նշանակված էին մեծ ու առաջին Շահ-Աբաս թագավորի ծառաներ, որովհետև նրանց մեծատոհմիկության համար դրանց մշտական սպասավորներ ու առաջակալներ էին նշանակել թագավորի համար։ Մի օր շահը ինչ-որ խոսք է խոսում այս ծառաների հետ և խոսքի մեջ փորձելու համար նրանց ասում է, թե ինչո՞ւ եք թողնում ձեր մայրերը մնան քրիստոնյա, որ ի վերջո կորուստ է, և չեք դարձնում Մահմեդի հավատին ու կրոնին, որի վերջը արքայության վայելչություն է։ Ծառաներն ասում են՝
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/120
Արտաքին տեսք