շատ ենք ասում, բայց չեն դառնում։ Արքան ասում է՝ ինչո՞ւ չեն դառնում, իսկ ծառաները քանզի երկյուղից անճար մնացին ու չիմացան, թե ինչ պատճառ բռնեն, կամ ինչ պատասխան տան։ Բայց նրանցից մեկն ասել է ոչ թե գիտակցաբար, այլ անգիտակցաբար, երբ մեր մայրերին ասում ենք, թե մահմեդական դարձեք, նրանք մեզ ասում են, Թամրազի մայրը քրիստոնյա է, մենք ինչո՞ւ մահմեդական դառնանք։
Այն ժամանակ խորամանկ Շահ-Աբասը այս խոսքը իր սրտում թաքցրել է և օրեր հետո իր իշխաններից մեկին ուղարկել է, որ արքայամորը կամ քրիստոնեությունից մահմեդական դարձնի, կամ տանջալից մահով կորցնի։ Եվ իշխանը գնացել է Շիրազ քաղաքը, կանգնել է արքայամոր դռան մոտ, կանչել է նրան և առանց երեսը տեսնելու, դռան դրսի կողմից խոսել է նրա հետ և ասել. «Թագավորի հրամանը այսպես է, որովհետև անհրաժեշտ է, որ դու մահմեդական դառնաս. եթե համաձայն ես, շատ լավ է, իսկ եթե համաձայն չես, լեզվովդ մի բան ասա, իսկ սրտումդ պահիր քո հավատը. մարդկանց աչքին ձևացրու իբր Մահմեդի կրոնն ես ընդունել, բայց ծածուկ քո հավատը դավանիր, որպեսզի մենք ազատ մնանք մեր խղճի տանջանքից․ որ քո կողմից է»։ Այսպիսի խոսք է ասում իշխանը և լալիս է Հերովդեսի դահճի նման, որ գնաց գլխատելու Հովհաննես Մկրտչին76։
Իսկ արքայամայրը ներսից ասաց. «Դու իմ եղբայր, և իմ որդի, ինչո՞ւ ես թաքուն խոսում ինձ հետ, եկ, դեմդիմաց խոսիր, որովհետև ես թագավորի դուստր եմ, թագավորի կին եմ և թագավորի մայր, ես ինքս թագավորություն եմ կառավարել իմ ամուսնուց հետո, մինչև որ իմ որդին չափահաս դարձավ, սակայն անցավոր ու դատարկ է այս աշխարհի մեծությունը. եթե քո թագավորը բովանդակ արարածների տերը լինի և բոլորի թագավորությունը ինձ տա, ես իմ Քրիստոս աստվածը չեմ ուրանա և չեմ փոխանակի նրա սիրո հետ, որ ունեմ նրա հանդեպ, իսկ դու ինչ որ անելու ես, դու գիտես»։
Արքայամոր հետ երկու վրացի քահանաներ և այլ ծառաներ ու աղախիններ կային, արքայամայրը դարձավ նրանց և ասաց. «Եթե ինձ անդամ առ անդամ կտրատեն, ես չեմ թուլանա Քրիստոսի սիրուց և չեմ դառնա միևնույն հավատից։