Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆահրապատ, մի մասին՝ Սպահան քաղաքը ու նրա գավառները։ Եվ այս գործը, այսինքն՝ հայոց ազգին քշել-տանելը, ոչ թե մի կամ երկու, կամ երեք անգամ արեց և դադարեց, այլ հավաստի գտա շատ մարդիկ, որոնք իրենք իսկ քշված էին, սրանց հարցնելով տեղեկացա նաև ձեռագրերի հիշատակարաններից, որոնք կարդացի, [իմացա], որ յոթից-ութ անգամ առանձին-աոանձին միմյանց հետևից քշել-տարել է։ Եվ այս Սպահան տարված ժողովրդից ոմանց շատերին առ ներկա օրերս տեղավորեցին իջևանատանը, այսինքն քարվանսարայում, որ կոչում են Գեշղունի իջևանատուն։ Եվ այս ժողովրդի անձինք միասին չէին եկել, այլ միմյանցից զատ-զատ, որի պատճառով երկու խմբի էին բաժանված. մի խմբի պետ ու գլխավոր Մելիք շահը նրանց վրա նշանակել էր նրանցից մի մարդու, որի անունն էր Մուրադ՝ Ղրխյալան մականունով, մյուս խմբի մելիք էր նշանակված Հովսեփ անունով մի մարդ, որին մականունով Ղարաբաշ Մելիք էին ասում։

Սպահան եկած հայ ժողովուրդը ջուղայեցիներից ու երևանցիներից բացի աղքատացավ, որովհետև, ինչպես ամենքին հայտնի է, Սպահան քաղաքում ամեն ինչ՝ թե ուտելիք, թե հագնելիք և թե այլ ինչ, սուղ է ու թանկ, այս պատճառով այդ եկած ժողովուրդը աղքատացավ, որովհետև ինչ ուներ ծախեց, կերավ։ Մանավանդ աղքատացան ժողովրդի հիշյալ երկու խմբերը, որոնք իրենց աղքատանալու ու սովելու պատճառով այստեղ-այնտեղ գնալով ում որ հանդիպում էին, պատմում էին իրենց աղքատությունը, մանավանդ պատմում էին իրենց վերակացու պարսիկ իշխանին ու նրա զինվորներին, որովհետև շահը իր իշխաններից մեկին նրանց վերակացու էր նշանակել դիտելու և իմանալու նրանց խոսքի ու գործի ամեն անցուդարձ, այլև գուցե Սպահանից դուրս գան գնան Ատրպատական կամ այլուր։

Եվ նրանց աղքատության լուրը վերակացու իշխանի միջոցով հասավ շահին. այդ վերակացուների անուններն են. ավագին՝ Աղաշահար, երկրորդին՝ Ուղուրլու, որոնց քրիստոնյաները աղաչեցին իրենց չքավորության մասին հայտնել շահին և խնդրել նրանից պետքերի, ուտելիքի և իրենց այլ կարիքների համար ինչք ու պարեն։ Իշխանները իմացրին, այդ պատճառով շահը կանչեց երկու խմբի մելիքներին և նրանցից